Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ո՞Վ ԿԴԱՌՆԱ ԲՈՀ ՆԱԽԱԳԱՀ

Սեպտեմբեր 25,2010 00:00

Նախկին նախագահ Արմեն Թռչունյանն աշխատանքից ազատվեց՝ այս հարցի պատասխանն այդպես էլ չիմանալով

\"\"
Ա. Թռչունյանի թափուր աշխատասենյակը:

Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նախագահ Արմեն Թռչունյանի գլխին մութ ամպեր կուտակվեցին, երբ անցյալ տարի հոկտեմբերին ՀՀ նախագահի վերահսկողության ծառայությունը ստուգումներ իրականացրեց նրա ղեկավարած կառույցում: Հայտնաբերվեցին բազմաթիվ աղմկահարույց խախտումներ, չարաշահումներ եւ այլն: Ընդհանրապես այս կառույցի աշխատանքի վերաբերյալ հասարակության մեջ, հատկապես գիտական շրջանակներում, վերաբերմունքը հիմնականում բացասական է: Մեծամասնությունը կարծում է, որ այն «փող ուտելու» օղակ է: ԲՈՀ-ի աշխատանքից դժգոհող գիտնականներից շատերն այն կարծիքին են, որ ԲՈՀ-ի գոյությունն անիմաստ է, մյուս հատվածն էլ անձնական հակակրանք ուներ հենց Ա. Թռչունյանի անձի հանդեպ: Նախագահի վերահսկողության ծառայության ստուգումներից հետո խոսվում էր ԲՈՀ նախագահ Արմեն Թռչունյանի հնարավոր հրաժարականի մասին, իսկ պարոն Թռչունյանը հրաժարականի դիմում է գրել, իր այդ քայլը հիմնավորելով գիտական գործունեությամբ զբաղվելու ցանկությամբ: ԲՈՀ-ի մեր աղբյուրները շարունակում են պնդել, որ իրականում հենց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն է պնդել հրաժարականի դիմում գրել: Այժմ ԲՈՀ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նախագահի տեղակալ Լիլիթ Արզումանյանը: ԲՈՀ-ում հավաստիացրին, որ իրենք դեռ չգիտեն, թե նախագահի թափուր պաշտոնում ով է նշանակվելու: Սկզբում շրջանառվել է Բժշկական համալսարանի դեկաններից մեկի անունը, բայց նա անձամբ հայտարարել է, որ չի պատրաստվում ընդունել այդ առաջարկը: Մեր տեղեկություններով՝ Ա. Թռչունյանը ԲՈՀ-ից հեռացել է բավականին նեղսրտած ու նյարդայնացած՝ հատկապես այն հանգամանքից, որ չի ստացել այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ են իրեն հեռացնում հենց այս պահին, երբ իր զբաղեցրած պաշտոնի համար կոնկրետ թեկնածու չկա: Փորձեցինք զրուցել Ա. Թռչունյանի հետ, սակայն նա չէր պատասխանում հեռախոսազանգերին: Այցելեցինք ԲՈՀ: Պարզվեց, որ պարոն Թռչունյանը մեր այցից րոպեներ առաջ է դուրս եկել իր նախկին աշխատատեղից, ուր եկել էր իրերը տանելու: Աշխատակազմից փորձեցինք մեկնաբանություններ ստանալ, սակայն նրանք գերադասեցին ոչինչ չասել: Նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Լ. Արզումանյանը միայն նշեց հետեւյալը. «Ութ տարի Արմեն Թռչունյանի հանդեպ գտնվել ենք բարոյական, եւ այժմ չենք ցանկանում այլ կերպ վարվել»:
«Առավոտը» ԲՈՀ նախագահի թափուր տեղի համար մրցույթի կազմակերպման մասին պարզաբանումներ ստացավ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանից: Նա տեղեկացրեց. «Քանի որ ԲՈՀ նախագահի պաշտոնը քաղաքացիական ծառայության պաշտոն է, ուստի կհայտարարվի բաց մրցույթ: Ժամկետները պիտի որոշի Քաղծառայության խորհուրդը»: Մեր այն հարցին՝ հնարավո՞ր է Ա. Թռչունյանին որեւէ այլ պաշտոն առաջարկեն, ինչպես դա եղավ աշխատանքից ազատված Մանկավարժական համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանի պարագայում, երբ նա նշանակվեց ԿԳ նախարարի խորհրդական: Ա. Բաղդասարյանը պատասխանեց. «Արմեն Թռչունյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել գիտական գործունեությամբ զբաղվելու հիմնավորմամբ, իսկ նախարարության ներսում գիտնականի այդ տեսակ գործառույթ չկա»: Հավելենք, որ Ա. Թռչունյանն այժմ մեկ դրույքով աշխատում է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում, իսկ «Առավոտի» «ակադեմիական» աղբյուրների փոխանցմամբ, ԳԱԱ-ում Ա. Թռչունյանի՝ աշխատանքից ազատվելու կապակցությամբ բոլորը շնորհավորում են միմյանց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել