Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ռուբեն Ներսիսյանի նախագահությամբ, ընթացավ կարճատեւ դատական նիստ: Շարունակվեց այս տարվա ապրիլի 9-ից աշխատանքից ազատված բժշկուհի Կարինե Մինասյանի հայցի քննությունը՝ ընդդեմ առողջապահության նախարարության «Մոր եւ մանկան առողջության պահպանման» ՓԲԸ-ի:
Երեկ հայցվորը ավելացրեց իր հայցապահանջը, միջնորդեց, որպեսզի պատասխանող կազմակերպությունը դատարան ներկայացնի 2003-2010թթ. ժամանակահատվածում իրեն վճարված աշխատավարձի, հավելավճար-պարգեւավճարների մասին տեղեկանք: Չնայած պատասխանող կողմի ներկայացուցիչն առարկեց, թե այդ տեղեկատվությունը հասու է հայցվոր-բժշկուհուն, սակայն դատարանը բավարարեց այս միջնորդությունը: Բաժնետեր բժշկուհին ասաց, որ ինքը տարբեր ամիսների տարբեր չափով է վճարվել, աշխատավարձ չի ստացել, այլ՝ հավելավճար, եւ հետեւաբար չէր կարող ծանոթ լինել պահանջվող տեղեկատվությանը: Դատարանը հետաձգեց դատական նիստը՝ մինչ կողմերը կներկայացնեն եւ կծանոթանան դատարան բերվելիք փաստաթղթին: