Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խոշտանգում չի եղել

Սեպտեմբեր 25,2010 00:00

Պատմում է Էրիկ Եղինյանի մայրը

24-ամյա Էրիկ Եղինյանը 2009թ. ապրիլի 30-ից մինչ օրս գտնվում է «Վանաձոր» ՔԿՀ-ում: Նրան մեղադրում են ընտանիքի անդամների նկատմամբ խոշտանգում կատարելու մեջ: Գործը հասել է մարզի դատարան: Եթե Էրիկը դատապարտվի, ապա նրան սպասում է 3-7 տարվա ազատազրկում:
45-ամյա Գ. Շահինյանը Էրիկ Եղինյանի մայրն է: Ասում է, որ Էրիկը նման բան չի արել, չի խոշտանգել. «Էրիկը խոշտանգում չի կատարել, դա քննիչի դրած հոդվածն է, որպեսզի որդիս դատապարտվի՝ իրենց այդպես էր պետք»:
Այս պատմությունն սկսվել էր դեռ 2008 թվականից: «Մարտի 1-ի դեպքերի հետ կապված, Էրիկն ինչ-որ խնդիրներ է ունեցել ոստիկանության հետ, դա արդեն պատճառ էր, որ ոստիկանները նրան  ընտանիքի դեմ լարեին: Այդ ընթացքում ստիպված տարաձայնություններ եղան: Ոստիկաններն ասում էին, որ Էրիկի ամեն մի քայլը իրենց տեղյակ պահենք, մենք էլ, հավատալով ոստիկաններին, պարբերաբար տեղեկություններ էինք տալիս՝ ուր է գնում, ինչով է զբաղվում, թեպետ ինքը վատ բանով չէր զբաղվում: Բայց եւ այնպես Էրիկին  դուր չէր գալիս, որ իր ամեն մի քայլը գրանցվում է ոստիկանությունում: Դրանից ելնելով, գալիս էր տուն, տարաձայնություն, վեճ էր լինում ընտանիքում, ասում էր՝ ինչի՞ եք գնում ոստիկաններին իմ մասին տեղեկություն տալիս: Ոստիկանների այդ քայլը մեր որդուն մեր դեմ հանելու միջոց էր, որով կարող էին նրան կալանավորել: Մենք գնում էինք ոստիկանություն, ասում՝ եթե մենք ձեզ բան ենք ասում, դուք Էրիկին մի ասեք, որովհետեւ դրանից հետո ինքը գալիս է տուն, մեզ հետ կռիվ է անում: Ասին՝ դե  գրեք, որ կռիվ է անում, անհանգստացնում է ձեզ, հարկ եղած դեպքում բռնություններ է գործադրում: Այդ ամենը, իհարկե, գրվել է նրանց թելադրանքով: Ասում էին, որ վտանգավոր ոչինչ չկա, դա ուղղակի նրան վախեցնելու ձեւ է, որ վախենա՝ կռիվ չանի: Էրիկն իմանում էր, ավելի էր զայրանում, գալիս էր տուն, ասում՝ ես ձեզ  ծեծո՞ւմ եմ, որ գնում եք հաղորդում գրում, ինձ միլիցիայի բերանն ինչո՞ւ եք գցում»,- եզրափակելով իր խոսքը՝ ասում է մայրը, հավելելով, որ խոշտանգում չի եղել,  ուղղակի եղել են  տարաձայնություններ, որոնք ամեն ընտանիքում էլ առկա են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել