Ինչպես արդեն տեղեկացրել էինք, սեպտեմբերի 17-ի գիշերը հրդեհ էր բռնկվել «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի Քոչարի մասնաճյուղում
Փրկարարները՝ «ՍԱՍ»-ի դիմաց:
Ոստիկանները հետեւում են աշխատանքներին:
Փոխգնդապետ Մ. Ավետիսյանը վանսվածք է ստացել:
Արշակ Խաչատրյանը եւ Երվանդ Հովհաննիսյանը:
Երեկ մեզ հայտնի դարձավ, որ մինչ փորձագետները կճշտեին հրդեհի հիմնական պատճառներն ու նյութական վնասի չափը, ոստիկանության Կենտրոնի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ տեղի ունեցածը հրկիզում է:
Տեղեկացնենք, որ դեպքի վայրում առաջին իսկ րոպեներից ներկա էին ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանն ու պարեկապահակային ծառայության պետ Վալերի Օսիպյանը:
«Առավոտի» տեղեկություններով, նախորդ օրը ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կենտրոնի քննչական բաժնի քննիչը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան, որպեսզի 2 ամսվա կալանք ընտրվի Սարի թաղի 2-րդ փողոցի բնակիչ՝ տնտեսագիտական համալսարանի ուսանող, 18-ամյա Երվանդ Վարուժանի Հովհաննիսյանի նկատմամբ: Իսկ նրա գործընկեր Արշակ Արթուրի Խաչատրյանը ստորագրությամբ բաց է թողնվել:
Ըստ նախնական վարկածի, Ե. Հովհաննիսյանը մեղադրվում է այն բանում, որ նախապես համաձայնության գալով «ՍԱՍ-ի» աշխատակից, Ավան-Առինջի 1-ին միկրոշրջանի բնակիչ, իր կուրսի ուսանող Արշակ Արթուրի Խաչատրյանի հետ, վերցնելով Արշակից կրակայրիչը, մտել են «ՍԱՍ-ի» պահեստային մաս եւ այրել վերելակի մոտ կախված ցելոֆանները:
1-ին փորձը հաջողությամբ չի պսակվել, նա երկրորդ անգամ է կրկնել նույն գործողությունը: Չանցած 10-15 րոպե՝ հրդեհը տարածվել է պահեստային մասով:
Շարժառիթը թերեւս հստակ չէ, կա վարկած, թե սոցիալական վրեժխնդրությունն է նրանց դրդել «լավ ապրողների դեմ» ուղղված այդ քայլին:
Հարուցվել է քրեական գործ՝ 185 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Հիշեցնենք, որ մենք նաեւ տեղեկացրել էինք, որ ճակատին վնասվածք էր ստացել ԱԻՆ փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի պետ, փոխգնդապետ Մ. Ավետիսյանը: Մեր տեղեկություններով, նույն օրը բուժօգնություն ցույց տվող բժիշկը նրա ճակատից հանել է «շիշման», ինչը, ըստ մեր աղբյուրի, հրազենից արված կրակոցի արդյունքում է եղել: