Դեռ $180 սակագինը չմարսած՝ քննարկվում է գազի նոր թանկացման հարցը
Վերջերս ռուսական «Գազպրոմ» ընկերության փոխնախագահ Անդրեյ Կրուգլովը հայտարարել էր, որ Հայաստանի, Բելառուսի ու Մոլդովայի համար 2011-ին գազի գները բարձրանալու են: Սա եւ այս հայտարարության հետ կապված մեր կառավարության տարբեր պաշտոնյաների բազմաբնույթ պարզաբանումները մեծ խուճապ են առաջացրել բնակչության շրջանում: Շրջանառվող լուրերի համաձայն, գազը թանկանալու է հունվարի 1-ից, որովհետեւ Կրոգլովը հայտարարել է, որ 2011-ից Հայաստանը այլ գին է վճարելու: Թեեւ որեւէ տրամաբանություն չկա, որ 2011-ի հունվարի 1-ից գազը կթանկանա, քանի որ պայմանագրի համաձայն, գործող սակագներն ուժի մեջ են մինչեւ 2011-ի ապրիլը, սակայն գազն այն ապրանքն է, որի գինը որեւէ պայմանագրի ու կանոնների չի ենթարկվել: Գազի սակագինը քաղաքականություն է եւ երբ կամ ինչ թիվ «կկրակի» ռուսական «Գազպրոմը»՝ միայն քեֆի ու տրամադրության հարց է: Թերեւս հենց սա է պատճառը, որ բնակչությունը մտավախություններ ունի:
Օրերս կառավարության նիստից հետո էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը լրագրողներին ասել էր, որ Ռուսաստանը դեռ չի հայտարարել, թե Հայաստանի համար գազի ինչ գներ է նախատեսել, ուստի խոսել թանկացման մասին՝ դեռ վաղ է. «Հենց հայտարարեն, կսկսենք բանակցային գործընթացը եւ կփորձենք հնարավորին չափով գազի գինը ցածր պահել»: Ցածր ասվածը $330-350 է՝ 1000 խմ-ի համար, որովհետեւ թե՛ «Գազպրոմը», թե՛ «ՀայՌուսգազարդը» հայտարարել են, որ Հայաստանի համար գազի սակագինը հավասարվելու է եվրոպական երկրներին վաճառվող գազի գնին: Այն, որ Հայաստանը գազի սակագնի հարցում արտոնյալ երկիր է, որ արդեն քանի տարի է՝ մեր եղբայր Ռուսաստանը էժան գազ է վաճառում մեզ, որ Թուրքիային ավելի բարձր գներով է վաճառվում ռուսական գազը՝ արդեն կառավարության անդամները թաշկինակ են դարձրել: Թե իրականում թուրքերը քանի՞ հազար դոլարով են գազը գնում՝ հայ սպառողներին, մեղմ ասած, չի հետաքրքրում, որովհետեւ փաստն այն է, որ այս գնաճային ճնշումների պայմաններում անգամ, այսպես կոչված, «արտոնյալ գազի գներով» մեր սպառողները հազիվ են կարողանում գոյությունը պահպանել: Շատերը դեռ չեն մարսել ու չեն հարմարվում ապրիլին բարձրացած գազի գնի հետ, հիմա արդեն քննարկվում է նոր թանկացման հարցը: Երբ գազի սակագների մասին խոսք է գնում՝ «ՀայՌուսգազարդը» հիշեցնում է այն գնացուցակը, ըստ որի՝ Ուկրաինայում 1000 խմ գազի միջին գինը $350 է, Բելառուսում՝ $200, Մոլդովայում՝ $300, եվրոպական երկրներում՝ $325-330, իսկ Հայաստանում՝ ընդամենը $180:
Նշենք, որ վիճակագրության համաձայն, երբ այս տարի գազի գինը հասավ «ընդամենը $180-ի», գազի սպառումը նախորդ տարվա համեմատությամբ 11.5%-ով նվազեց: Եթե ապրիլի 1-ից գազը կրկնակի թանկանա, արդեն կարելի է պատկերացնել, թե մատների վրա հաշված քանի ընտանիք այդ պարագայում կօգտվի գազից: Ազգաբնակչությունը ստիպված կանցնի փայտի վառարանների:
Հիշեցնենք, որ մինչ օրս դատարաններում քննարկվում է 7 հազարից ավելի քաղաքացիների «գազի հայցը»՝ կապված Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փետրվարի 26-ի որոշման հետ, որով 1 խմ գազի գինը 96 դրամից դարձավ 132 դրամ: Մինչ մարդիկ դատարաններն ընկած պայքարում են՝ արդեն ի հայտ է գալիս նոր թանկացման գույժը: