Մոսկվայից Հայաստան ժամանած Ենոքյանների ընտանիքը Ռուսաստան վերադառնալիս խնդրի առաջ է կանգնել: Բանն այն է, որ նրանք Երեւան-Մոսկվա 5 տոմս են գնել «Աերոֆլոտի» գրասենյակից: Եվ քանի որ տոմսի վրա միայն անգլերեն է գրված եղել, իսկ ընտանիքից ոչ ոք անգլերենին չի տիրապետում, շփոթել են թռիչքի եւ վայրէջքի ժամերը: Ինչի պատճառով էլ օդանավակայան են ներկայացել վայրէջքի ժամին: Երբ Ենոքյանները փորձել են ընկերության գլխամասային գրասենյակում տոմսերը փոխարինել նորերով, նրանցից մոտ 600 դոլար են պահանջել. «Խնդրեցինք գոնե զեղչեր անել, բայց այնքան կոպիտ պատասխանեցին, որ փոշմանեցինք: Հայաստանում մարդկանց քանի՞ տոկոսն է անգլերեն իմանում, որ միայն այդ լեզվով են գրում: Գոնե ռուսերեն էլ գրեն, որպեսզի մարդիկ հասկանան ինչ է գրված: Էնքան գյուղացի մարդիկ կան Ռուսաստան մեկնող, հո դրանք բոլորն անգլերեն չգիտեն: Բացի այդ, սպասարկումն էլ սարսափեցնող է՝ քաղաքավարության նշույլ չկա: Էդպես են վարվում, որ մի անգամ Հայաստան գալուց հետո, էլ մերոնք չեն ուզում 2-րդ անգամ էլ գալ»: