Երեկ Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի Հայաստանյան գրասենյակի կազմակերպած քննարկումը վերաբերում էր Հայաստանի ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրասնգենդեր) անձանց խնդիրներին ու դրանք վերացնելու հնարավոր ուղիներին: ԼԳԲՏ անձանց խնդիրների մասին քննարկման ընթացքում խոսեց «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» (PINK) հ/կ-ի ղեկավար Մամիկոն Հովսեփյանը, եւ ներկայացրեց այս տարի PINK-ի անցկացրած որակական հետազոտության ու վերլուծության արդյունքում տպագրած «Մենք եւ մեր իրավունքները» ուսումնասիրությունը: Մ. Հովսեփյանը կարծում է, որ մեր երկրում հաճախ նույնասեռականները բախվում են հասարակության անհանդուրժողական վերաբերմունքի հետ, խնդիրներ ունենում աշխատանքային, սոցիալական ու իրավական ոլորտներում: Հ/կ-ի ղեկավարի ձեւակերպմամբ, հայ հասարակությունը նույնասեռականությունը դիտարկում է որպես հիվանդություն, այդ պատճառով էլ, ըստ նրա, անհրաժեշտ է մարդկանց մտածելակերպի հետ կապված աշխատանքներ տանել: Մ. Հովսեփյանը նաեւ շեշտեց, որ անհրաժեշտ է սեռական կողմնորոշման եւ գենդերային ինքնության հիման վրա խտրականության բոլոր ձեւերը արգելող եւ գենդերային ինքնության ճանաչման վերաբերյալ օրենք ընդունել, ինչպես նաեւ ԼԳԲՏ անձանց նկատմամբ տարածած ատելությունը օրենքով պատժել:
Քննարկան ժամանակ անդրադարձ եղավ նաեւ սեռափոխության խնդրին, Հայաստանում այդ վիրահատություններն իրականացնելու համար խանգարող օրենսդրական եւ այլ խոչընդոտներին: