ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու եւ «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին», «Բենզինի ու դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքներն ուժը կորցրած ճանաչելու մասին օրինագծերին:
ՀՀ վարչապետի խոսքով, այս նախագծերի ընդունմամբ, ակնկալվում է ծխախոտի արտադրանքի, ինչպես նաեւ բենզինի ու դիզելային վառելիքի գծով անցում կատարել հարկման առավել արդարացի՝ արժեքային համակարգի, ապահովել առեւտրի համաշխարհային կազմակերպության առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորության կատարումը, բարելավել ծխախոտի արտադրանքի ոլորտից պետական բյուջե ստացվող հարկային եկամտի մակարդակը. «Այս հարցը երկար ժամանակ քննարկել ենք ծխախոտ ներմուծողների ու արտադրողների հետ, արդյունքում հստակեցվել է բնագավառի քաղաքականությունը: Խնդիրն այն է, որ Հայաստանում ծխախոտը շատ էժան է ու ամենքին մատչելի, տարածված են ծխախոտի հետեւանքով առաջացող հիվանդությունները: Դրա համար պետք է աստիճանաբար բարձրացնել գները, ինչը արդյունավետ կդարձնի ծխելու դեմ պայքարը, նաեւ անհրաժեշտ է հավասար մրցակցային դաշտ ստեղծել ներմուծողների ու արտադրողների միջեւ»:
Գործադիրը թույլատրել է Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկա ՍՊԸ-ի կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչեւ 2013 թվականի սեպտեմբերի 29-ը: Միայն նախորդ տարի ընկերությունը ներմուծել է 59 անուն մեքենասարքավորում, նախատեսվում է տարեկան արտահանել 600 միլիոն դրամի արտադրանք: Վարչապետի գնահատմամբ, «Այս ֆաբրիկայի փորձը լավագույն օրինակներից է եւ պետք է տարածվի այլ մարզերում եւս»:
Գործադիրը հաստատել է Ասիական զարգացման բանկի միջոցներով ֆինանսավորվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի համաձայնագրի շրջանակում 1-ին տրանշի շինաշխատանքների վերահսկողության, 2-րդ եւ 3-րդ տրանշների նախապատրաստական աշխատանքների խորհրդատվական ծառայությունների գնման նպատակով հաստատված մրցույթի արդյունքները. հաղթող է ճանաչվել «Էջիսբիսիում ինտերնեյշնլ» կազմակերպությունը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով. «Ընդունված որոշմամբ, Հայաստանում ձեւավորվում է ճանապարհաշինության նոր մշակույթ, ստեղծվում են նոր կարողություններ, որոնց արդյունքում կունենանք միջազգային չափանիշներին համապատասխան ճանապարհներ»:
Բյուրոկրատական քաշքշուկը նվազեցնելու նպատակով, երեկ գործադիրը հավանություն տվեց «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին: Նախագծով ներկայումս գործող 157 բարդ եւ 12 պարզ ընթացակարգով տրամադրվող արտոնագրերի փոխարեն առաջարկվում է սահմանել 84 բարդ եւ 12 պարզ ընթացակարգով տրվող արտոնագրեր:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով՝ «Մենք երկար ժամանակ եւ հանգամանորեն քննարկել ենք այս նախագիծը, որով մտադիր ենք լուծել որակական խնդիրներ: Արտոնագրման որոշ գործառույթներ նմանվում էին ստուգման: Այժմ խիստ կրճատելով արտոնագրվող գործունեության թիվը, կրճատում ենք կոռուպցիոն ռիսկերը, պակասեցնում բյուրոկրատական քաշքշուկը»:
Անհատ աուդիտորներն էլ կզրկվեն աուդիտորական գործունեությամբ զբաղվելու իրավունքից, նման գործունեության իրավունքը վերապահվում է միայն աուդիտորական կազմակերպություններին:
Կառավարությունը երեկ հավանություն է տվել «Աուդիտորական գործունեության» եւ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերին, որով նախատեսվում են աուդիտորական ծառայությունների արտոնագրման, արտոնագրված անձանց վերահսկողության առանձնահատուկ պահանջներ: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի խոսքով. նախատեսված փոփոխություններով պետությունը ձեռք կբերի ոլորտը վերահսկելու եւ կարգուկանոն հաստատելու լծակներ. «Նախ եւ առաջ պետք է հստակեցվի ընկերությունում աուդիտորների քանակը, այս պահին սահմանված է առնվազն երկու աուդիտորի առկայությունը, բայց այդ շեմը պետք է բարձրացվի՝ հաշվի առնելով շուկայի պահանջը: Այսուհետեւ ցանկացած աուդիտորական ընկերություն ունենալու է իներնետային կայք, որտեղ տեղադրված կլինի այդ ընկերության մասին ամբողջական տեղեկատվություն»: