Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՓՈԽԱԴԱՐՁ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ

Սեպտեմբեր 25,2010 00:00

Ըստ գյուղացու՝ կոնյակ արտադրող հայ գործարարների համար հանրապետության նախագահի խոսքը արժեք չունի, ըստ կոնյակագործի՝ գյուղացիների բողոքն անհիմն է:

Այս տարվա օգոստոսի 28-ին «Նախագահն ու մարզպետները խոստանում են» լուրով տեղեկացրել ենք, որ խաղողի մթերումներին հավուր պատշաճի պատրաստվելու համար գյուղնախարարությունն ու մարզպետարանները սկսել են խորհրդակցություններ անցկացնել: Հայտնի է, որ խաղողի այգիների գերակշիռ մասը Արարատի եւ Արմավիրի մարզերում է: Թե Արարատի, թե Արմավիրի մարզպետները գյուղացիներին հավաստիացրել են, որ մթերումը գտնվելու է իրենց մշտական հսկողության ներքո: Հանրապետության նախագահն էլ խիստ հանձնարարական է տվել խաղող մթերող կազմակերպություններին, որպեսզի 1 կգ խաղողը այս տարի մթերեն 120 դրամով եւ բացառեն պայմանագրերի կնքման եւ հերթերի գոյացման ժամանակ նախորդ տարիների ընթացքում գրանցված անցանկալի երեւույթները:
Ու թեեւ հարցը կարգավորվել է նախագահի մակարդակով, ու խաղողի մթերումն էլ նոր է սկսվել, սակայն բողոքներ եւ փոխադարձ մեղադրանքներ արդեն հնչում են: «Առավոտին» դիմած արարատցի խաղողագործները հավաստիացնում են, որ քաշքշուկներ կան: Ըստ նրանց, արարատցիները իրենց խաղողը հանձնում են հիմնականում Երեւանի կոնյակի գործարանի Այգեվան գյուղում գտնվող եւ Պռոշյանի կոնյակի գործարանի Մրգավան գյուղի մթերակայաններ: Այգեվանում խնդիրներ չկան, ֆրանսիացիք հարգում են նախագահի խոսքը եւ 1 կգ խաղողի համար վճարում են 120-130 դրամ: Ըստ խաղողագործների, Երեւանի կոնյակի գործարանի մթերակայանում առանց որեւէ դժգոհության կամ դժկամության ընդունում են 20-22% շաքարայնությամբ խաղողը:
Այլ է պատկերը Պռոշյանի կոնյակի գործարանի մթերակայանում: Մեզ դիմած խաղողագործները բողոքում էին, որ այս մթերակայանում պատրաստ են 120 դրամ վճարել՝ միայն 28 տոկոս եւ ավելի շաքարայնություն ունեցող խաղողի համար: Բողոքավոր խաղողագործները հավաստիացնում են, որ նման խաղող Հայաստանում չկա կամ շատ քիչ կա, ու նախագահն ու մարզպետներն էլ մթերումից առաջ նման պայման չեն դրել: Կամ ինչպես է ստացվում, որ ֆրանսիացու ղեկավարությամբ աշխատող հայ կոնյակագործը հաջողում է հայկական 22 տոկոսանոց խաղողից որակյալ կոնյակ ստանալ, իսկ հայի ղեկավարության ներքո նույն խաղողը կոնյակ դառնալու շանսեր չունի:
Բացի սրանից, եթե Երեւանի կոնյակի գործարանի Այգեվանի մթերակայանում տրակտորի մեկ կցորդին (լաֆետին) բեռնած խաղողը 3,5-4 տոննա է կշռում, ապա Պռոշյանի կոնյակի գործարանի Կանաչուտի մթերակայանում նույն կցորդը առավելագույնը 3 տոննա է կշռում:
Պռոշյանի կոնյակի գործարանի գլխավոր տնօրեն Արմեն Գասպարյանը՝ ի պատասխան գյուղացիների բողոքների եւ մեղադրանքների, հակառակ մեղադրանքներ ներկայացրեց: Պարոն Գասպարյանը հավաստիացրեց, որ իրենք էլ են 22 եւ ավելի տոկոսանոց խաղողը ընդունում 120 դրամով, դրանից ցածրը՝ մոտ 100 դրամով: Նաեւ ասաց, թե կա խաղողի տեսակ, որ կոնյակագործության մեջ չի օգտագործվում: Պռոշյանի կոնյակի գործարանի գլխավոր տնօրենը տեղեկացրեց, որ լինում են դեպքեր, երբ կոնյակագործության մեջ ոչ այնքան պիտանի խաղող մշակած գյուղացին գալիս-խնդրում է՝ իրենք էլ այդ խաղողը 80-90 դրամով ընդունում են, «գյուղացին ուրախ-ուրախ հեռանում է, հետո բողոքում է, թե 120-ով չընդունեցին»: Իսկ թերակշռելու մասով էլ ասաց. «Մարզպետարանի ներկայացուցիչը մշտապես մթերակայանում է, մեր կշեռքը ստուգված է, եթե ուզում եք, կարող եք գալ եւ դուք էլ ստուգել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել