Պատասխանողներից մեկը կլինի նախագահի ինստիտուտը
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հետընտրական եւ հաջորդող իրադարձությունների հետեւանքով տուժած քաղաքացիների անունից դատական հայց է նախապատրաստում Հայաստանի նախագահի ինստիտուտի եւ ուժային կառույցների՝ ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության եւ պաշտպանության նախարարության դեմ՝ պահանջելով ճանաչել տուժած քաղաքացիների իրավունքների խախտման փաստը:
Սեպտեմբերի 18-ից հավաքագրվում են քաղաքացիների դիմումները, որոնք պետք է ներառվեն վարչական դատարան ներկայացվելիք մեկ ամբողջական հայցադիմումում:
Կոնգրեսի հավաստմամբ, 2008 թվականի մարտի 1-ից հետո հարյուրավոր քաղաքացիներ են իրենց դիմել՝ խախտված իրավունքների վերականգնման խնդրանքով, բայց քանի որ բողոքները մեկ առ մեկ անհնար չէ վիճարկել դատական կարգով, ընդդիմությունը որոշել է միավորել դրանք:
Ընդդիմության պատասխանատուների ձեւակերպմամբ, մարտի 1-ին ապօրինաբար հայտարարված արտակարգ դրության պայմաններում ուժային կառույցների կողմից խաղաղ հավաքները բռնությամբ եւ ապօրինաբար դադարեցնելու, սպանություններով զուգորդելու հետեւանքով խախտվել են քաղաքացիների կյանքի, անձեռնմխելիության, ազատ տեղաշարժի, հավաքների ազատության եւ բազմաթիվ այլ իրավունքներ:
Ընդդիմությունը շարունակում է պնդել, որ 2008 թվականի մարտի 1-ին արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը հակասահմանադրական է, որ զինված ուժերը ապօրինի կերպով ներգրավվել են այս իրադարձություններում՝ չնայած Սահմանադրությունն ու «Պաշտպանության մասին» օրենքի համապատասխան դրույթներն արգելում են բանակի մասնակցությունը երկրի ներքաղաքական կյանքին։
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հանրապետության ո՞ր նախագահի գործողություններն են վիճարկելու դատարանում՝ արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին հրամանագիրը ստորագրած Ռոբերտ Քոչարյանի՞, թե՞ գործող նախագահ Սերժ Սարգսյանի, ՀԱԿ-ի իրավական աջակցության կենտրոնի պատասխանատուներից Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Մենք խոսում ենք այս պահին ինստիտուտի մասին: Որ այդ բոլոր գործողությունները իրականացվել են նախագահական ինստիտուտից իջեցված հրամաններով: Առանց անձնավորելու»:
Կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի ներկայացուցիչը նաեւ տեղեկացրեց, որ հայցը վերաբերում է նաեւ քաղաքական իրադարձությունների հետեւանքով ազատազրկվածներին ու դեպքերի ժամանակ հրազենից վիրավորվածներին: Վարչական դատարանում մերժում ստանալու դեպքում Կոնգրեսը մտադիր է դիմել Վճռաբեկ, ապա՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Ազգային ժողովի փոխնախագահ, մարտիմեկյան իրադարձությունների ուսումնասիրման խորհրդարանական նախկին հանձնաժողովը գլխավորած Սամվել Նիկոյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք համամի՞տ է այն պնդումներին, որ մարտի 1-ի իրադարձություններում ուժային կառույցների գործողությունների հետեւանքով խախտվել են քաղաքացիների բազմաթիվ իրավունքներ, պատասխանեց, թե իր տեսակետը ամրագրված է հանձնաժողովի անցած տարվա սեպտեմբերին հրապարակած եզրակացության մեջ:
Զեկույցը, հիշեցնենք, դատապարտել էր ոստիկանության որոշ աշխատակիցների արարքները՝ ոստիկանության գործողությունները գնահատելով ընդհանուր առմամբ իրավաչափ: