Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԱՄ «ԶԱԳՍ», ԿԱՄ ԿՈՈՊԵՐԱՏԻՎ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբեր 25,2010 00:00

\"\"Ըստ Լյուդմիլա Սարգսյանի՝ ՍԴՀԿ-ն Հայաստանում գոյատեւման այս տարբերակներն ունի

«Վարիչ մարմինը թող որոշում կայացնի եւ հրապարակի իր որոշումը: Ես նախապես ոչինչ ասել չեմ ուզում, որ չստացվի, թե ազդում եմ, կարծիք եմ ուզում ձեւավորել»,- այսպես արձագանքեց Վահան Շիրխանյանն «Առավոտի» հարցին, թե՝ ի՞նչ է մտածում ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման մասին, եւ որոնք են լինելու հետագա քայլերը: Հիշեցնենք, որ այս ատյանն ուժի մեջ թողեց նախորդ ատյանի որոշումը՝ օրինական համարելով Լյուդմիլա Սարգսյանի եւ նրա ղեկավարած ՍԴՀԿ-ի գործունեությունը: Նաեւ հավելյալ ապացույց ամրագրեց. այդ խնդիրը վիճարկողներից շատերը ՍԴՀԿ-ին անդամագրվել են հենց տիկին Սարգսյանի ատենապետության օրոք եւ պարտավոր էին ու հնարավորություն ունեին նրա օրինականությունը ստուգելու կամ վիճարկելու, իրենց իրավունքները պաշտպանելու տրամաբանական ժամկետներում: Հետին թվով, ժամանակին անտեսելով, իսկ հիմա թույլ հիմքերով դա անել չեն կարող: «Բարդ հարց եք տալիս»,- «Առավոտի» հարցին պատասխանեց հայցի հեղինակ Գեւորգ Պերկուպերկյանը: Խոստացավ՝ մտածել ու պատասխանել, թե ինչպես են վերաբերվում Վերաքննիչի վճռին եւ ինչ են պատրաստվում անել: Ավելի ուշ ասաց, որ երրորդ ատյան դիմելու որոշում դեռ չունեն, բայց քանի դեռ իրավական լուծումները սպառված չեն՝ շարունակելու են պայքարել։ «Առավոտի» տեղեկություններով՝ սպասում են համահնչակյան կենտրոնի «դաբրոյին»՝ նոր կուսակցություն գրանցելու համար: Մյուս թեւում, բնականաբար, ուրախ են, որ այս պատմությունից շահած են դուրս գալիս: Արարատ Մկրտչյանն ի սկզբանե  էր հայցը անհիմն որակում, հիմա հավելում  է. «Հիմքերն այնքան թույլ ու անհեթեթ էին, որ անհնարին դարձավ կեղծելը: Բացի այդ, քանի որ չլուծեցին իրենց առաջադրված խնդիրը, իշխանությունների համար նրանք այլեւս անհետաքրքիր էին՝ անկախ իրենց արած քայլերից ու հայտարարություններից»: Իսկ ՍԴՀԿ-ի՝ համահնչակյան ընտանիքում վերականգնվելու խնդիրը համարում է «ժամանակի խնդիր»: Տիկին Սարգսյանն էլ սա համարում է հակառակ թեւի «վերջնական եւ լիակատար» պարտություն՝ անկախ նրանից՝ կդիմեն երրորդ ատյան, նոր կուսակցություն կգրանցեն, թե ինչ: Այս ամենի արդյունքում տիկին Սարգսյանը չի հասկանում եւ արդեն ժպիտով է վերաբերվում համահնչակյան կառույցի շտապողականությանը՝ անլուրջ հայտարարությամբ՝ ուղղված ՀԱԿ-ի դեմ եւ նրանց պաշտպանելու, դատարան դիմելու, Հայաստանի վարիչ մարմնի եւ հենց իր նկատմամբ հնչեցված անհիմն մեղադրանքների առումով, երբ իրադարձություններից ընդամենը մեկ ամիս առաջ համահնչակյան համագումարը հավանության էր արժանացրել հատկապես Հայաստանի վարիչ մարմնի գործունեությունը: Հումորով է հիշում իր եւ համահնչակյան Կենտրոնի ղեկավար Սեդրակ Աճեմյանի խրատները՝ կուսակցության ապագայի մասին մտածելու վերաբերյալ. «Տեսավ, որ արդյունք չեն տալիս՝ սկսեց տարբեր մեթոդներով ինձ անվանարկել, վարկաբեկել: Բայց կեղտը չի կպնում նրան, ում վրա կեղտ չկա: Հետեւաբար, կարծում եմ, որ այդ առումով իրենք շատ ցածրացան: Նաեւ հասկանում եմ, որ հետդարձի ճանապարհ չունեին, քանի որ իշխանությանը տրված խոստում ունեին: Բայց Աճեմյան-Շիրխանյան համագործակցության արդյունքում եղան բազմաթիվ սխալներ, որոնք շատ լուրջ անդրադարձ ունեցան կուսակցության վրա: Ի՞նչ շահեցին այդ ամենից կուսակցությունն ու առանձին մարդիկ՝ տեսանելի է: Ցավալի է, որ սփյուռքյան մեր ընկերները չգիտակցեցին, թե իրենց համար ինչքան պատվաբեր է, երբ հայաստանյան կառույցը հավատարիմ մնալով հնչակյան արմատներին՝ ժողովրդի հետ միասին ակտիվ պայքարի մեջ է եւ ընդդիմության շարքերում փորձում է կյանքի կոչել նպատակները, որոնք մեկ դար առաջ հետապնդում էին մեր փառապանծ, հերոսական ճանապարհ անցած ընկերները: Կուսակցությունը ստեղծվել էր ուղիղ այն նպատակի համար, հանուն ինչի մենք այսօր պայքարում ենք արժանապատվորեն: Առավել եւս հեղափոխական անցյալ ունեցող կուսակցությունն իրավունք չունի իշխանությունների ձեռքին խամաճիկ դառնալ: Մենք այդ դիրքերը կարողացանք պաշտպանել, հետեւաբար, համահնչակյան ԿՎ-ն Հայաստանի վարիչ մարմնին որեւէ մեղադրանք առաջադրելու բարոյական իրավունք չունի»:
Տիկին Սարգսյանը Կենտրոնին խորհուրդ է տալիս վերջ տալ ջայլամային քաղաքականությանը: Կարծում է, որ շուրջ 1,5 դարի պատմություն ունեցող կուսակցությունն իր մեջ պետք է ուժ գտնի եւ ճշմարտությունը մեկ անգամ հնչեցնի. «Ժամանակն է, որ ԿՎ-ն հետեւություններ անի, թե ինչ դերակատարություն ունեցան վերոհիշյալ ընկերները, եւ փորձեն մոտենալ ճշմարտությանը՝ հայաստանյան կառույցի հետ համագործակցության եզրեր գտնելով: Բայց այս ամենը սարքողները պետք է պատժվեն: Այլապես ՍԴՀԿ ԿՎ-ն իրեն է վարկաբեկում: Կարող են այլ կուսակցություն ստեղծել, բայց դա չի կարող օգտագործել հնչակյան եւ որեւէ ատրիբուտիկա: Այն, ինչ որ կստեղծվի՝ համարվելու է նորաստեղծ հնչակյան կոոպերատիվ կառույց: Օրինական ՍԴՀԿ-ն գրանցված է ՀՀ օրենքներին համապատասխան, որի ատենապետն է ձեր խոնարհ ծառան: Մենք պայքարելու ենք մեր ատրիբուտիկայի համար, եւ խորհուրդ չեմ տալիս թերագնահատել հայաստանյան վարիչ մարմնի հնարավորությունները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել