Անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանի վերջերս հրապարակած կանխատեսումերին՝ ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը «Առավոտին» ասաց. «Դավթյանը շարունակում է հանրապետականների վերնախավի մի շարք ներկայացուցիչների բացարձակ ցինիկ կանխատեսումները՝ առաջիկա խորհրդարանում ՀՀԿ-ի մեծամասնություն ստանալու վերաբերյալ:
Նման հայտարարություններն արվում են այն պայմաններում, երբ այսօր արդեն միջազգային կառույցներն են բարձրաձայնում պետական կառավարման բոլոր ոլորտներում համատարած կոռուպցիայի եւ հովանավորչության, տնտեսական վնասաբեր մենաշնորհների առկայության մասին: Իսկ հանրապետականների ցինիզմն ու անհարգանքը ազգաբնակչության նկատմամբ, մասնավորապես, կայանում է նրանում, որ հանրապետականի կառավարման արդյունքում բնակչությունը էլ ավելի աղքատացավ, առաջին օգտագործման ապրանքների գների աճին կառավարությունը չի արձագանքում աշխատավարձերի կամ թոշակների համապատասխան բարձրացմամբ: Այսպես, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման համաձայն՝ սեպտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում միջին աշխատավարձը՝ 105 հազար դրամ կամ 283 դոլար է:
Ընդ որում, նախորդ ամսվա նկատմամբ այն նվազել է 7,7 տոկոսով: Համեմատության համար Վրաստանում այն մոտ 318 դոլար է, իսկ Ադրբեջանում՝ 396 դոլար, Ռուսաստանում՝ 490 դոլար: Այս ցուցանիշները, գումարած՝ նույնպես պաշտոնական տվյալներով, տասնյակ հազարների (61.000) հասնող արտագաղթի մասին տվյալները ունենալով ձեռքի տակ՝ հանրապետականը խոսում է ժողովրդի աջակցությունը վայելելու մասին: Ի՞նչ աստիճանի պետք է չսիրես ու արհամարհես քո սեփական ժողովրդին, որ նման հայտարարություններ անես»: