Կարծում է ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանը Սկիզբը՝ «Առավոտի» երեկվա համարում
– Այդուհանդերձ, չեք կարող չընդունել, որ ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացրած բանաձեւի նախագիծը ետ վերցվեց, եւ դա շատերի կողմից որակվեց որպես մեր դիվանագիտության հաղթանակ եւ Ադրբեջանի կապիտուլյացիա: Համաձայն չե՞ք:
– Նման անհեթեթություններին կարող են համաձայնել հիվանդ երեւակայություն ունեցողները: Կարծում եմ՝ այդպես որակողներն էլ չեն հավատում իրենց խոսքերին: Ավելին, մեկ հայտարարում են, որ բանաձեւը թղթի կտոր է, հաջորդ օրը, որ Ադրբեջանն այն հանել է շրջանառությունից, եւ դա Հայաստանի դիվանագիտական հաղթանակն է: Տրամաբանության տարրական նշույլներ ունեցող որեւէ մեկի համար ակնհայտ է աղաղակող հակասությունը: Սակայն իրավիճակը շատ ավելի տխուր է: Ադրբեջանը բանաձեւի նախագիծը ներկայացրել էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանում քննարկելու համար: Նախագիծը վերաբերվում էր «Ադրբեջանի գրավյալ տարածքներում» իրավիճակը գնահատող առաքելություն ուղարկելուն: Նախ՝ Ադրբեջանն այդ բանաձեւը հանեց ընթացիկ նստաշրջանի օրակարգից եւ տեղափոխեց հաջորդ` 65-րդ նստաշրջան: Հայաստանի ԱԳՆ-ն, փաստորեն, անտեղյակ, թե ինչու է դա արվել, շտապեց շնորհակալություն հայտնել համանախագահներին եւ այն երկրներին, որոնց ջանքերով դա տեղի է ունեցել, թերեւս տպավորություն ստեղծելու համար, որ իր ջանքերի գնով է դա արվել: Սակայն ավելի ուշ, երբ սեպտեմբերի 9-ին հրապարակվեց համանախագահների հայտարարությունը, պարզ դարձավ, որ համանախագահները Ադրբեջանին խոստացել են, որ իրենք հոկտեմբերին կիրականացնեն այդ առաքելությունը, եւ այդ խոստման պատճառով է տեղի ունեցել բանաձեւի տեղափոխումը: Ստացվեց, որ ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնում համանախագահներին Ադրբեջանի պահանջները կատարելու համար: Ակնհայտ է, որ Ադրբեջանը Մինսկի խմբի շրջանակներում հասավ այն նպատակին, ինչին նպատակաուղղված էր տեղափոխված բանաձեւը` ՄԱԿ-ի կառույցների միջոցով: Եվ որպեսզի համանախագահները չդրժեն խոստումը, բանաձեւը տեղափոխվեց հաջորդ նստաշրջանի օրակարգ:
– «Ժառանգությունը» նախագիծ է ներկայացրել ԼՂՀ անկախության ճանաչման մասին, որը քննարկվելու է ԱԺ հաջորդ քառօրյա նիստերի ժամանակ: Դա կազդի՞ կարգավորման գործընթացի վրա:
– Նախ, ճանաչումը չի կարող վտանգել կարգավորման գործընթացը, ինչը փորձում են համոզել իշխանությունները: Ինչ վերաբերում է օգտակարությանը, ապա չպետք է մոռանալ, որ ճանաչումն անելիքների մեծ շղթայի միայն մեկ օղակն է: Մինչդեռ կան քայլեր, որոնք պետք է արվեն մինչ ճանաչումը եւ դրանից հետո` խնդիրը հանգուցալուծմանը մոտեցնելու համար: Չպետք է մոռանալ, որ 2008թ. ապրիլի 29-ին Ազգային ժողովը ընդունել է հայտարարություն ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ, որով առաջարկներ է ներկայացրել հանրապետության նախագահին եւ կառավարությանը: Դրանցից որեւէ մեկը մինչ օրս իրականացված չէ: Հայաստանը նախ գործնականում պետք է ճանաչի ԼՂՀ ինքնորոշման իրավունքը, ապա նոր անկախությունը, որն առաջինի հետեւանքն է: