Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ ՊԵՏՔ Է ՁԵՎԱՎՈՐԻ ԻՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Սեպտեմբեր 25,2010 00:00

\"\"Կարծում է ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Ղազինյանը:

– Դուք պնդում եք, որ տարածաշրջանում եւ դրանից դուրս ընթացող գործընթացները կարող են էլ ավելի խորացնել Հայաստանի շրջափակումը՝ հանգեցնելով տարածաշրջանային ավելի մեկուսացման, եւ դա շատ վտանգավոր է: Ինչո՞վ է դա արտահայտվում եւ հատկապես ինչո՞վ է սպառնում մեզ:
– Ամբողջ աշխարհը Հարավային Կովկասի հետ խոսում է մեկ ձայնով եւ իր արտաքին տնտեսական, անվտանգության քաղաքականությունը մշակում է հենց այս կոնցեպցիայի մեջ, մինչդեռ Հարավային Կովկասում այսօր առկա է մի այնպիսի իրավիճակ, որ այս երեք փոքր երկրները՝ յուրաքանչյուրը գտնվելով ինչ-որ մի գերտերության ազդեցության տակ, ոչ մի կերպ չեն կարողանում գտնել տարածաշրջանային խաղաղության եւ կայունության բանալին եւ, տրվելով տարբեր ուժային կենտրոնների քաղաքական նկրտումներին, հիշեցնում են կռիլովյան առակի հերոսներին: Կենտրոններից յուրաքանչյուրը այն քաշում է իր կողմ՝ արդյունքում մասնատելով եւ թուլացնելով հարավկովկասյան այս փոքր, սակայն ռեգիոնալ եւ միջազգային քաղաքականության եւ գերտերությունների շահերի համար բանուկ խաչմերուկի դերում հանդես եկող եւ կենսական աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող տարածաշրջանը: Իր աշխարհագրական դիրքով կարեւոր լինելով եւ շրջապատված լինելով այնպիսի միջազգային խաղացողներով, ինչպիսիք են Թուրքիան, Իրանը, ՌԴ-ն, ԱՄՆ-ը, ԵՄ-ն, հարավկովկասյան երկրներն ուղղակի դատապարտված են մտածել եւ գործել միասնաբար: Գերտերությունների նկրտումներին, ամբիցիաներին դիմակայելու միակ եղանակը եւ ճանապարհը ուժերի համախմբումն է, որն այսօր, ցավոք, նկատելի չէ Հարավային Կովկասում:
– Ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի եւ Ադրբեջանի ուժերի համախմբումը ղարաբաղյան հակամարտության առկայության պարագայում:
– Չկան չլուծվող հակամարտություններ. կա ցանկություն՝ լուծելու կամ՝ ոչ: Ես վստահ եմ, որ ղարաբաղյան հարցում կա արդար լուծում: Բանակցային գործընթացի հիմքում դրված երեք սկզբունքներից յուրաքանչյուրը՝ տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշում եւ ուժի չկիրառում, ունի իր հասցեատերը: Տվյալ պարագայում առաջինը վերաբերում է անվտանգության գոտուն, որով այսօր շրջապատված է Ղարաբաղը, երկրորդը՝ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշվելու իրավունքին, երրորդը իր համընդհանուր բնույթով վերաբերում է բոլոր կողմերին: Իմ խորին համոզմամբ, Ալիեւը վաղ թե ուշ ընդունելու եւ ճանաչելու է ԼՂՀ ժողովրդի՝ միջազգային իրավունքի շրջանակներում ինքնորոշվելու իրավունքը: Լուրջ չէ այն դիրքորոշումը, որ միջազգային իրավունքը սահմանափակվում է ինչ-որ պետության տարածքային ամբողջականությամբ, քանի որ միջազգային իրավունքը չի սահմանափակվում Ալիեւի մտահորիզոնով: Ես հույս ունեմ, ավելին՝ համոզված եմ, որ առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում Ալիեւը ստիպված կլինի ճանաչել ԼՂՀ ժողովրդի ինքնորոշվելու իրավունքը:
– Կարճ ժամկետ չսահմանեցի՞ք Ալիեւի համար:
– Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են մոտենում, իսկ Արեւմուտքը կարծես փորձում է համախմբել ընդդիմությանը, եւ, իբրեւ փորձագետ, մոտ ապագայում ես ալիեւյան իշխանության համար խնդիրներ եմ կանխատեսում: Լեգիտիմություն ձեռք բերելու եւ միջազգային հանրության վրդովմունքը մեղմելու ակնկալիքով Ալիեւը ստիպված կլինի գնալ այդ քայլին:
– Մինչդեռ հայաստանյան եւ իշխանական, եւ ընդդիմադիր շրջանակներում կարծում են, որ ԼՂՀ կարգավորումն այս պահին գերտերությունների հետաքրքրության առարկա չէ:
– Թույլ տվեք չհամաձայնել այդ կարծիքներին: Ասածիս վառ ապացույցն է նաեւ այն, որ Թուրքիայի նախագահությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հանդիպել են ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի եւ Միացյալ թագավորության ղեկավարները, միեւնույն ժամանակաշրջանում այնտեղ են գտնվել Ադրբեջանի եւ ՀՀ արտգործնախարարները, Մինսկի խմբի համանախագահները: Այս «փազլը» երբ հավաքում ենք, պատկերն ամբողջական է դառնում: Ըստ էության, հարցը որոշակի իմաստով տեղափոխվել է նաեւ ՄԱԿ-ի հարթություն, եւ Թուրքիան կատարում է իր առաքելությունը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախագահությունը ստանձնելով, հարցը բավականին բարձր միջազգային ատյան է բարձրացնում՝ տարածաշրջանային խնդրից այն վերածելով միջազգային խնդրի: ԼՂՀ հարցը փորձում են դարձնել միջազգային անվտանգությանը սպառնացող խնդիր: Սա արդեն սպառնալիք է: Սրան եթե հավելենք դեկտեմբերի սկզբին սպասվող ԵԱՀԿ գագաթաժողովը, որը վերջին անգամ 11 տարի առաջ է գումարվել՝ 1999-ի նոյեմբերին, Ստամբուլում, ի հեճուկս մեր իշխանավորների եւ ընդդիմադիրների, պետք է սպասել, որ կողմերին, այնուամենայնիվ, կառաջադրվի կոնկրետ լուծման տարբերակ: Այդ գագաթաժողովում Մինսկի խումբը նաեւ իր կատարած աշխատանքի հաշվետվություն պետք է ներկայացնի:
– Նոր տարբերակ կառաջադրվի՞, թե՞ կպարտադրվի:
– Միգուցե դա կլինի այն տարբերակը, որը կընդունեն կողմերը:
Համաշխարհային քաղաքական վերնախավը շատ լավ գիտակցում է, որ 100 հազար բնակչություն ունեցող միավորը պարտադրաբար պահել մի պետության մեջ, ինչ է՝ տարածքային ամբողջականություն ապահովել, երկարատեւ խաղաղության չի հանգեցնի: Մի օր կպայթի, իսկ միջազգային հանրությունն այսօր դժվար թե գնա ստալինյան՝ մակերեսային լուծման ճանապարհով: ԵՄ-ի եւ ՌԴ-ի հարաբերությունների սերտացումը խոսում է հակամարտության կարգավորման հակվածության եւ Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղության հաստատման մասին: Իսկ դրա քայլերը Հայաստանի համար հետեւյալն են՝ Ադրբեջանի եւ միջազգային հանրության հետ կոնկրետ համաձայնության շրջանակում եւ միջազգային գործուն երաշխիքների առկայության պայմաններում անվտանգության գոտու որոշ մասը հանձնել միջազգային խաղաղապահ ուժերին եւ ենթակառուցվածքների վերականգնման նպատակով ստեղծել ժամանակավոր միջազգային կառավարում: Այդ քայլին գնալուց անմիջապես հետո ՀՀ-ն պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը եւ հրաժարվի որեւէ ձեւով հակամարտության շուրջ բանակցելուց՝ այն թողնելով ԼՂՀ եւ Ադրբեջանի իշխանություններին: Հայաստանը պետք է հանդես գա որպես ԼՂՀ բնակչության անվտանգության երաշխավոր եւ ընդունի ցանկացած լուծում, որին կհամաձայնվի ԼՂՀ ժողովուրդը: Բանակցություններից Հայաստանի դուրս գալով էլ հենց կսկսի իրացվել ազգերի ինքնորոշման իրավունքը, ինչն էլ կտանի հակամարտության հանգուցալուծման: Այս հակամարտության բանալին գտնվում է ոչ թե Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի ձեռքերում, այլ Ադրբեջան-ԼՂՀ բոլոր մակարդակներում անմիջական, ուղիղ երկխոսության եւ խաղաղ բանակցություններում:
– Ազատագրված տարածքներն, այնուհանդերձ, սակարկության առարկա են դառնալու:
– Մենք կարող ենք ազատագրել մեր հայրենիքը, բայց ես համաձայն եմ, որ Աղդամը երբեք էլ մեր հայրենիքը չի եղել, ինչքան էլ պեղումներով ինչ-որ բաներ հայտնաբերենք: Իրատես լինենք, եւ այն, ինչը որ մերն է, աչքի լույսի պես պահենք ու պահպանենք, ինչը որ մերը չէ՝ հասկանանք, որ ինչ-որ մի պահի պետք է վերադարձնենք: Դա վերցնելով՝ մենք ապահովել ենք ԼՂՀ բնակչության անվտանգությունը, մեզ պարտադրված պատերազմի արդյունքում ձեւավորել մեր անվտանգության գոտին:
– Բավականին լուրջ փորձագետներ պնդում են, որ «ստատուս- քվո»-ի պահպանումը կողմերին ձեռնտու է:
– Գոնե Հայաստանին ձեռնտու չէ, որովհետեւ քանի դեռ այս հակամարտությունը լուծված չէ, Վրաստանն ու Ադրբեջանը փոխադարձ համաձայնությամբ եւ շրջանցելով Հայաստանը՝ իրականացնում են բավականին խոշոր էներգետիկ եւ կոմունիկացիոն նախագծեր, որոնք կապում են Արեւելքն ու Արեւմուտքը: Կգա մի պահ, որ մենք կհայտնվենք լիակատար մեկուսացման մեջ, եւ ոչ մեկին էլ արդեն ձեռնտու չի լինի հարցի լուծումը: Այդ պարագայում Հայաստանը կկորցնի իր արժեքն ու հետաքրքրությունը, եւ դա կդառնա ՀՀ-ի գոյության ու անվտանգության համար լուրջ սպառնալիք:
Հայաստանը պետք է ստանձնի հարավկովկասյան գաղափարական առաջնորդի դերը, ինչպես դա եղավ Ֆրանսիայի պարագայում՝ ԵՄ-ի ստեղծման ժամանակ: ՀՀ-ում ՌԴ ռազմաբազաների ժամկետի երկարաձգումը իշխանական գործիչները մեկնաբանեցին որպես անվտանգության համակարգին միանալու կամ դրանից օգտվելու միջոց, մինչդեռ անվտանգության համակարգը ռազմական դաշինքներով չի սահմանափակվում: Ավելին, ռազմական դաշինքի ստեղծումը նպաստում է հակառակ դաշինքի ստեղծման եւ սուր մրցակցության, ինչն էլ հանգեցնում է սպառազինությունների մրցավազքի, միլիտարիզացիայի, իսկ այդ զենքը մի օր կրակելու է: Այս առումով բավական շահեկան դիրքում է գտնվում ԵՄ-ն. նրանք հասկացան, որ ռազմական դաշինքները հարց չեն լուծում, հասարակության հիմքում պետք է դրվի ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունն ու իրավունքի գերակայությունը: Իսկ մյուս կողմից՝ պետություններում պետք է սահմանափակել ազգայինի բաղադրիչը եւ ինքնիշխանության որոշ մասը՝ հօգուտ վերպետական կազմավորումների, որի հիմքում կդրվի պետությունների հավասարության սկզբունքը: Այդ մոդելը բավականին արդյունավետ կերպով աշխատեց Արեւմտյան Եվրոպայում, եւ դա ամբողջապես կիրառելի է նաեւ Հարավային Կովկասում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել