Երեկ 69 կգ քաշային կարգում աշխարհի 2009 թվականի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանը զանգահարեց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանին եւ շնորհավորելով նրան ու իր թիմակից Մելինե Դալուզյանին բրոնզե մեդալ նվաճելու առիթով՝ նաեւ ափսոսանք հայտնեց, որ վնասվածքի պատճառով ինքը չի մասնակցում աշխարհի այս առաջնությանը։ Մարզիչը նույնպես, ինչպես ասում են, տեղը չի գտնում Նազիկի բացակայության համար։ «Եթե Նազիկն այստեղ լիներ, կասկած չունեմ, որ երկրորդ անգամ անընդմեջ կկանգներ պատվո պատվանդանի չեմպիոնական աստիճանին, քանի որ այսօր թե 69 եւ թե նոր՝ 75 կգ քաշային կարգերում նրան արժանի մրցակից չեմ տեսնում»,- ափսոսանքով ասում է Արտաշես Ներսիսյանը։