Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մենք ու ռուսական փորձը

Սեպտեմբեր 24,2010 00:00

Երեկ Երեւանում մեկնարկեցին ՀՀ ԿԳ նախարարության եւ ՌԴ կառավարությանն առընթեր ժողովրդական տնտեսության ակադեմիայի Կրթության զարգացման միջազգային կենտրոնի երկօրյա խորհրդատվական հանդիպում-քննարկումները՝ նվիրված կրթության ոլորտում համագործակցության հնարավոր ուղղություններին:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հանդիպում-քննարկման ժամանակ ասաց, որ Հայաստանի ԿԳ նախարարության նախաձեռնությամբ Կրթության ազգային ինստիտուտի կազմում կստեղծվի կրթական վիճակագրության եւ պլանավորման բաժին: Նրա խոսքով, այդ բաժինն առաջինն է լինելու իր տեսակի մեջ. «Միջազգային փորձի հիման վրա, Համաշխարհային բանկի ներգրավմամբ, մինչեւ տարվա վերջ ստեղծելու ենք համապատասխան կենտրոնը, որը թույլ կտա աշխատել ժամանակակից մեթոդաբանությամբ՝ միջազգային կազմակերպությունների կրթական վիճակագրական ուսումնասիրությունների եւ անալիզի համատեքստում: Հայ եւ ռուս փորձագետները երկու օրվա ընթացքում կքննարկեն միջնակարգ կրթության որակին առնչվող խնդիրներ, ինչպես նաեւ ընդհանուր կրթության վիճակագրության վրա հիմնված քննության ու ռազմավարական պլանավորման հարցեր»:

Հանդիպում-քննարկմանը ներկա ՌԴ կառավարությանն առընթեր կրթության ակադեմիայի փոխնախագահ Վիկտոր Բոլոտովը կարեւորեց երկկողմ հանդիպումները, փորձի փոխանակումն ու նոր կենտրոնի ստեղծումը. «Չունենալով իրական պատկերացում գործի մասին՝ չենք կարող խոսել կրթության որակի բարձրացման վերաբերյալ: Մենք այսօր ավելի շատ փորձելու ենք գնահատականներ տալ ընդհանուր կրթության որակի մասին: Ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում կան միասնական քննություններ, ըստ որոնց՝ երիտասարդներն ընդունվում են բուհեր: Հիմա ժամանակն է մտածել հետոյի մասին: Ռուսաստանն այս առումով ունի որոշակի փորձ»:

ՀՀ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանն էլ նկատեց. «Ռուսաստանի կրթական համակարգը առաջադեմներից մեկն է: Մի կողմից Սովետական միության փլուզումից հետո այդ տարածքի երկրները կարծես թե ժառանգեցին այն, ինչ կար Սովետական միության ժամանակ, մյուս կողմից՝ ամենաակտիվ նորարարական բարեփոխումներն իրականացվեցին հենց Ռուսաստանում: Երկօրյա խորհրդաժողովի ընթացքում կծանոթանանք ռուսական փորձի հետ, կփորձենք վերցնել այն, ինչ արդեն աշխատում է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել