Լրահոս
Օրվա լրահոսը

«Թագավորական» երաժիշտները՝ Հայաստանում

Սեպտեմբեր 24,2010 00:00

Երկու համերգից բացի, Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները նաեւ վարպետության դաս անցկացրին:

\"\"
Ատոմ Բրոյցը (ձախից), Բրոյեն Թոմսընը եւ Ռոջեր Էվջենտը՝ հայ երեխաների հետ:

Երեկ եւ առաջին օրը «Արամ Խաչատրյան» համերգասրահում եւ Ազգային օպերային թատրոնում «21-րդ դարի հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում ելույթ ունեցավ 1946թ. հիմնադրված Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Գշեգոշ Նովակ): Առաջին համերգը ղեկավարեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը, մենակատարն էր աշխարհահռչակ դաշնակահար Բորիս Բերեզովսկին: Երկրորդ երեկոյի ընթացքում դիրիժորական վահանակի մոտ էր Գ. Նովակը, որպես մենակատարներ էլ հանդես եկան ճանաչված օպերային երգիչներ Հասմիկ Պապյանը եւ Բարսեղ Թումանյանը: Ավելորդ է նկարագրել այս օրերին դասական երաժշտության հայ հանդիսատեսի ոգեւորությունը:

Նախօրեին Երեւանի պետական կոնսերվատորիայում Թագավորական նվագախմբի որոշ երաժիշտներ հանդես եկան վարպետության դասերով՝ Երեւանի թիվ 13 երաժշտական հատուկ դպրոցի շնորհալի սաների համար: Տեղեկացնենք, որ այս դպրոցն իր տեսակի մեջ միակն է կովկասյան տարածաշրջանում: Այն հիմնադրվել է դեռեւս 1937թ.՝ Սուխումում, նպատակ ունենալ ապաստան տալ ծնողազուրկ երեխաներին եւ նրանց կրթել որպես զինվորական փողային նվագախմբի երաժիշտներ: Երկրորդ աշխարհամարտի տարիներին դպրոցը տեղափոխվեց Երեւան: Տասնամյակներ շարունակ այստեղ սովորում էին երեխաներ Խորհրդային Միության տարբեր երկրներից: Ի դեպ, դպրոցի նկարագիրը չփոխվեց նաեւ Հայաստանի անկախությունից հետո: Ներկայումս դպրոցում, փողային բաժնից բացի, գործում են դաշնամուրային, լարային, ժողգործիքների եւ վոկալ բաժիններ:

«Առավոտը» ներկա գտնվեց կոնսերվատորիայում անցկացվող վարպետության դասերին, որոնք վարում էին Ատոմ Բրոյցը, Բրոյեն Թոմսընը եւ Ռոջեր Էվջենտը: Մեզ հետ զրույցում երաժիշտները իրենց հիացմունքը հայտնեցին հայ երեխաների մասին, մասնավորապես՝ Ա. Բրոյցը նշեց. «Մեր նվագախումբը շուրջ 20 տարի հայտնի է նաեւ իր՝ «Նվագախմբի անդրադարձներ» կրթական ծրագրով: Եղել ենք տարբեր երկրներում, հանդիպել ծնողազուրկ եւ անօթեւան երեխաների, անցկացրել դասընթացներ՝ նրանց համար բացահայտելով երաժշտությունը՝ որպես զորեղ ու ոգեւորիչ գործիք: Սակայն այսչափ հետաքրքրասեր եւ իրենց փողային գործիքները պարզապես սիրող երեխաների դեռ չէինք հանդիպել…»:

Հետաքրքրվեցինք ընդամենը մեկ երեկ ո Թագավորական նվագախումբը ղեկավարած Էդուարդ Թոփչյանի մասին տպավորությամբ: Բ. Թոմսընի խոսքերով՝ «հայ դիրիժորի ղեկավարածը սովորական համերգ չէր, դահլիճն այդքան լեփլեցուն էր, նույնիսկ անհանգստանում էինք, թե ինչպես է շուրջ 2 ժամ ոտքի վրա հայ հանդիսատեսը խաղաղ ունկնդրում դասական երաժշտություն»: Ռ. Էվջենտն էլ գովեստի խոսքեր չխնայեց երգիչներ Հասմիկ Պապյանի եւ Բարսեղ Թումանյանի հասցեին, նաեւ ժպտալով հավելեց, թե նույնիսկ հայկական կերակուրն է ազգի նման ջերմ եւ համեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել