Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե աշխարհը Արկտիկայի բնական ռեսուրսների համար տարբեր երկրների կողմից ուժային հնարավոր դիմակայությունից վախենալու հիմքեր չունի: ՌԴ վարչապետն այս մասին հայտարարել է «Արկտիկա՝ երկխոսության տարածք» միջազգային ֆորումի ժամանակ՝ անդրադառնալով Արկտիկայի համար «ճակատամարտեր» սկսվելու մասին կանխատեսումներին: «Մենք հստակ տեսնում ենք, որ Արկտիկայում սարսափելի այդ սցենարների մեծամասնությունը ռեալ հիմքեր չունի: Դրանք արվում են տարածաշրջանի պետություններին կռվեցնելու, նրանց միջեւ բախումներ առաջացնելու նպատակով, որպեսզի հետո փորձեն, ինչպես մեզ մոտ են ասում, պղտոր ջրում ձուկ որսալ»,- հայտարարել է Պուտինը՝ խոստովանելով, որ Արկտիկան մի տարածք է, որտեղ բախվում են շատ երկրների քաղաքական եւ տնտեսական շահերը, բայցեւ շեշտելով, որ «Արկտիկայում միայնակ ապրելը դժվար է»: Ավելի վաղ ՌԴ կառավարությունը հայտարարություն էր տարածել, որում համոզմունք էր հայտնել, թե Արկտիկայում չկան հարցեր, որոնք ուժային լուծում են պահանջում, իսկ տարածաշրջանում իրենց ինքնիշխան իրավունքների ապահովումը ռազմաքաղաքական բլոկներ ձեւավորելու հրամայական առաջ չի բերում»:
Հիշեցնենք, որ բնական հանածոներով ու հատկապես նավթով հարուստ Արկտիկայի նկատմամբ հավակնություններ է դրսեւորում «արկտիկական հնգյակը»՝ Ռուսաստան, ԱՄՆ, Կանադա, Դանիա եւ Նորվեգիա: Բացի այս պետություններից, Արկտիկայի բնական հարստություններին մուտք ունենալու հայտ է ներկայացրել ավելի քան 20 երկիր, այդ թվում՝ Չինաստանը: