Հինգշաբթի օրը Ֆրանսիայում փաստացի ու ամբողջապես կաթվածահար է եղել հասարակական տրանսպորտի աշխատանքը, փակ է եղել մանկապարտեզների, դպրոցների եւ պետական հիմնարկների մեծ մասը: Աշխատավայր հասնելու համար, ըստ BBC-ի, մարդիկ ստիպված են եղել «կռիվ տալ» հազվադեպ հանդիպող ավտոբուսներում եւ գնացքներում տեղ ունենալու եւ աշխատանքի հասնելու համար: Փակ է երկրի երկաթգծերի մոտ կեսը, ճեպընթացները ընդհատումներով աշխատել սկսել են դեռ լույս հինգշաբթի գիշերը, Օրլի, Շարլ դը Գոլ օդակայաններում չվերթների գրեթե կեսը չեղյալ է համարվել:
Երկրի արհմիությունները սեպտեմբերի 23-ին բողոքի հերթական ակցիա են նախաձեռնել՝ նախագահ Սարկոզիի կառավարության ներկայացրած կենսաթոշակային բարեփոխումների դեմ: Առավել խոշոր քաղաքներում զանգվածային ցույցեր են տեղի ունեցել:
Ակցիաների կազմակերպիչները հույս ունեն, որ այս անգամ բողոքի իրենց նախաձեռնությանը կմասնակցեն ավելի մեծ թվով բնակիչներ, քան սեպտեմբերի 7-ին էր, երբ փողոց էր դուրս եկել ավելի քան մեկ միլիոն մարդ:
Այդուհանդերձ, նախագահ Սարկոզին շարունակում է պաշտպանել բարեփոխումների ծրագիրը՝ պնդելով, թե դա անհրաժեշտ է ազգային բյուջեի դեֆիցիտը նվազեցնելու համար:
Հիշեցնենք, որ կենսաթոշակային բարեփոխումներ նախատեսող այս օրինագիծը, որով նվազեցվում է ե՛ւ կենսաթոշակի չափը, ե՛ւ կենսաթոշակային տարիքի շեմը, երկրի խորհրդարանի ստորին պալատում արդեն ընդունվել է: Հոկտեմբերի 5-ին օրինագիծը քննարկվելու է արդեն Սենատում, որի պատգամավորները կառավարական մեծամասնության ներկայացուցիչներ են:
Արհմիություններն ու ընդդիմությունը պնդում է իր դիրքորոշումը՝ հայտարարելով, թե բարեփոխումները հիմնական բեռը դնում են աշխատողների ու հատկապես կանանց, նաեւ գործազուրկների ուսերին:
Արհմիությունները բարեփոխումների իրենց այլընտրանքային ծրագիրն են առաջարկում: Ըստ այդմ՝ կենսաթոշակային թանկարժեք համակարգի ֆինանսավորման նպատակով առաջարկվում է հարկել պարգեւավճարներն ու բարձր եկամուտները: