Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ՝ ԸՆՏԱՆԻՔԻՍ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ»

Սեպտեմբեր 24,2010 00:00

Հարցազրույց ամերիկահայ գրող եւ լրագրող Կարին Հովհաննիսյանի հետ, ում «Family of Shadows» գիրքը օրերս թողարկվել է Harper Collins հրատարակչության կողմից:

\"\"
Կարին Հովհաննիսյանը հոր՝ ՀՀ առաջին արտգործնախարար
Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:

– Ընդհանուր գծերով խնդրում եմ ներկայացնեք՝ «Family of Shadows» գիրքը հատկապես ո՞ր ընթերցողին է ուղղված:

– «Family of Shadows»-ը հայ ժողովրդի պատմությունն է՝ արտացոլված իմ ընտանիքի պատմության մեջ: Իմ պապիկի հայրը՝ Գասպար Հովհաննիսյանը, մեզ ուղեկցում է ցեղասպանության ճանապարհով: Նրա աչքերով ենք տեսնում մեր երկրի կործանումը: Իմ պապիկը՝ Ռիչարդը, մեզ համար լուսավորում է ամբողջովին ուրիշ մի աշխարհ՝ նորածին սփյուռքը՝ իր բոլոր տկարություններով ու երազներով: Իսկ հորս մասին դուք արդեն գիտեք: Մենք գտնում ենք Րաֆֆիին վերադարձի ճանապարհին եւ հետեւում ենք նրան մինչեւ անկախ Հայաստան: Երեք գլխավոր կերպարներն էլ ապրել են յուրահատուկ կյանքեր՝ հանրային, ինչպես նաեւ ներքին, բայց տեսեք, թե միասին վերցրած ինչպիսի կատարյալ շրջանակ են կազմում:

– Ի՞նչ եք կարծում՝ այն կհետաքրքրի՞ օտար ընթերցողին, մանավանդ որ՝ ավելի շատ փաստագրական է, քան գեղարվեստական:

– Ես գրականության մարդ եմ, բայց նույնիսկ ես գիտեմ, որ գրականությունն այլեւս մենաշնորհ չունի գեղեցկության, հավերժական ու համաշխարհային արժեքների վրա: Այլեւս իրականությունն է դարձել արվեստ, ու հավատացեք, որ հայ ժողովրդի պատմությունը, որը բեմադրվել է մեր փոքրիկ բարձրավանդակի վրա, հետաքրքիր եւ հարազատ կարող է լինել բոլոր «հանդիսատեսների» համար:

– Ինչո՞ւ ընտրեցիք ցեղասպանության թեման:

– Միգուցե հարցնեիք՝ ինչո՞ւ չկարողացաք ազատվել ցեղասպանության թեմայից: Չէ՞ որ դա մեր պատմության վերջն ու սկիզբն է:

– Դուք չորրորդ սերունդ եք, ծնվել եւ մեծացել եք ԱՄՆ-ում, երեւի թե կորստի ցավը պիտի նահանջած լիներ, մինչդեռ ձեր գրքում մեծ տեղ ունի Եղեռնի թեման:

– Ես գիտեմ հերոսական 1965-ի մասին, բայց միեւնույն է, թույլ տվեք առաջարկել այն տեսակետը, որ Սփյուռքում ցեղասպանության խարույկն ավելի վառ է պահվել, քան Հայրենիքում: Չէ՞ որ Սփյուռքն ուղղակիորեն ցեղասպանության արդյունք է: Չէ՞ որ Հայրենիքում եղել են ուրիշ խնդիրներ՝ Ստալին ու Արցախ, իսկ Սփյուռքում 75 տարի տառապել են ցեղասպանությամբ: Մեծ եղեռնի ցավը պահել, փայփայել ու կատարելագործել են: Այդ ցավը միֆ ու գրականություն են դարձրել:

– Ձեր պապիկը անվանի հայագետ եւ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանն է, արդյո՞ք նաեւ դա է պատճառը, որ ձեր «Family of Shadows» գիրքն ավելի շատ պատմական «թեքում» ունի: Ինչքա՞ն ժամանակ է պահանջվել, որպեսզի ծնվի այս գիրքը, ինչպիսի՞ սկզբնաղբյուրներից եք օգտվել:

– Երկու տարվա ընթացքում կատարել եմ հարյուրավոր հարցազրույցներ Լոս Անջելեսում, Ֆրեզնոյում, Նյու Յորքում, Երեւանում: Սպառել եմ շատ ու շատ արխիվներ՝ թե՛ ընտանեկան, թե՛ կուսակցական, թե՛ պատմական, Վաշինգտոնից Բեյրութ, Բոստոնից Երեւան: Մեր Ազգային գրադարանում եւս բավականին ժամանակ եմ անցկացրել: Սա հետազոտական փուլն էր եւ, իհարկե, ես աշխատում էի պապիկիս ստվերում: Բայց գրելը… դա ուրիշ բան է: Ստեղծագործելիս արդեն ազատվեցի պատմական ոճից: Պատմաբանը իրավունք ունի ձանձրացնելու, իսկ ես ինձ այդ իրավունքը չեմ վերապահել: Եթե գիրքը ձեզ չհետաքրքրեց, ուրեմն այն չի ստացվել:

– «Family of Shadows»՝ թարգմանաբար նշանակում է ստվերների ընտանիք: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս վերնագիրը:

– Մի նախադասություն Աստվածաշնչից ու մնացածը հանձնեմ ձեր երեւակայությանը. «Դու շփոթում ես սարերի ստվերները մարդկանց հետ»:

– Բոլոր հերոսները իրակա՞ն մարդիկ են: Արդյոք հաջողվե՞լ է անաչառ լինել այն կերպարների հանդեպ, ովքեր ձեր հարազատներն ու բարեկամներն են:

– Հերոսները հանգչել են, իհարկե: 20-րդ դարը գերեզման է հերոսների: Բայց դեռ կան մարդիկ, որոնք ունեն ճակատագիր, կամ էլ մարդիկ, որոնք մերժում են ճակատագիրը: Դեռ կան կերպարներ, որոնք ապրում են գեղարվեստական կյանքեր… Ես փորձել եմ անաչառ լինել՝ ոչ միայն, որովհետեւ ես լրագրող եմ ու հարգում եմ փաստն ու իրականությունը, այլ նաեւ այն պատճառով, որ գիտեմ գրականություն ու գիտեմ, որ իսկական մարդը ավելի գեղեցիկ է, քան հերոսը:

Հ. Գ. Սեպտեմբերի 21-ին գրքի շնորհանդեսը կայացավ Ֆրեզնոյում, որովհետեւ հեղինակի Գասպար պապիկը եղեռնից հետո հանգրվանել է հենց այդ քաղաքում, այնուհետեւ «Family of Shadows»-ը ներկայացվել է Գլենդելում: Ավելի ուշ շնորհանդեսը կլինի Սան Ֆրանցիսկոյում, Նյու Յորքում, Բոստոնում եւ Վաշինգտոնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել