Վաղ առավոտյան տեսարան Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուց:
Արմեն դը Շուշին:
Շուշիի երեխաները:
Հովհարի ջրվեժը՝ Շուշիում:
Հունոտի կիրճը՝ Շուշիում:
Մամուլի շենքի մոտ անսպասելիորեն հանդիպեցի ֆրանսահայ Արմեն Ռակեդջյանին, որն արդեն վեց տարի է, ինչ բնակվում է Շուշիում։ Նա մինչեւ 2004 թվականը` «Հայաստան» համահայկական հիմնադրամի փարիզյան գրասենյակում զբաղվում էր վերաբնակեցման հարցերով, ի վերջո եկավ այն եզրակացության, որ ինքը վերաբնակիչների համար պետք է օրինակ հանդիսանա։
– Այն տարիներին շատ էին խոսում մեր հինավուրց Շուշին Ադրբեջանին հանձնելու մասին, – մեր առաջին հանդիպման ժամանակ պատմել էր Արմենը, – իսկ դրան արգելելու ճանապարհներից մեկն էլ բերդաքաղաքի ինտենսիվ բնակեցումն է։ Եկա, տեսա պատերազմից մնացած ավերակները, մարդկանց անգործությունը, ու ոչ թե հուսալքվեցի, այլ որոշեցի Շուշիում հաստատվել ու ամեն գնով նպաստել նրա վերաբնակեցմանը։
Արմենը 50 հազար եվրոյի ներդրում կատարեց, ձեռք բերեց չորս կոմերցիոն տարածք, նպատակադրվելով աշխատատեղեր ստեղծել։ Սակայն Շուշին պատրաստ չէր նման գործունեության, ու սկսնակ գործարարը պարտքի տակ մնաց։ Դա էլ չվհատեցրեց փարիզահային, նա երեք տարի Արմեն դը Շուշի անունով թղթակցեց «Լենուվել դը Արմենի մագազին» լրատվական պարբերականին։
– Արմեն դը Շուշի,- ասացի ես,- ի՞նչն է քեզ ստիպել թողնել Շուշին եւ Երեւանի մամլո շենքի մոտ հայտնվել։
– Շուշիում ինձ հայտնեցին, որ գերմանական հեռուստատեսության թղթակիցն է ուզում ինձ հետ զրուցել, եկա, բայց նրանք այդպես էլ չեկան Թիֆլիսից։ Սակայն քեզ հետ զրուցելն ավելի կարեւոր է։
– Այո, մանավանդ որ «Առավոտ» թերթի երեւանյան ճամփորդության մեջ ես հայտնվել։ Պատմիր, հիմա ի՞նչ գործունեություն ես սկսել Շուշիում։
– Անցյալ տարի հիմնեցի «Աղավնի» հասարակական կազմակերպությունը, միջոցառումներին զուգահեռ հիմնականում գովազդում ենք տնտեսական հիմունքներով ներդրումները։ Նախ, դրսի աշխարհի հետ Արցախի կապերի ամրապնդումն է, օրինակ, Արցախ-Ֆրանսիա հարաբերությունների զարգացումը, որն ինձ համար ավելի հեշտ է։ Զբաղվում ենք օտար լեզուներին երեխաների տիրապետման խնդրով, բնակչությանը օգնում ենք թարգմանությունների հարցում։ Ունենք երեք վեբ կայք՝ www.shoushi.nk.am, www.
aravni.org, www.amkrtchyan.
nkr.am, որոնց միջոցով տարածում ենք Շուշիի խնդիրները։ Հիմա չորս լեզուներով ինտերնետային թերթ ենք ստեղծում։
– Արմեն, իմացա, որ ամուսնացել ես։ Շնորհավորում եմ։
– Այո, կինս՝ Քրիստինա Մանյանը, Ռումինիայի Տրանսիլվանիայի մարզի հայկական ընտանիքից է, միջազգային հարաբերությունների մասնագետ է, տիրապետում է վեց լեզուների, հիմա Շուշիում Արցախի թեմի եւ «Աղավնի» հ/կ-ի համատեղ ստեղծած Մշակութային կենտրոնի տնօրենն է։ Այն գործում է հասարակական հիմունքներով եւ առաջին հերթին օգնում է երեխաներին՝ պատրաստելու դասերը։ Գործում է նաեւ համակարգչային «ակտիվիտե», որտեղ երեխաներին հնարավորություն է տրվում օգտվելու նոր տեխնոլոգիաների հնարավորությունից ու համացանցից։ Ընդարձակ սրահում հնարավորություն կա անցկացնելու գիտաժողովներ, տարբեր հարցերի քննարկումներ, այլ միջոցառումներ։ Տեղադրել ենք սեղանի թենիս եւ բիլիարդ։
– Լավ, Արմեն, դրանով դեռեւս Շուշին չի շնչավորվում։
– Մեր հիմնական նպատակը հին շինությունների վերականգնումն է ու Շուշի բերդաքաղաքի լիարժեք բնակեցումը։ Կարծում եմ, որ ամեն ինչ պետք է սկսել նորմալ էլեկտրամատակարարումից։ Ընդհատումները պետք է բացառվեն։ Հոսանքի տատանումները պետք է հնարավորինս նվազեցվեն։ Այլապես ներդրողները կխուսափեն որեւէ գործ սկսել։ Մի ներդրող տեսավ հոսանքի այս տատանումներն ու հրաժարվեց ներդրումից։ Սա շատ կարեւոր խնդիր է։ Հաջորդը ջրի խնդիրն է։ 18 կմ ջրագիծ սարքելը սխալ մոտեցում էր։ Ինչպես հնում՝ անձրեւաջրերով հագեցած գետի ջուր են բերում, խուսափելով Քիրսի առատ աղբրաջրերից։ Առատ ու պղտոր ջուր են բերել քաղաք։ Գոնե մաքրման կայան կառուցվեր՝ մինչ ջրահավաք մտնելը։ Ջրի խնայողության ռեժիմ գոյություն չունի։ Քաղաքի սանիտարական վիճակը, հակառակ Ստեփանակերտի, շատ վատ է։
– Շուշիում տարբեր ուղղություններով արդեն որոշակի ներդրումներ կան, չէ՞։
– Այո, Շուշիում տարբեր կազմակերպություններ են գործում, սակայն այդ ներդրումների միայն 2%-ն է օգտակար լինում, այսինքն՝ այդ ամենը ցուցադրական է, իսկ իրականում քաղաքի համար ներդրողները շահագրգիռ չեն։
– Օրինակներ կարո՞ղ ես բերել։
– Հիվանդանոց տանող ճանապարհը վերանորոգման մեջ չի ընդգրկված։
– Ինչպես քեզ հայտնի է,- ասացի ես,- «Շուշի» բարեգործական հիմնադրամի ծրագիրը եզակի բերդաքաղաքի 19-րդ դարի ճարտարապետական միջավայրի վերականգնումն է ու պահպանումը, զբոսաշրջության համար պայմանների ստեղծումը։ Փողոցների ասֆալտապատումը այս դեպքում ի չիք է դարձնում մեր ծրագրերը։ Նախանցյալ դարի միջավայրը սալարկած փողոցներն էին, իսկ այսօր դրանք ծածկվում են ասֆալտի շերտով։ Շուշին աստիճանաբար կորցնում է 19-րդ դարի հմայքը։ Սա լուրջ կորուստ է։
– «Հայաստան» համահայկական հիմնադրամը տների տանիքները նորոգում է՝ մեկ քառակուսի մետրը երեսուն հազար դրամ ծախսով։ Դա շատ-շատ է։ Աբովյանի անվան դպրոցն են նորոգում, իսկ իրականում այն նման նորոգման կարիք չուներ, այսինքն՝ հրատապ խնդիրը չէր։ Հիվանդանոցի վերանորոգման համար 300 հազար եվրո ծախսվեց, վիրահատարանը վերանորոգվեց, բայց այնտեղ ընդհանրապես վիրահատություն չեն անում։ Գրադարանը վերանորոգեցին, սակայն իրականում հրատապը այլ բան է։ «Շուշի վերածնունդ» հիմնադրամը հեռուստամարաթոնով $5 միլիոն հավաքեց, գումարած «Երեւան» հիմնադրամի հատկացված հսկա գումարները, իսկ այդ գումարները Շուշիում չեն երեւում։ Իբրեւ թե նկուղային հարկում տպարան են բացել Շուշիում։ Այն չի աշխատում։ Բիզնես կենտրոն են բացել, բայց չի գործում։ Այդ ամենը Շուշիի բնակեցմանը չի ուղղված։ Սա է ցավը։
– «Շուշի վերածնունդ» հիմնադրամը փակվել է, այլեւս չի գործում։ Հիմնադրամի նախագահը նախարարի պաշտոն է ստացել, տնօրենը Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոս է նշանակվել։
– Հետաքրքիր «պատիժ» է։ Ես նրանց չէի ճանաչում։
– Բախտդ բերել է։ Արմեն, երբ մեր հիմնադրամը կազմակերպել էր հին շինությունների չափագրումը, մասնավոր տների մեծ մասը փակ էր, տերերը քաղաքից, նույնիսկ հանրապետությունից դուրս էին, ուստի եւ չափագրելն անհնար էր դարձել։
– Մինչ նոր նախագահի՝ Բակո Սահակյանի գալը, Շուշիի տները սեփականաշնորհվել էին։ Դրանք անօրեն գործարքներ են, քանի որ այդ տերերը այդտեղ չեն բնակվում։ Մոսկվայում ապրող բնակարանի տերը խնդրում է իր ծանոթին, որ տարին մի անգամ այցելի իր բնակարանը։ Այսօր իշխանությունները գիտակցում են այդ սխալը, ու դադարեցրել են նման սեփականաշնորհումները։ Բայց հիմա բնակարանների սպեկուլյացիա է սկսվել։ Եթե մի բնակարանը 2006-ին երեք հազար դոլար արժեր, երկու տարի անց այն հասավ ութ հազարի։ Պետական հիփոթեքային ծրագրով ֆինանսավորումը նպաստեց սպեկուլյացիային։ Իսկ այս երեւույթը ամենեւին չի նպաստում քաղաքի բնակեցմանը։
– Ի՞նչ լուծում ես առաջարկում։
– Օրենքը թույլ է տալիս ավելի ռացիոնալ եւ արդյունավետ ձեւով լուծել բնակեցման խնդիրը։ Օրինակ, կարելի է բարձր հարկ նշանակել չշահագործվող, չբնակեցված տարածքների վրա, ասենք՝ ամսական տասը հազար դրամ՝ մեկ քառակուսի մետրի համար։ Բնակարանը որպես ամառանոց պահելը խիստ թանկ կնստի, ստիպված կլինեն վարձով հանձնել կամ անվճար հատկացնել մարդկանց՝ քաղաքապետարանի հետ հատուկ պայմանագրով։ Ստեփանակերտից շատերը կգան բնակվելու Շուշիում։ Այս դեպքում պետք է այդ վերաբնակիչների համար ապահովել Ստեփանակերտ աշխատանքի անվճար գնալ գալը։ Դա էլ կվերացնի սպեկուլյացիան։ Շուշիում տասնյակ դատարկ բնակարաններ կան։ Բնակչությունը կավելանա շուրջ հազար շնչով։
– Անշուշտ, շահողը Շուշին կլինի։ Գոյություն ունի Ստեփանակերտից որոշ գերատեսչությունների, հիմնարկների՝ բերդաքաղաք տեղափոխման ծրագիրը։ Ինչպե՞ս ես այն գնահատում։
– Հիմնականում՝ բացասական։ Նախ՝ մրցակցություն է ստեղծվում Ստեփանակերտի ու Շուշիի միջեւ։ Տեղափոխված հիմնարկի մասնագետները չեն ուզում Շուշի տեղափոխվել, քանի որ այնտեղ հարմարավետ բնակարան չունեն։ Իսկ ամեն աշխատակցին բնակարան նվիրելը շատ թանկ կարժենա պետությանը։
– Լուծումը ո՞րն է։
– Մեզ ոչ թե փող է պետք, այլ օրենք աշխատեցնել։ Իսկ փողը հերիքում է, միայն թե այն ճիշտ ծախսվի։ Արցախի մասշտաբով լուրջ բարենորոգումներ պետք է արվեն։ Այդքան նախարարությունների, գերատեսչությունների կարիք ունի՞ ԼՂՀ-ն։ Ամենեւին։ Պետք է վերակառուցել երկրի կառավարման ձեւը։
– Ես կբարեխոսեմ, որ քեզ քաղաքապետ նշանակեն,- ասացի ես։
– Պետք չի։
– Ինչո՞ւ։
– Որովհետեւ քաղաքապետին ժողովուրդն է ընտրում։ Իսկ մենք պետք է հասնենք նրան, որ ժողովուրդը ընտրի,- ասաց շուշեցին։
– Երեւի մի օր նախագահը կմտածի, որ դու քաղաքապետ լինելու լավ թեկնածու ես։
– Իմ առջեւ փակ են նախագահական նստավայրի ու կառավարական տան դռները։
– Տեսնո՞ւմ ես, քո ակտիվությամբ ու պահանջներով արդեն իշխանությունների ուշադրության կենտրոնում ես։ Դա շատ կարեւոր հանգամանք է։
– Իմ երեխաները Շուշիում են ծնվելու։ Ես ուզում եմ, որ նրանք լավ միջավայրում ապրեն, հասունանան, հանուն իրենց ծննդավայրի աշխատեն, ստեղծագործեն։ Դա նաեւ Շուշիի ամեն մի բնակչի երազանքն է։ Ինձ շատ է հետաքրքրել բերդաքաղաքի Ադամյան փողոցի ձեր հիմնադրամի կազմած նախագիծը։ Մի ամբողջական փողոցի վերականգնումը անհատ ձեռներեցների շահութաբեր բիզնեսի ներդրումներով կարող է շատերին գրավել, մանավանդ որ այն ավարտվում է սեփականաշնորհումով։ Մեր «Աղավնի» կազմակերպությունը միանում է «Շուշի» բարեգործականի ծրագրին։