Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կանխենք երեխաների հոսքը՝ աղանդներ

Սեպտեմբեր 24,2010 00:00

Երեկ Վանաձորում Հայորդաց տան բացման արարողությանը, ցավոք, բոլոր հավատացյալները չէ, որ կարող էին ներկա գտնվել: Հրավիրատոմսերը դահլիճի աթոռների թվով էին:

\"\"Հայաստանում Հայորդաց տների կառուցման նախաձեռնությունը սկսվել է դեռ 1990-ին, երբ Սարգիս եւ Հռութ Բեդեւյանները ցանկություն հայտնեցին Հայաստանի համար որեւէ մնայուն գործ թողնել, նրանց առաջարկվեց Երտասարդաց կենտրոններ բացել, բայց քանի որ Վանաձորը չուներ մայր եկեղեցի, 2005-ին կառուցվեց եւ օծվեց Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին, ապա հիմք դրվեց նույնանուն Հայորդաց տան շինարարությանը, որի կառուցման համար ծախսվել է 583 մլն դրամ:

Հայորդաց տունը կառուցվել է Վանաձորի Ավետարանական եկեղեցու հարեւանությամբ, քիչ ներքեւ՝ Եհովայի վկաների, իսկ վերեւում՝ Հոգեգալստական ճյուղի աղոթատեղիներն են: Հայ առաքելական սուրբ եկեղեցու Գուգարաց թեմի Քարոզչության եւ դաստիարակության կենտրոնի տնօրեն տեր Վահան քահանա Ազարյանը կարծում է, որ առաջին հերթին Հայորդաց տները պետք է կոփեն մարդու հոգին, քանզի հավատքի մեջ ամուր մարդուն հնարավոր չէ շեղել որեւէ ուղղությամբ. «բոլոր աղանդավորական շարժումներն էլ վտանգավոր են, նրանք դեմ են ոչ միայն եկեղեցուն, նաեւ պետությանը: Ավետարանական եկեղեցին 4 տարբեր անվանումներ ունի: Աստված չանի՝ մի օր իրար միանան, ամեն բան էլ կարելի է սպասել: Հենց Հայորդաց տների միջոցով պետք է կանխել հոսքը դեպի աղանդներ»:

Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանն էլ կարծում է, թե մի տարի հետո արդեն պարզ կլինի նպատակներն որքանով են իրականացվել: Ըստ հոգեւորականի, ուսուցիչները որքան ճիշտ դաստիարակեն երեխաներին, այնքան շուտ կզգանք արդյունքները: «Դպրոցից տուն ճանապարհը շատ երեխաների համար շեղվելու, իր ակունքներից հեռանալու պատճառ է դառնում, քանի որ երեխայի հոգին նուրբ է եւ կոտրելը հեշտ, սա մտահոգիչ առիթ է շատ ծնողների համար, ուստի այս Հայորդաց տունը շատ երեխաների իր հարկի տակ հավաքելով՝ կկրթի, քանի որ ամուր կրթությունը ամուր հավատքի հիմքն է»,- վստահ է Չուլջյան սրբազանը:

Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայորդաց տների տնօրեն տեր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը խիստ է դատում այն մարդկանց, ովքեր ուրանալով Հայ առաքելական եկեղեցին, շահի հետեւից ընկած՝ աղանդավորական շարժումներում են ընդգրկվում. «Նա, ով ուրանում է հայ եկեղեցին եւ հայ քրիստոնյա մարդու կերպարը, նա դավաճան է, դարեր շարունակ հայ մարդը ինքնազոհողության է գնացել, բայց իր կրոնից չի հրաժարվել: Նա, ով վաճառում է իր հոգին 1 կգ սննդի համար՝ կորցնում է իր արժեքը, մենք ամեն ինչ անում ենք նրանց դարձի բերելու համար, որ հայ ոգեղեն արժեքները չայլանդակեն եւ չայլասերեն»:

Բոլոր հոգեւորականները համակարծիք են, որ աղանդների դեմ միայն եկեղեցին չի կարող պայքարել, պետական կառույցները մեծ դեր ունեն: Նախ պետք է քայլեր ձեռնարկել մարդկանց ինքնագնահատումը բարձրացնելու, իսկ դա սերտ կապված է երկրի տնտեսության, գյուղատնտեսության, նաեւ կրթության հետ: Նրանց խոսքերով, աղանդավորական շարժումները ներգրավում են մարդկանց անվճար սննդով, ինչու չէ՝ նաեւ կրթությամբ: Սոված մարդը ինչքան էլ ենթագիտակցորեն հասկանա, որ հայկականը պահպանել է պետք, չի կարող միայն այդ գիտակցումով պահել երեխային, սոցիալական լուրջ ծրագրեր են հարկավոր:

Վանաձորի Հայորդաց տունը Հայաստանում 8-րդն է: Ինչպես բարերարները նշեցին, Հայորդաց տները ոչ թե պահեստների, այլ դարբնոցների վերածելով պետք է կանխենք մանուկների շեղումը իրական քրիստոնյա հավատից եւ հոսքը դեպի աղանդներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել