«Ֆոլքսվագենի» վարորդը ե՞րբ հասցրեց ավտոմեքենայի համարանիշները թաքցնել:
«Կրայսլերի» 19-ամյա վարորդի ինքնությունը տեղում ճշտում է ՃՏՀ քննության բաժնի քննիչը:
Սեպտեմբերի լույս 23-ի գիշերը, ժամը 00.30-ի սահմաններում, Երեւանի Աբովյան եւ Կորյունի փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆոլքսվագեն» եւ «Կրայսլեր» մակնիշների մեքենաները: «Կրայսլերի» վարորդ՝ Երեւանի Նազարբեկյան փողոցի 12 շենքի բնակիչ, 19-ամյա Նարեկ Մարատի Մարդոյանին շտապօգնության ավտոմեքենան տեղափոխեց «Էրեբունի» բժշկական կենտրոն: «Կրայսլերի» ուղեւոր՝ Մարգարյան 3-րդ հատվածի 11 տան բնակիչ՝ 21-ամյա Ալլա Գրիշիկի Ղազարյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն:
Նարեկը սովորում է Երեւանի պետական մանկավարժական համալսարանում, իսկ Ալլան՝ «Հայբուսակ» համալսարանում:
Ականատեսների պատմելով, «Կրայսլերի» համարանիշը եղել է 41 ՏՈ 111, իսկ «Ֆոլքսվագենի» վրայից, մինչ ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ժամանելը, անհայտ անձինք հանել են համարանիշները: «Ֆոլքսվագենի» վրա եղել են պետական-կառավարական համարանիշներ: «Ֆոլքսվագենի» ղեկին եղել է Ավանի 7-րդ փողոցի 2-րդ նրբանցքի բնակիչ՝ 24-ամյա Հմայակ Վազգենի Վարոյանը: Դեպքի վայրում էին ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի աշխատակիցն ու Երեւանի ՃՈ աշխատակիցները: Շուրջ 3 ժամ նշված հատվածում ավտոմեքենաների երթեւեկությունը դադարեցվել էր: