Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱՅՆ ԹԵ ՈՒՆԵՆԱՆՔ «ԵՐԿԱՐ ՓՈՂԵՐ»

Սեպտեմբեր 24,2010 00:00

Կենսաթոշակային բարեփոխումնե՞ր

Հաջորդ տարվա սկզբից ՀՀ քաղաքացիները (մինչեւ 1974 թ. ծնվածները) կարող են արտոնագիր ունեցող որեւէ ֆինանսական կառույցի դիմել եւ կատարել ապագա թոշակի առաջին վճարումները: Սրանով Հայաստանում կսկսվեն կենսաթոշակային բարեփոխումները: Ոլորտի պատասխանատուները հավաստիացնում են, որ նոր համակարգն արդար է, ֆինանսապես կայուն ու թափանցիկ: Փորձենք վերլուծել, թե այն որքանո՞վ է ընկալելի, համոզիչ մեր քաղաքացիներին: Հարցման արդյունքում պարզեցինք, որ 100 երեւանաբնակներից 80-ը ԶԼՄ-ներից լսել է սպասվող փոփոխությունների մասին, այդուհանդերձ, պատկերացում չունի ներդրվող համակարգի ու դրանում կիրառվող մեխանիզմների մասին եւ չի հավատում նոր գործընթացին, չի էլ ուզում իմանալ, թե ի՞նչ է սպասվում, 15 տոկոսը տեղեկացված էր, որ նոր համակարգը պարտադիր կիրառվելու՝ 1974 թվից հետո ծնվածների նկատմամբ սկսած 2014 թվից եւ գործընթացի նկատմամբ չեզոք դիրքորոշում ուներ, 5 տոկոսը բոլորովին անտեղյակ էր:

ԱԺ-ում «Կենսաթոշակային» փաթեթն անցել է առաջին ընթերցումը: Այն ընդունվելուց հետո, հաջորդ տարվա սկզբից ամեն աշխատող իր ցանկությամբ՝ կամավոր կկարողանա գործող՝ «բաշխողական» համակարգից անցնել «կուտակայինի»: Այս գործընթացը ենթադրում է շուկայական նոր գործիքների ծնունդը. այն է՝ հետագայում ստեղծվելու են մասնագիտական կենսաթոշակային հիմնադրամներ: Պարտադիր կուտակային համակարգի ներդրմամբ թոշակի չափն այդուհետ հաշվարկվելու է իբր առավել արդար տարբերակով՝ կախված քաղաքացիների աշխատավարձից եւ աշխատելու տարիներին կենսաթոշակային ֆոնդին փոխանցած գումարի չափից: Ընդ որում՝ մինչեւ 500 000 դրամ աշխատավարձ ստացողները վճարումները կկատարեն իրենց աշխատավարձի 5 տոկոսի չափով, եւս 5 տոկոս կփոխանցի պետությունն այդ աշխատողների անհատական հաշվին (500 000 դրամից ավելի աշխատավարձ ունեցողներին պետությունը 25 000 դրամից ավելի չի վճարի): Առաջին հայացքից թվում է, թե ամեն ինչ լավ է ասված, մինչդեռ այսօր այդ գումարները հավելյալ բեռ չե՞ն դառնում մեր խղճուկ բյուջեի վրա, որն անզոր է սոցիալական շատ ու շատ հարցեր լուծելու: Չի լուծված անօթեւանների խնդիրը, բնակարանների բարելավման ու նվազագույն զամբյուղի խնդիրներին մոտ չենք գալիս, կենսաթոշակներին ու կենսաթոշակառուներին նայելիս՝ մարդու լացն է գալիս, անկախության տարիներին, շնորհիվ սոցապ նախկին նախարար ու հավերժ նախարար Հրանուշ Հակոբյանի՝ խեղաթյուրվեցին առողջության համար «վտանգավոր» ու «հատուկ վտանգավոր» կատեգորիաները, իսկ Հայաստանը լավ զարգացած քիմիական արդյունաբերության երկիր էր. թունավոր արտադրամասերում նույն աշխատանքը կատարած Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի աշխատողներն այսօր մի քանի անգամ ավելի թոշակ են ստանում մեր քաղաքացիներից, քանզի նրանց վճարում են ըստ արժանվույն, պահպանելով խորհուրդների ժամանակ սահմանած նախկին նորմերը. իսկ ի՞նչ արեցին մերոնք՝ խեղաթյուրեցին արտոնյալ պայմաններով թոշակի անցնելու պայմանները:

Նոր ծրագրի ֆինանսական մասով պատասխանատուները հավաստիացնում են, որ նոր համակարգը լրացուցիչ բեռ չի առաջադրելու գործատուներին, ավելին՝ նախկին մի քանի հարկերի փոխարեն գործելու է միասնական մեկ հարկ՝ 26%-ի չափով (սա հավասար է գործող համակարգի գումարային հարկերին): ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանի հավաստմամբ (ըստ ԶԼՄ-ների հրապարակումների), խթաններ են ստեղծվելու, որպեսզի գործատուն հարկի բեռը չդնի աշխատողի վրա, եթե մարդը վաստակում է 100 000 դրամ, ապա նոր համակարգին անցնելուց հետո կրկին այդքան կստանա: Հասկանալի է, որ սա «ազնիվ խոսքի» հիման վրա է: Մեր իրականությունում հնարավո՞ր է նման բան, որ խնդրին նոր մոտեցում ցուցաբերվի ու այն չդառնա աշխատողի գլխին մի բան ստեղծելու պատրվակ: Գուցե ոլորտի պատասխանատուներն իրենց ասածները ամրագրեին, որ հակառակ պարագայում՝ աշխատողը կարող է դիմել իրենց կամ ինչ-որ մարմնի… այսինչ հեռախոսահամարով կամ այնինչ հասցեով: Այստեղ է, որ մեր քաղաքացիները անպաշտպան են, քանզի չունենք կենսունակ արհմիություններ:

Այսօր կենսաթոշակները վճարում են պետբյուջեից, նոր համակարգը ենթադրում է, որ այն վճարելու են մասնավոր կենսաթոշակային ֆոնդերը, ուր կուտակվելու են աշխատավարձից պահվող, հետագայում որպես կենսաթոշակ վճարվելիք գումարները: Նախ՝ այս համակարգը գուցե կենսունակ լինի կայացած, բարձր աշխատավարձեր ունեցող, տնտեսապես զարգացած երկրներում, իսկ մեր երկիրը որքանո՞վ է պատրաստ, որ գնում է նման քայլի: Օր օրի թանկացող մեր երկրում շատերի աշխատավարձը չի համապատասխանում նվազագույն զամբյուղին, ու պատահական չէ, որ մեզանում չի ընդունվում օրենք նվազագույն զամբյուղի մասին: Հիմա ինչո՞ւ ենք առաջ ընկնում, չէ՞ որ ամեն ինչ հերթով պետք է անել: Մենք անվերջ ոտք ենք մեկնում ամերիկաների, եվրոպաների ու զարգացած այլ երկրների հետ, տեղայնացնում նրանց համար գրված օրենքները, մոռանալով, որ մեր խղճուկ աշխատավարձով քչերը կարող են ապրել՝ բնակարան վարձել կամ գնել, մեքենա ձեռք բերել, երեխաներին ուսման տալ, բանակում զինվոր պահել… այն դեպքում, երբ խորհուրդներից ժառանգել ենք անշարժ գույքի հզոր կապիտալ:

«Ֆոնդերի կառավարիչներն այդ գումարները ներդնելու են արժեթղթերի շուկաներում: Ստացվում է՝ ապագա թոշակառուն այդպես նաեւ մասնակցելու է տնտեսության զարգացմանը՝ մի կողմից նրան տալով «երկար փողեր» ունենալու հնարավորություն, մյուս կողմից էլ ինքն է ձեռք բերում տոկոսային եկամուտներ»,- հավաստիացնում են պատասխանատուները: Այն, որ «երկար փողեր» տնօրինելու հնարավորություն են տալիս ֆոնդերի կառավարիչներին, փաստ է, իսկ ո՞վ է դառնալու երաշխավորը, որ այդ ֆոնդերը մտացածին չեն լուծարվի- վերանա, կամ մի նոր այլանդակություն չի ստեղծվի, որ օրենքով կամրագրեն, թե նախորդի իրավահաջորդը չէ… Չէ՞ որ բազմաթիվ օրինակներ ունենք, որ այս կերպ վերանվանված շատ հիմնարկներ հրաժարվեցին տալ արտադրությունում խեղված-հաշմված մարդկանց հասանելիք ամսական փոխհատուցումները: Չնայած վերջիններս՝ դանդաղ մահվան դատապարտվածները, փորձեցին իրենց դատը պաշտպանել առաջին ատյանի, հետո տնտեսական դատարաններում, այդուհանդերձ, լուծարվող հանձնաժողովները կամ չնչին գումար էին հատկացնում, կամ ոչինչ՝ սնանկ ճանաչելով համապատասխան ձեռնարկությունը: Սա է մեր այսօրը, մենք դառը, չմոռացվող փորձ ենք ձեռք բերել անկախության տարիներին, այդ տուժածների մի մասը դեռ քարշ է տալիս իր խղճուկ գոյությունը: Ուրեմն վաղ է «երկար փողեր» տնօրինելու մասին երազելը, սպասել է պետք… Եվ ինչ խոսք կարող է լինել արժեթղթերի շուկաների մասին, երբ այն այդպես էլ չի կայանում…

ԿԲ խորհրդի անդամ Ահարոն Չիլինգարյանը նշում է, որ երաշխիքային հիմնադրամից բացի, Կենտրոնական բանկում կլինեն վերահսկումն ու կարգավորումն ապահովող բազմաթիվ գործիքներ, իսկ ինչպիսի՞ք՝ դարձյալ հայտնի է միայն իրենց: Եվ այսպես՝ բազմաթիվ լյա լյա լյա լյա-ներ, միայն թե ունենանք «երկար փողեր», իսկ որտեղի՞ց նման փողեր, երբ չունենք միջին խավ, նորմալ աշխատավարձ, կենսամակարդակ, երբ երկրիս բնակչության մոտ 80%-ն աղքատ է (այդ թվում՝ 20%-ը ծայրահեղ աղքատ է), հազիվ է ծայրը ծայրին կպցնում, գոյատեւում է արտերկրից հարազատների ուղարկած գումարների շնորհիվ: Ուրեմն արժե՞ 2-3%-ի համար օրենք ընդունել, ծախսեր անել, որ վաղն էլ մեծամասնությանն ասեն, թե ինչո՞ւ է իրենց թոշակը ցածր, քանզի չեն կուտակել (ճպուռն ու մրջյունը առակից՝ չաշխատեցի՞ր ամառը…), իսկ որտեղի՞ց կուտակեն, որ այսօր հազիվ են ապրում: Այսօր մեր աշխատողների 80%-ի աշխատավարձը, ավելի ճիշտ՝ աղքատավարձը նվազագույն կենսազամբյուղից ցածր է, էլ ինչպե՞ս կուտակեն, թե՞ առաջիկա 3 տարում տնտեսական հրաշքներ են տեղի ունենալու մեր երկրում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել