Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակչին սպառնացել են «բոլգարկայով»

Սեպտեմբեր 24,2010 00:00

Կոմիտասի 5 ա շենքի բնակիչներն ապրում են՝ նախկինում քաղաքի տրոլեյբուսներն ու տրամվայները սնուցող ենթակայանի հարեւանությամբ: Հիմա պարպուրդի հանձնված ենթակայանը պակաս վնասակար չէ, քան նախկինում էր: Շենքի բնակչուհի Գալյա Ուստյանի պատմելով. «Ենթակայանի անջատիչները սնդիկ էին պարունակում, երբ տեխնոլոգիաները փոխվեցին, ենթակայանը մնաց բարձիթողի վիճակում, սնդիկը մնաց գետնի վրա ու շենքի երեխաների համար դարձավ խաղալիք»: Շենքի բնակիչների պատմելով, տարի չկա, որ իրենց շենքում մի քանի հոգի չարորակ ուռուցքից չմահանա. «Մենք էլ անընդհատ ասում էինք, էս ինչ նավսոտ շենք է, բայց իրականում պատճառն այն է, որ տարիներով թույն ենք շնչել»:

Հիմա ավելի, քան երբեւէ, բնակիչներն անհանգստացած են, նախորդ ամիս են պարզել, որ Արայիկ անունով մեկը գնել է շենքի բակը ու պատրաստվում է բարձրահարկ շենք կառուցել: «Մեզ ասացին, որ նախագիծն ու թույլտվությունն արդեն կա: Արդյունքում ենթակայանը պետք է տեղափոխվի, որ շենքի կառուցմանը չխանգարի, ու ամբողջ ցավն այն է, որ այն բերում են շատ ավելի մոտ մեր շենքին»,- պատմում էր շենքի բնակչուհի Սուսաննան՝ նշելով, որ 60 տարի այս շենքում են ապրել ու ենթակայանի գործունեության պատճառով մշտապես վիբրացիայի, աղմուկի ու լարված վիճակում են իրենց զգացել. «Քուն չունենք, դիվադադար ենք լինում»: Բնակիչների պատմելով, շինարարությունը սկսելու համար արդեն 5 ծառ է հատվել. «Եկան վրա տվեցին, որ կառուցեն, բնակիչները թափվեցին շինարարների գլխին ու արգելեցին: Շինարարներից մեկն էլ ձեռքի բոլգարկան առած հասավ բնակիչներից մեկի վրա ու սպառնաց խփել»:

Շենքի մեկ այլ բնակիչ՝ Նունե Շահգելդյանի խոսքերով էլ. «Բնական է, որ շինարարություն սկսելու համար պետք է փոս փորեն, տեխնիկա բերեն, պայթեցումներ անեն, այս տարածքը ժայռոտ է ու հարակից շենքերը կառուցելու ժամանակ արդեն տեսել ու լսել ենք պայթեցումները: Մտածե՞լ են, թե մեր 60 տարվա շենքի հետ ինչ կլինի, հիմքերը կթուլանան, շենքը կնստի»: Տիկին Շահգելդյանի պատմելով, իրենց շատ ավելի զարմացրել է այն, որ հողատարածքի սեփականատեր «Լիբեր» ՍՊԸ-ի մասին տեղեկություններ չկան ոչ տեղեկատուներում, ոչ էլ պետական պաշտոնյաներն են լսել. «Երբ դիմեցինք պետական տարբեր կառույցների՝ օգնություն ստանալու հույսով, ասացին՝ այդ ի՞նչ կազմակերպություն է, ի՞նչ տվյալներ ունեք, զարմացած են»:

Ըստ բնակիչների՝ իրենք չգիտեն՝ ինչպես ու երբ է վաճառվել տարածքը. «Աճուրդ չի հայտարարվել, Արայիկ անունով մեկը ներկայացել է որպես սեփականատեր ու ասել, թե վաճառքը տեղի է ունեցել 2008-ին, եւ որ ինքը երրորդ անձն է, ով գնել է տարածքը: Էլ ուրիշ ոչինչ չգիտենք, ունենք հարցեր, որոնց պատասխանը ոչ ոք չգիտի: Մի բան ակնհայտ է, ենթակայանը շենքին մոտ բերել՝ նշանակում է բնակիչներին դատապարտել մահվան: Մեր բնակարանները բարձր լարման գոտու վրա են գտնվելու, այսինքն՝ տարիների խնդիրը փոխանակ լուծվի հօգուտ բնակիչների, ավելի է թեժանում, եւ այս խնդիրն ունենալու են նաեւ նախատեսվող էլիտար շենքի բնակիչները, որոնք բանից անտեղյակ գալու են ու ընկնեն նույն դժոխքը, որտեղ մենք ենք»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել