Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՎՈ Ֆ.Մ.Հ.»-Ն ՀԱԿԸՆԴԴԵՄ ՀԱՅՑԵՐՈ՞Վ Է ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ

Սեպտեմբեր 24,2010 00:00

\"\"Կասկածելի է նաեւ այս գործերը քննող դատավոր Գագիկ Խանդանյանի անաչառության հարցը

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում շարունակվում են կառուցապատող «Ավո Ֆ.Մ.Հ.»-ի դեմ դատական հայցերի լսումները։ Օրերս այստեղ քննվեց հանուն պետական շահի իր բնակարանից վտարված Ալբերտ Բաբաջանյանի հայցը, որով նա կառուցապատողից պահանջում է իր բնակարանն իրեն հանձնել, ուշացրած ժամկետի համար էլ 17 միլիոն դրամի չափով փոխհատուցում վճարել։ Սակայն «Ավո Ֆ.Մ.Հ.»-ն չի պատրաստվում ընդառաջ գնալ, ավելին՝ այս գործով հակընդդեմ հայց է ներկայացրել նույն դատարան, որով պահանջում էր Ա. Բաբաջանյանից իր հետ կնքած պայմանագրում փոփոխություններ անել եւ հիմնական պայմանագիր կնքել, իսկ փոխհատուցման մասին՝ ոչ մի խոսք։ Այս պահանջին նրանք չեն համաձայնում՝ գտնելով, որ այն անհիմն է, ոչ իրավաչափ եւ ենթակա է մերժման, քանի որ Ա. Բաբաջանյանն ինքն է անհիմն կարգով հրաժարվում հիմնական պայմանագիր կնքելուց եւ ձգձգում դրա կնքման ժամկետը։ Նշենք, որ այս նիստին Ա. Բաբաջանյանի փաստաբանը փոխվել էր։ Նա իր գործը վստահել էր «Շահերի պաշտպանության եւ աջակցման կենտրոնի» փաստաբան Անահիտ Հակոբյանին, որն էլ հենց առաջին օրվանից դատավոր Գագիկ Խանդանյանից ինքնաբացարկ հայտարարելու որոշում պահանջեց, դա հիմնավորելով այսպես. «Այս պայմանագիրն ունի 3 կողմ՝ քաղաքացի, Հայաստանի Հանրապետություն ի դեմս Երեւանի քաղաքապետարանի եւ «Ավո Ֆ.Մ.Հ.»։ Ձեր որդիներից մեկն աշխատում է Երեւանի քաղաքապետարանում դատական գործերով բաժնի պետ, իսկ մյուս որդին աշխատում է «Ավո Ֆ.Մ.Հ.»-ում որպես փաստաբան, դուք չեք կարող անաչառ քննել այս գործը»։ Այս հայտարարությունից հետո դատավոր Գ. Խանդանյանը պատասխանեց. «Իմ որդիներից մեկն իրոք աշխատում է քաղաքապետարանում, բայց մյուսը «Ավո Ֆ.Մ.Հ.»-ում չի աշխատում, դա գործի քննման հետ ոչ մի կապ չունի»։ Նիստը նորից հետաձգվեց, որպեսզի այս ամենի համար ներկայացվեն համապատասխան ապացույցներ։ Մեզ հետ զրույցում Անահիտ Հակոբյանը նշեց, որ հնարավոր է Խանդանյանի որդիներից մեկը, որը «Ավո Ֆ.Մ.Հ.»-ում է աշխատում, ինչպես հարկն է գրանցված չէ, այդ է պատճառը, որ դատավորը հերքեց այդ փաստը. «Բայց բոլորն էլ այդ մասին տեղյակ են, նորակառույց շենքի բոլոր բնակիչներն էլ դա գիտեն, բազմիցս են տեսել նրա որդուն «Ավո Ֆ.Մ.Հ.»-ի սեփականատեր Ավետիս Կարագուլյանի գրասենյակում»։

Հիշեցնենք, որ Ա. Բաբաջանյանը նախկինում բնակվել է Աբովյան 4/6 հասցեում, որը պետական կարիքների համար իրացվել է եւ տրվել «Ավո Ֆ.Մ.Հ.»-ին, վերջինս էլ պարտավորվել է տարածքի նախկին բնակչին 25 ամիսների ընթացքում իր կողմից կառուցված շենքի 2-րդ հարկում 50 քմ մակերեսով բնակարան հանձնել: Այս պայմանագիրը կնքվել է 2008 թվականին, որով էլ պայմանագրի վերջնական ժամկետ է սահմանվել նույն թվականի դեկտեմբերի 31-ը, սակայն մինչեւ այժմ այդ բնակարանը սեփականատիրոջը չի հասել, տրվել են միայն բանալիները։

Նախօրեին էլ «Ավո Ֆ.Մ.Հ.»-ի ներկայացուցիչները մեկ այլ տուժած բնակչի՝ Մարինե Ղազարյանի դեմ էին հակընդդեմ հայց ներկայացրել, որով Մ. Ղազարյանին մեղադրում են այն բանի համար, որ նա չի ներկայացրել եւ պարտադիր համարվող նոր պայմանագիր չի կնքել իրենց հետ, անհիմն ձգձգել է ժամանակը, ինչի համար պետք է 11 միլիոն դրամից ավելի գումար՝ որպես տուգանք վճարի։ Սա ապացուցելու համար էլ Ս. Գրիգորյանը դատարանին ներկայացրեց այն լիազորագիրը, որով Մ. Ղազարյանի ամուսին Ռոբերտ Շահնազարյանը համաձայնում էր, որ իրենց փաստաբան Նաիրա Խաչատրյանը դատարանում ներկայացնի իրենց շահերը։ Ըստ Ս. Գրիգորյանի, այդ փաստաթուղթը կեղծ է, քանի որ լիազորագրում դրված ստորագրությունը նման չէ Ռ. Շահնազարյանի այլ ստորագրություններին։ Նրանք պահանջում էին նշանակել փորձաքննություն, պարզելու՝ այդ ստորագրությունը կե՞ղծ է, թե՞ ոչ եւ եթե ապացուցվեր, որ կեղծ է, պետք է փաստաբան Ն. Խաչատրյանը ինքնաբացարկ հայտարարեր։ Նշանակվեց փորձաքննություն, ինչի առթիվ դատարանում իսկական խառնաշփոթ ստեղծվեց։ Մ. Ղազարյանն ասում էր, որ արդեն անտանելի է այս ամենին հետեւելը. «Ինչքա՞ն կարելի է անհիմն հետաձգել այս նիստերը»։ Նիստի ավարտից հետո նա «Առավոտին» հայտնեց, որ իր ամուսինն անգամ ներկա է եղել առաջին դատերին, ինչպե՞ս կարող էր այս փաստաթուղթը կեղծված լինել. «Նա անձնագիրն էր փոխել, անգամ այդ ժամանակ ենք նոր լիազորագիր հանել։ Ինչ վերաբերում է նրանց բազմակի հրավերներին, որին, ըստ իրենց, ես չեմ արձագանքել, ապա ասեմ, որ ես երբեւէ որեւէ հրավեր կամ զանգ չեմ ստացել, ընդհակառակը՝ ես եմ անընդհատ նրանց զանգել, պահանջել իմ բնակարանն ինձ հանձնել։ Ինձ անընդհատ ասում էին, որ Ավետիս Կարագուլյանն իրեն վատ է զգում։ Կամ ճնշումն էր բարձր, կամ շաքարը։ Իմ բնակարանը պետք է պատրաստ լիներ սեպտեմբերին, սակայն նրանք ինձ կանչել են հունվարին եւ ցույց տվել բոլորովին անպատրաստ բնակարան։ Ես հենց այդ պատճառով եմ դիմել դատարան։ Ես եմ առաջին հերթին շահագրգռված, որ իմ բնակարանին տեր կանգնեմ, ո՞նց կարող եմ անընդհատ հետաձգել դրա ժամկետը»։ Բացի այդ, նկատենք, որ փաստաբանի լիազորված կամ չլիազորված լինելը բոլորովին էլ կապ չուներ նոր պայմանագրի կնքման հետ։

Հիշեցնենք, որ Մ. Ղազարյանի բնակարանում անգամ դռները, բռնակները, պատուհաններն ու «գլազոկն» է պակաս եղել, չհաշված ճաքերն ու խոհանոցը հյուրասենյակից չառանձնացնելը։ Այս առիթով փորձագետ էլ է հրավիրվել, սակայն նա դատարանին ներկայացրել է բոլորովին այլ պատկեր։ Բացի այդ, նոր կառուցված շենքն էլ է նախագծային կանոններից խիստ տարբերվում։ Այս մասին, ինչպես նաեւ «Ավո Ֆ.Մ.Հ.»-ից այլ տուժողների մասին «Առավոտն» արդեն հրապարակումներ ունեցել է (27.04.2010թ., 09.06.2010թ., 26.06.2010թ.)։

Ամենայն հավանականությամբ Մ. Ղազարյանի փաստաբան Ն. Խաչատրյանը նույնպես դատավորի ինքնաբացարկի դիմում կներկայացնի։

Հ. Գ. Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը վերջերս ՀՀ կառավարությանն առաջարկել էր որոշ բնակիչների՝ «Ավո Ֆ.Մ.Հ.»-ի հետ ունեցած պայմանագրում հօգուտ բնակիչների փոփոխություն անել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել