Կանադական ամենահեղինակավոր վերլուծական կենտրոններից մեկի՝ Fraser Institute-ի գնահատմամբ, տնտեսական ազատությունների մակարդակով Հայաստանն այսօր աշխարհի 141 պետությունների թվում զբաղեցնում է 50-րդ տեղը՝ նախորդ տարվա 48-րդ հորիզոնականի փոխարեն: Այս մասին տեղեկանում ենք «Ազատություն» ռ/կ-ից, որը նաեւ հայտնում է, որ տնտեսական ազատությունների մակարդակով Հայաստանը զգալիորեն զիջում է Վրաստանին, որը այս տարի կտրուկ բարելավել է իր ցուցանիշները. 2009 թ. համեմատ Վրաստանը բարձրացել է մոտ 20 կետով՝ հայտնվելով կանադացի վերլուծաբանների հրապարակած ցուցակի 23-րդ հորիզոնականում: Այդուհանդերձ, Հայաստանը տարածաշրջանի պետություններից զիջում է միայն Վրաստանին՝ բավական առաջ անցնելով մյուս բոլոր հարեւաններից. ըստ կանադացի փորձագետների՝ տնտեսական ազատությունների առումով Թուրքիան այսօր 74-րդ, Ադրբեջանը՝ 93-րդ, իսկ Իրանը՝ 107-րդ հորիզոնականներում են: ԱՊՀ-ի պետություններից Ռուսաստանը գտնվում է 84-րդ, Ուկրաինան՝ 127-րդ հորիզոնականում: