Լրահոս
Օրվա լրահոսը

«Գնաճ կա, բայց՝ մեղմ»

Սեպտեմբեր 24,2010 00:00

Ըստ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի՝ տարին լավ է սկսվել: Երեկվա ասուլիսում նա ասաց, որ հակաճգնաժամային ծրագրի շնորհիվ տնտեսությունում լուրջ տեղաշարժ է տեղի ունեցել, արդյունաբերության ոլորտում տարեսկզբից արձանագրվել է 10% աճ: Նա դրական միտում է տեսնում նաեւ գյուղատնտեսության ոլորտում. «Գյուղատնտեսության ոլորտում նախորդ ամսվա 23% անկումը այս ամիս մեղմվել է, ակնկալում ենք, որ առաջիկայում, խաղողի իրացմամբ, անկումն էլի կնվազի»: Գ.Մինասյանը ՀՀ «աճող» տնտեսությունում այլ դրական զարգացումներ էլ թվարկեց. «Առկա է արտահանման եւ ներմուծման դինամիկայի փոփոխություն: Տարվա ընթացքում արտահանման աճի տեմպը 2 անգամ գերազանցում է ներմուծման աճի տեմպերին: Սա պայմանավորված է հանքահումքային ոլորտի զարգացմամբ ու շինանյութերի արտադրությամբ»: Ըստ Մինասյանի՝ չի հաջողվում միայն նվազեցնել գնաճը. նախորդ ամիս արձանագրվել է 7,7%, ինչը գերազանցում է բյուջեով սահմանված 5,5% ցուցանիշը: Բայց պարոն Մինասյանի կարծիքով, կարեւորը իրավիճակը փոխելու ցանկությունն է. «Միշտ չէ, որ նախատեսված ցուցանիշները 100% համընկնում են տարեվերջին արձանագրված ցուցանիշներին: Պետք է հաշվի առնել՝ արդյոք արվո՞ւմ են անհրաժեշտ քայլեր՝ գների բարձրացումը մեղմելու համար, իմ համոզմամբ՝ այո, այլապես գնաճի ցուցանիշը շատ ավելի բարձր կլիներ»:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հավատացրեց, որ Վրաստանում եւս արձանագրվել է բարձր գնաճ. «Պետք է հարցնենք՝ ի՞նչ չի արել գործադիրը՝ գնաճը զսպելու համար: Պարզապես ոչ ոք չէր կանխատեսում, որ Ուկրաինան կամ ՌԴ-ն կարգելափակեն ցորենի արտահանումը, ինչի արդյունքում հացամթերքի գները բարձրացան, թե չէ՝ կառավարությունն անում է հնարավորը՝ գները զսպելու ուղղությամբ»: Նրա խոսքով, եթե միջազգային շուկայում գնաճային պայթյուն չգրանցվի, ապա մեզ կհաջողվի տարեվերջին հասնել բյուջեով թույլատրված ցուցանիշին: Թեեւ պարոն Այվազյանը սկզբում չհամաձայնեց, թե գնաճը պայմանավորված է մենաշնորհային դիրքի առկայությամբ, ավելի ուշ անկեղծացավ. «Օրենքով ենք թույլ տվել, որ գերիշխող դիրք ունենան: Իրականում մենաշնորհները լուրջ բացասական ազդեցություն են թողնում, որից տուժում ենք բոլորս»: Պարոն Այվազյանը ասաց նաեւ, որ կառավարությունը օգտվում է Հայ ազգային կոնգրեսի առաջարկած «100 քայլ» տնտեսական ծրագրից. «Ծրագրում ներառված որոշակի դրույթներ իրականացնում ենք: Ես՝ Վարդան Այվազյանս, խոստովանում եմ, որ կառավարության գործունեության ծրագրի եւ «100 քայլի» որոշակի դրույթներ համընկնում են»:

ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ համակարծիք չէ գործընկերների՝ տնտեսության աճի հուսադրող գնահատականներին. «Նրանց գնահատականները ցույց են տալիս, որ գունավոր ակնոցով իրականությունը տեսնելու ցանկություն ունեն, մինչդեռ իրականությունը շատ ավելի տխուր է: Խորհուրդ եմ տալիս կառավարությանը, իշխանության ներկայացուցիչներին, որ դադարեն թոզ փչելու քաղաքականություն վարել եւ հեքիաթներից իջնեն իրականություն»: Պարոն Մինասյանը նշեց, որ տարին կավարտվի գնաճային բարձր ցուցանիշով. «Մեր տնտեսությունն այնքան է կախված միջազգային գներից, որ ցանկացած պայթյուն մեզ մոտ բերում է ռմբակոծությունների: Սխալ դրամավարկային եւ արտաբյուջետային քաղաքականության հետեւանքով ունենալու ենք խիստ բարձր գնաճ: Այն, որ հնարավոր է տարեվերջին կառավարությունն ու ԿԲ-ն փորձեն ինտերվենցիայի միջոցով նվազեցնել նոմինալ գնաճը, չի նշանակում, որ գնաճը կարելի է մեղմել, սա նշանակում է՝ ազգաբնակչության իրական կենսամակարդակի խիստ ցածր վիճակ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել