Լրահոս
Օրվա լրահոսը

Սառը պատերազմ

Սեպտեմբեր 24,2010 00:00

«ԱրմենՏելը» մեղադրում է ՏՄՊՊՀ-ին, ՏՄՊՊՀ-ն` «ԱրմենՏելին»

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի սեպտեմբերի 22-ին կայացրած որոշման հետ համաձայն չէ «ԱրմենՏելը»: Ընկերությունը որոշել է հանձնաժողովի որոշումը բողոքարկել դատարանում: Հիշեցնենք, որ հանձնաժողովը ընկերությանը տուգանել է 500 հազար դրամով: Ըստ հանձնաժողովի, «ԱրմենՏելը» «Hi Line» ինտերնետ ծառայության գովազդային հոլովակներում նշելով, որ միանալու դեպքում ծառայությունը կմատուցվի առանց որեւէ վճարի, մոլորեցրել է սպառողներին, քանի որ համակարգչային կարգավորումների համար գումար է գանձվել:

Այս առնչությամբ «ԱրմենՏելը» հայտարարություն է տարածել. ««ԱրմենՏել» ընկերությունը զարմացած եւ մտահոգված է Պետական հանձնաժողովի նմանատիպ որոշմամբ: Նախ եւ առաջ, արդեն որերորդ անգամ է, ինչ առկա է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործառույթների կրկնօրինակման փաստը: Հանձնաժողովը, ի դեպ, քննարկել է այս հարցը եւ չի գտել որեւէ օրենքի խախտում «ԱրմենՏել» ընկերության գործողությունների մեջ: Մենք գտնում ենք, որ հանձնաժողովը չի տարբերակում ինտերնետ կապի միացման վճարի եւ համակարգչային կարգավորումների համար նախատեսված վճարի տարբերությունը, որը, ի դեպ, չի տրամադրվում ակցիայի շրջանակում»:

Ընկերությունը նաեւ նշում է, որ ինտերնետ ծառայության միացման վարձավճարը, որ գանձվում էր նախքան ակցիան եւ կազմում էր 4800 դրամ, ակցիայի շրջանակում չի գանձվում: Ինչ վերաբերում է համակարգչային կարգավորումներին, ապա բաժանորդը միշտ հնարավորություն է ունեցել ինքնուրույն կարգավորել համակարգիչը՝ կարդալով պայմանագրի հետ տրվող հրահանգների գրքույկը, կամ հետեւել օպերատորի ցուցումներին՝ զանգելով հաճախորդների սպասարկման ծառայություն՝ 100 հեռախոսահամարով: «Ոչ մի բաժանորդ չի բողոքել «ԱրմենՏել» ընկերությանն այն բանի համար, որ իրենցից մեկ այլ ընկերություն պահանջել է «հավելյալ վճար»՝ իրենց փոխարեն համակարգիչը կարգավորելու, հակավիրուսային ծրագիր տեղադրելու եւ այլ ծառայություններ մատուցելու համար: Մենք մտահոգված ենք Հանձնաժողովի որոշմամբ եւ կարծում ենք, որ չտարբերակելով ծառայությունները եւ կիրառելով չհիմնավորված դրույթներ՝ ՏՄՊՊՀ-ն ստեղծում է վտանգավոր նախադեպ տնտեսվարող սուբյեկտների հետ փոխհարաբերությունների տեսանկյունից»: «ԱրմենՏելի» մեղադրանքներին ՏՄՊՊՀ-ն էլ երեկ պարզաբանում տվեց. «Ընկերության մատուցած ծառայության գովազդում հնչում է հետեւյալ արտահայտությունը. «անվճար միացում, անվճար մոդեմ»: Իսկ «միացում» հասկացությունը, ըստ ընկերության ներկայացուցիչների մեկնաբանությունների, տվյալ դեպքում իր մեջ ներառում է միայն «ինտերնետի ակտիվացումը: Ծառայությունից լիարժեք օգտվելու համար սպառողը, ով պարտադիր չէ, որ համակարգչային մասնագետ լինի, դժվարությունների հանդիպելով ստիպված է լինում դիմել մասնագետի օգնությանը, որին, ի դեպ, առաջարկում են հենց «ԱրմենՏելից», պարզաբանելով, թե պայմանագիր ունեն այդ ծառայությունները մատուցող «AASoft» ընկերության հետ: Արդյունքում՝ սպառողը ստիպված է լինում վճարել այն բանի դիմաց, որն իրեն խոստանում էին տրամադրել անվճար»:

Ինչ վերաբերում է ՏՄՊՊՀ-ի՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին նմանակելուն, ապա ՏՄՊՊՀ-ն ասում է. «Գործառույթների կրկնօրինակման մասին խոսք լինել չի կարող, քանի որ երկու հանձնաժողովները բազմիցս քննարկել են այս հարցը եւ հանգել այն եզրակացության, որ յուրաքանչյուր մարմին ունի օրենքով իրեն վերապահված հստակ գործառույթներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել