Կարծում է «Փախստականները եւ միջազգային իրավունքը» ցանցի համակարգող Էլեոնորա Ասատրյանը
սկիզբը՝ «Առավոտի» 16.09. 2010 համարում
– ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացրած բանաձեւի քննարկումը հետաձգվել է այն պատճառաբանությամբ, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները սեպտեմբերի վերջին եւ հոկտեմբերի սկզբին ազատագրված տարածքներում մարդասիրական իրավիճակի գնահատման եւ փաստերի ուսումնասիրության առաքելությամբ վերադառնալու են տարածաշրջան: Համանախագահներին ուղեկցելու են ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի ներկայացուցիչները, որոնք համապատասխան հաշվետվություն են ներկայացնելու ՄԱԿ-ին, եւ որտեղ, վստահաբար, ոչ մի խոսք չի լինելու ոչ բաքվեցիների, ոչ սումգայիթցիների եւ ոչ էլ Ադրբեջանի այլ քաղաքներից բռնի տեղահանված հայ փախստականների մասին: Իսկ մենք հպարտանում ենք, որ այս կամ այն փաստաթղթի քննարկումն ու ընդունումը հետաձգվել է: Ի տարբերություն մեզ, այլ պետությունները հրաշալի օգտագործում են մարդասիրական իրավունքի դրույթները եւ առաջ շարժվում:
– Օրինա՞կ:
– Մարդասիրական աղետի հիմնավորումով Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը: Հայաստանը դեռեւս չի ճանաչել ԼՂՀ-ն: Սեպտեմբերի 7-ին ՄԱԿ-ի ԳԱ-ն քննարկեց ՎՈՒԱՄ երկրներում ձգձգվող հակամարտությունների խնդիրը եւ ընդունեց «Աբխազիայից, Վրաստանից եւ Ցխենվալիի շրջանից (Հարավային Օսիա, Վրաստան) ներքին տեղաշարժի ենթարկված անձանց եւ փախստականների վիճակի մասին» բանաձեւը, որով ճանաչվեց «բոլոր ներքին տեղաշարժի ենթարկված անձանց եւ փախստականների ու նրանց սերունդների, անկախ էթնիկ պատկանելությունից, իրենց տները վերադառնալու եւ սեփականության պահպանության, փոխհատուցում ստանալու իրավունքը»: Նույնը անում է Ադրբեջանը՝ թե՛ ՄԱԿ-ում, թե՛ ԵԱՀԿ-ում եւ, ընդհանրապես, ակտիվորեն աշխատում է միջազգային հանրության հետ ու իրականացնում քարոզչություն, որը տալիս է հստակ արդյունքներ: Մեր պարագայում, ցավոք, ես նման օրինակ բերել չեմ կարող, չնայած անցել է ավելի քան 22 տարի, օրինակ՝ Սումգայիթի ցեղասպան գործողություններից հետո: Փախստականի կարգավիճակ տված Հայաստանը պարտավոր էր զբաղվել իր երկրում ապաստան գտած մեր հարյուր հազարավոր հայրենակիցների իրավունքների շահերի պաշտպանությամբ՝ հանդես գալով առաջին հերթին ՄԱԿ-ում համապատասխան պահանջներով: Այսօրվա պատեհապաշտական հայտարարությունների շրջանակներում նշվում է, թե հայ փախստականները չստացան «փախստականի միջազգային կարգավիճակ», մեղադրվում են բոլորը՝ բացի մեզանից: Հետագայում նման սխալ արտահայտություններից խուսափելու եւ մեղքն ուրիշների վրա բարդելու գայթակղությունից խուսափելու համար ցանկանում եմ հիշեցնել, որ ՀՀ-ն 1993թ.-ից միացել է Փախստականների կարգավիճակի մասին միջազգային կոնվենցիային, որտեղ փախստականի «միջազգային» կարգավիճակ տերմին եւ սահմանում գոյություն չունի: Այնտեղ՝ մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների վրա հիմնվելով, կոնվենցիային միացած պետությունները՝ ճանաչելով փախստականների հիմնախնդրի սոցիալական եւ մարդասիրական բնույթը, իրենց իշխանության շրջանակներում պարտավորվում են անել ամեն ինչ փախստականների իրավունքները պաշտպանելու համար: Իրավունքը նախատեսում է պատասխանատվություն: Իրավունքը պաշտպանում են, իսկ երբ չեն պաշտպանում՝ կորցնում են իրավունք ունենալու իրավունքը: