Լրահոս
Օրվա լրահոսը

Բանավեճ՝ բանավեճի մասին

Սեպտեմբեր 24,2010 00:00

«ՀՀ տարածքում քաղաքական ուժերի միջեւ կարող է բանավեճ տեղի ունենալ այն ժամանակ եւ այն հաճախականությամբ, որը որոշում է ՀՀ նախագահը»:

Մամուլի ազգային ակումբի եւ ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) երեկ կազմակերպած «Քաղաքական բանավեճը Հայաստանում. կայացման խոչընդոտները եւ հնարավորությունները» քննարկման ընթացքում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը տեսական դատողությունների փոխարեն՝ նախընտրեց հիշեցնել, թե ինչ արձագանքների էր արժանացել «Ժառանգության» փորձերից մեկը՝ կազմակերպել քաղաքական երկխոսություն. «Այս տարվա մարտի 30-ին առաջարկեցինք ձեւավորել ոչ ֆորմալ կլոր սեղան ընդդիմադիր 3 ուժերի եւ իշխանական 3 ուժերի միջեւ»: Ըստ նրա՝ «Այն, ինչ հաջորդեց այս առաջարկին, պարզապես (այլ բառ չեմ գտնի) զավեշտ էր: Քանի որ մեր կոչում հիշատակում կար Ղարաբաղի խնդրի, պատերազմի ռիսկերի ավելացման վերաբերյալ՝ թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական որոշ շրջանակներից մենք արժանացանք շատ բուռն քննադատության: ՀՀԿ-ական գործընկերներն ասացին՝ դուք չափազանցում եք, պատերազմի ռիսկ չկա Հայաստանի համար, հետեւաբար՝ երկխոսելու կարիք չկա: ՀՀԿ-ից երկրորդ ուղերձն էր՝ ՀՀ նախագահը հրավիրում է խորհրդակցություններ Մարզահամերգային համալիրում, եւ եթե հարկ լինի, ապա նորի՛ց կհրավիրի, եւ այդ շրջանակներում կընթանա բանավեճը: Մի կողմ եմ թողնում այդ ձեւաչափի հետ կապված մեր գնահատականները եւ ընդհանրապես՝ այդ խորհրդակցությունը բանավեճի հետ նույնացման հանգամանքը: Բայց ստացվում է հետեւյալը՝ այսինքն, ՀՀ տարածքում քաղաքական ուժերի միջեւ կարող է բանավեճ տեղի ունենալ այն ժամանակ եւ այն հաճախականությամբ, որը որոշում է ՀՀ նախագահը: Այլ եզրակացություն անհնար է անել այս երկու ուղերձներից»: Անդրադարձավ նաեւ ընդդիմության արձագանքին. «Հարցեր ուղղվեցին ՀԱԿ-ի ներկայացուցիչների կողմից, թե հլը դեռ թող «Ժառանգությունն» ասի, թե ինչ դրդապատճառներով է հանդես եկել նման կոչով, եւ ինչ է ինքը հետապնդում: Է՛լ մեղադրեցին սեփական PR-ն անելու մեջ, է՛լ ասացին, թե ջուր ենք լցնում իշխանությունների կողմից պատերազմի վերսկսման ռիսկերի հիստերիայի ջրաղացին, եւ մեզ հորդորեցին ձեռնպահ մնալ նման վարքագծից»: Այս փորձի հիման վրա նա եզրակացրեց, թե քաղաքական բանավեճի ցանկություն չկա: Սակայն նաեւ նշեց, թե բանավեճերի կայացման համար խոչընդոտ են մեր «անազատ լրատվամիջոցները՝ հատկապես հեռուստատեսային ԶԼՄ-ները, որոնցով մենք ավելի շատ տեսնում ենք մենախոսություններ»:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանն ընդգծեց. «Քաղաքական երկխոսությունը Հայաստանում չափից ավելի անձնավորված է»: Նա չհամաձայնեց իշխանական վերահսկողության ներքո գտնվող ԶԼՄ-ների կողմից բանավեճերից խուսափելու վերաբերյալ պրն Սաֆարյանի դիտարկմանը. «Ոչ իշխանական լրատվամիջոցները՝ ազատ լրատվամիջոցներն էլ ներկա չեն լինում այնպիսի կիրթ եւ մակարդակով բանավեճերին, որոնք կարող են իսկապես հասարակության մեջ միտք շարժել»:

ՀՌԱԿ փոխատենապետ Էդվարդ Անտինյանը նույնպես քաղաքական բանավեճերի համար անհրաժեշտ պայման դիտեց ազատ հեռուստաեթերը. «Տվեք հնարավորություն: Չի՛ կարող երկրում, որը քաղաքականացված է, որն ամեն օր տագնապ ունի, որն ամեն օր մտածում է պատերազմի վտանգի մասին, ո՛ր ալիքը միացնես՝ կա՛մ երգեն, կա՛մ ճաշ եփեն, կա՛մ էլ իրենց երեխա ժամանակների նկարները՝ «վինետկեքը» ցույց տան: Եթե այսպես եք ուզում, որ բանավեճ լինի՝ չի՛ լինելու»: Հավելեց. «Թող կարծիքների բախումը լինի, թող կարծիքները հնչեն: Ընդամենը՝ թողե՛ք հնչեն: Եթե դրանից էլ են վախենում՝ այստեղ արդեն գիտությունն անզոր է»:

ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանն այս կարծիքներին ի պատասխան՝ նշեց. «Իմ գործընկերները հակասեցին իրենք իրենց, թե փակ է, եւ բանավիճելու հնարավորություն չկա: Մենք բանավիճեցինք բանավեճի գոյության կամ չգոյության շուրջ: Եվ ի՞նչ ունեցանք արդյունքում: Արդյունքում ունեցանք ձեւն առանց բովանդակության: Այսինքն՝ կգնանք, կթողնենք, կմոռանանք բանավեճի թեման եւ ընդհանրապես՝ դրա կարեւորությունը»:

Հ. Գ. Ի դեպ, Ստյոպա Սաֆարյանը հայտնեց, որ մամուլի ակումբներից մեկի ղեկավարն իրեն ասել է, թե ՀՀ նախագահի նստավայրից հրահանգվել է հեռուստաընկերություններին այնպես լուսաբանել կազմակերպվող բանավեճերը, որ ընդդիմադիրները երեւան աննպաստ լույսի ներքո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել