Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկ ո՞ր հայը խորոված չի սիրում»

Սեպտեմբեր 23,2010 00:00

Այսպես անկեղծորեն էին արձագանքում ՀՀ պաշտոնյաները «Առավոտի»
հարցերին, երբ նրանցից հետաքրքրվում էինք՝ խորոված սիրո՞ւմ են եւ ի՞նչ
հաճախականությամբ են մսեղեն օգտագործում:

\"\"
Աղվան Հովսեփյանն ու Սերգո Երիցյանը ոգեւորված
մասնակցում էին խորովածի պատրաստմանը:

\"\"
Վազգեն Խաչիկյանը (ձախից երկրորդը) ամեն ինչ անում էր,
որ հյուրերն իր հայրենի Ախթալայում իրենց լավ զգան:

\"\"
Գեւորգ Դանիելյանը խորոված սիրում է,
բայց քիչ է ուտում:

Վերջին տարիներին ՀՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ առողջ ապրելակերպ վարելու նպատակով սկսել են հետեւել իրենց սննդակարգին՝ պաս են պահում, մսեղեն քիչ են օգտագործում, ձեթով պատրաստված բուսական սնունդ են ուտում, խոլեստերին պարունակող ուտեստներից հրաժարվում են:
Սեպտեմբերի 19-ին Լոռու մարզի Ախթալա քաղաքում կազմակերպված «Խորովածի փառատոնին» «Առավոտը» մի քանի պաշտոնյաներից փորձեց ճշտել, թե նրանք հետեւո՞ւմ են իրենց սննդակարգին եւ պատրաստվո՞ւմ են համտեսել Ախթալայի ախորժաբեր խորովածը:
Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, որն առաջին անգամ էր մասնակցում արդեն ավանդական դարձած «Խորովածի փառատոնին», ասաց, որ խորոված շատ է սիրում, բայց խոստովանեց, որ աշխատանքի բնույթից ելնելով անկանոն է սնվում. «Ինչի համար, իհարկե, զղջում եմ: Խորոված սիրում եմ, բայց ընդհանրապես փորձում եմ միս քիչ օգտագործել»: Նախարարի կարծիքով՝ հայերն այնքան էլ ճիշտ չեն սնվում. «Մենք սննդի հերթականությունը ճիշտ չենք օգտագործում: Լավ սնվելուց հետո կամ սնվելուն զուգահեռ՝ միրգ ենք ուտում, մինչդեռ միրգը պետք է ուտելուց առաջ օգտագործել: Սակայն վերջին տարիներին բժիշկները կարծես թե սկսել են ավելի հետեւողական լինել եւ ստիպում են, որպեսզի մարդիկ ավելի շատ ուշադրություն դարձնեն սնվելուն: Մենք անխնա քայքայում ենք մեր առողջությունը, հետո սկսում ենք մեղադրել բժիշկներին: Բայց ճիշտ ժամանակին մեզ պետք է մեղադրել եւ կհասկանանք, որ պետք է ճիշտ ապրել: Առողջական խնդիրներ են նաեւ առաջացնում ավելորդ սթրեսները, պետք է դրանցից հեռու մնալ, մենք շուտ բորբոքվում ենք եւ դիմացինի տրամադրությունը գցում»:
Ծնունդով ապարանցի ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նույնպես Ախթալայում էր: Դատելով այն բանից, թե ինչպես է գլխավոր դատախազը զրուցում խոհարարների հետ ու ոգեւորված հետեւում խորովածի պատրաստման արարողությանը, կարելի է ենթադրել, որ նա ոչ միայն սիրում է ուտել խորոված, այլեւ՝ պատրաստել: «Իսկ ո՞ր հայը խորոված չի սիրում, կամ տեսե՞լ եք մի մարդ, որ խորոված չսիրի, ուղղակի չեն ուտում, որովհետեւ երբեմն չի կարելի՝ առողջությունից ելնելով»,- այսպես արձագանքեց Ա. Հովսեփյանը, երբ նրան հարցրինք՝ խորոված սիրո՞ւմ է: Մեր այն հարցին էլ, թե արդյո՞ք հայերս չենք չարաշահում խորովածը, պարոն Հովսեփյանն ասաց. «Եթե լավ առողջություն ունեն՝ ոչ: Բացի այդ, մեր սննդակարգը ձեւավորվել է դարերի ընթացքում, այսինքն՝ հիմնականում ուտում ենք այն, ինչ մեր պապերն են դարերի ընթացքում կերել, բայց շատ-շատ բաներ էլ խառնվել է, ինչ-որ բան արատավորվել ու կեղտոտվել է, եւ այսօր ունենք խառնաշփոթ սննդամթերք: Յուրաքանչյուր մարդ պետք է սնվի իր օրգանիզմի առողջական հնարավորությունների սահմաններում»:
Լեզվի պետական տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը, որը նույնպես խորոված շա՜տ է սիրում, բայց երբեմն ստիպված է լինում իրեն զրկել այդ հաճույքից, քանի որ գտնում է, որ առհասարակ խորոված մսեղենը առողջությանը վնաս է, ասաց. «Երբեմն կարող եմ ինձ թույլ տալ խորովածից եւ մսեղենից հրաժարվել, եթե սեղանին խորոված բանջարեղեն կա կամ ավանդական կերակրատեսակներ՝ փլավ, կաթնամթերք, թանով ապուր, ավելուկով ապուր եւ այլն»: Պարոն Երիցյանն էլ ժամանակի սղության պատճառով անկանոն է սնվում. «Աշխատանքի բերումով տանը ոչ հաճախակի եմ սնվում: Բացի այդ, որպես կանոն, հանդիսությունները երեկոյան են սկսվում: Ճիշտ է, ձգտում եմ միս հաճախակի չօգտագործել, բայց, ցավոք, հյուր հրավիրելիս անպայման մսեղեն ես պատրաստում, քանի որ եթե մեր սեղաններին միս չլինի՝ այդ սեղանը սեղան չի լինի: Եվ այդպես ինքնաբերաբար մսեղենը ստացվում է ավելի շատ, քան անհրաժեշտ է»: Ինչ վերաբերում է հայերիս սննդակարգին, ապա, Ս. Երիցյանի խոսքերով. «Հենց միայն այն փաստը, որ հայկական կերակրատեսակներում խորոված սնունդը մեծ տեղ է գրավում, դա արդեն խոսում է այն մասին, որ մենք ճիշտ չենք սնվում»: Ըստ պարոն Երիցյանի, մարդու երկարակեցությունը կախված է նրանից, թե ինչ սնունդ է օգտագործում նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930