Ռուսաստանի գլխավոր շտաբի պետը հայտարարել է, թե ՌԴ-ն Իրանին C-300 զենիթահրթիռային համակարգեր չի մատակարարի, քանի որ դրանք «անկասկած, ընդգրկվում են ՄԱԿ-ի կողմից Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների ցանկում»: BBC-ի փոխանցմամբ, չորեքշաբթի օրն այդ մասին հայտարարել է գեներալ Մակարովը՝ հավելելով, թե ՌԴ ղեկավարությունը որոշում է ընդունել դադարեցնել Իրանին զենիթահրթիռային համակարգերի մատակարարման գործընթացը, ինչը եւ իրականացվում է: Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հրամանագիր կստորագրի, որով Ռուսաստանի համար կորոշակիացվի ՄԱԿ-ի կողմից Իրանի դեմ պատժամիջոցների կարգը: Հունիսի սկզբին Ռուսաստանը պաշտպանեց Իրանի դեմ նոր պատժամիջոցները, որոնք նպատակ ունեն ստիպել այդ երկրին հրաժարվել իր միջուկային ծրագրերից: Այդուհանդերձ, ՌԴ-ն հակասական հայտարարություններ էր անում Իրանին C-300-ների տրամադրման հարցի շուրջ: Սկզբում ռուսներն ասում էին, թե դրանք պատժամիջոցների մեջ չեն մտնում, որովհետեւ պաշտպանական համակարգեր են, բայց հետո այդ հայտարարությունները սրբագրվեցին: Ընդսմին, գեներալ Մարկովը չի հստակեցրել՝ արդյոք Իրանի հետ համապատասխան պայմանագիրը չեղյա՞լ է համարվել, թե՞ ոչ: «Տեսնենք, դա կախված է Իրանի վարքագծից»,- հայտարարել է ռուս գեներալը: