Սեպտեմբերի 22-ին Երուսաղեմի Սիլվան թաղամասում գնդակահարվել է մի պաղեստինցի, ինչը նոր անկարգությունների պատճառ է դարձել: Lenta.ru-ի փոխանցմամբ, Սիլվանի 32-ամյա պաղեստինցի բնակիչը իսրայելցու կողմից գնդակահարվել է այն բանից հետո, երբ թաղամասի բնակիչները շրջափակել էին իսրայելցիների մեքենան եւ սկսել էին այն քարկոծել: Սեփական կյանքը փրկելու համար մեքենայի հրեա վարորդը իր անձնական զենքից կրակ էր բացել հարձակված պաղեստինցիների ուղղությամբ, որի արդյունքում մեկ մարդ սպանվել եւ եւս մեկը լուրջ վնասվածքներ է ստացել: Հրեան ձերբակալվել եւ բերման է ենթարկվել ոստիկանություն: Սպանված պաղեստինցու մոտ հայտնաբերվել է դանակ եւ պտուտակահան: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ սպանված պաղեստինցին նախկինում դատապարտված է եղել քրեական հանցագործության համար:
Տեղի ունեցած այս միջադեպից հետո Սիլվանում անկարգություններ են սկսվել, որոնք արաբների եւ ոստիկանության միջեւ բախումների են հանգեցրել: Տեղի բնակիչները ոստիկանների վրա քարեր են նետել, վերջիններս էլ, որպես պատասխան, անկարգությունների կազմակերպիչների դեմ արցունքաբեր գազ են կիրառել եւ կրակել են ռետինե փամփուշտներով: Անկարգությունների արդյունքում մեկ ոստիկան վիրավորվել է:
Հիշեցնենք, որ Մերձավորարեւելյան հակամարտության կարգավորման շրջանակներում սեպտեմբերի 2-ին մեկնարկել եւ շարունակվում են իսրայելա-պաղեստինյան ուղիղ բանակցությունները: BBC-ի փոխանցմամբ, Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբբասը հայտարարել է, թե պատրաստ է Իսրայելի հետ բանակցությունները շարունակել՝ նույնիսկ վերջինի կողմից Արեւելյան ափին հրեական բնակավայրերի շինարարությունը վերսկսելու դեպքում: