Լրահոս
Օրվա լրահոսը

Չինաստանը վերջնագիր է ներկայացրել Ճապոնիային

Սեպտեմբեր 23,2010 00:00

\"\"Չինաստանը շարունակում է Ճապոնիայից պահանջել անհապաղ վերադարձնել չինական ձկնորսական նավի հրամանատարին եւ զգուշացնում, որ հակառակ դեպքում կդիմի պատասխան միջոցների, եւ դրա պատասխանատվությունը կկրի Ճապոնիան: BBC-ի մատուցմամբ, այդ մասին Նյու Յորքում չինացի ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՉԺՀ պետխորհրդի ղեկավար Վեբ Ցզյաբաոն: Նա Նյու Յորք է ժամանել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում սպասվող միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Չինաստանի կառավարության ղեկավարը Ճապոնիային կոչ է արել «որքան հնարավոր է արագ ուղղել իր գործած սխալները, որպեսզի երկու երկրների միջեւ հարաբերությունները բնականոն զարգացման հուն վերադառնան»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին Ճապոնիայի պարեկային անվտանգության ուժերը Արեւելաչինական ծովում, Սենկակու կղզիների շրջանում ձերբակալել էին չինական ձկնորսական նավը՝ անձնակազմով հանդերձ: Ավելի ուշ, չինական կողմի ճնշման տակ, նավի անձնակազմը, բացառությամբ հրամանատարի, ազատ էր արձակվել: Նավի հրամանատարի նկատմամբ ճապոնական կողմը հետաքննություն է իրականացնում, որոնք Պեկինը որակել է որպես անօրինական գործողություններ: Հրամանատարը կասկածվում է այն բանում, որ միտումնավոր հատել է Սենկակուի ջրային սահմանը: Կիրակի օրը ճապոնական դատարանը եւս 10 օրով երկարաձգել էր չինացի հրամանատարի կալանքի ժամկետը: Ճապոնացիներն ու չինացիները վիճարկում են այդ կղզիների նկատմամբ իրենց իրավունքները: Կղզիները, որոնք գտնվում են Ճապոնիայի վերահսկողության տակ, Չինաստանը համարում է իր տարածքի անքակտելի մասը: Ստեղծված իրավիճակի պատճառով Չինաստանը չեղյալ է համարել Արեւելաչինական ծովի խնդիրների շուրջ չին-ճապոնական խորհրդակցությունների հերթական փուլին մասնակցելու նպատակով Համաչինական ժողովի ժողովրդական ներկայացուցիչների այցը Ճապոնիա:
Ի պատասխան չինական կողմի վերջնագրային պահանջների, Ճապոնիան ձգտում է հարթել ստեղծված լարվածությունը: Այդ երկրի կառավարության գլխավոր քարտուղար Իյոշիտու Սենգոկուն հայտարարել է, թե երկու պետություններն էլ պետք է ձեռնպահ մնան ծայրահեղ ազգայնական տրամադրություններից եւ դադարեցնեն հակամարտության ծավալումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել