Սեպտեմբերի 18-ին Հայաստանը միացավ ավանդաբար սեպտեմբեր ամսին անցկացվող թերեւս ամենազանգվածային նախաձեռնությանը՝ Եվրոպական ժառանգության օրերին: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը եւս դարձավ այդ համաեվրոպական արշավի մասնակից՝ «Կտոր մը Եվրոպա. մեծ զբոսանք» խորագրի ներքո հանրությանը հրավիրելով Եվրոպայի խորհրդի անդամ-երկրների ժառանգությունները ներկայացնող լուսանկարների ցուցահանդեսին: Միջոցառումը մեկնարկեց հայկական ազգագրական պարերի շարանով՝ «Զարթոնք» պարային համույթի սաների կատարմամբ: Հանդես գալով բացման խոսքով՝ արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը մասնավորապես նշեց. «Եվրոպան այսօր աշխարհի թերեւս ամենաբարենպաստ տարածքն է՝ հանգստանալու, հանդիպումներ ունենալու եւ աշխատելու համար: Եվ այս վարկանիշն այդ աշխարհամասին հաղորդում է նաեւ եվրոպական ժառանգությունը: Ուստի արժանավայել զբաղեցնենք մեր տեղը համաեվրոպական գանձարանում: Այս գիտակցությամբ է «Էրեբունին» այսօր միանում Եվրոպական օրերին եւ կանգնում աշխարհի այն բազմահազար մարդկանց կողքին, ովքեր կարեւորում, սիրում ու պահպանում են համայն մարդկության կողմից ստեղծված ժառանգությունը»: Ի թիվս այլոց, խոսքով հանդես եկավ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժ. Լը Մորզոլեկը՝ անդրադառնալով կրթության միջոցով ժառանգության արժեւորմանը: «Կտոր մը Եվրոպա. մեծ զբոսանք» միջոցառումը իրականացվել էր «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի, «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» հասարակական կազմակերպության, Տուրիզմի հայկական ինստիտուտի եւ Հայաստանի ազգային պարարվեստի եւ պարագետների միության գործընկերությամբ: