Լրահոս
Օրվա լրահոսը

Որակյալ, բայց առանց ցնցումների

Սեպտեմբեր 23,2010 00:00

\"\"Ըստ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի, այսպիսին պիտի լինի բուհերի հավատարմագրման գործընթացը

Երեկ «Կոնգրես» հյուրանոցում մեկնարկեց «Մասնագիտական կրթության որակի ապահովման առկա խնդիրները եւ զարգացման հեռանկարները ՀՀ-ում» խորագրով երկօրյա համաժողովը: Այն կազմակերպել էր Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամը (ՈԱԱԿ)՝ ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի աջակցությամբ: Մասնագիտական կրթության որակի խնդիրներին անդրադարձող այս խորհրդաժողովին, որն իր տեսակի մեջ առաջինն էր, կային շուրջ 250 մասնակիցներ՝ բուհերից, ինչպես նաեւ կրթության, գիտության, տնտեսության ոլորտի պատասխանատուներ, միջազգային փորձագետներ եւ այլք: Երկօրյա համաժողովի ընթացքում կքննարկվեն մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային համակարգի նոր մոտեցումները, ոլորտը կանոնակարգող մի շարք փաստաթղթերի նախագծեր, մասնագիտական կրթության որակի ապահովման չափանիշներն ու չափորոշիչները: Դրանք ընդունվելուց եւ պաշտոնապես հաստատվելուց հետո հիմք կհանդիսանան ուսումնական հաստատությունների հավատարմագրման համար: Փորձնական հավատարմագրումը նախատեսվում է սկսել հաջորդ տարի: ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը իր ելույթում նշեց, որ ՀՀ-ում այժմ մշակվում է բուհերի հավատարմագրման նոր ընթացակարգ. «Պետք է ՈԱԱԿ-ի հետ միասին ներդնենք այն մոդելը, որով կարող ենք առանց ցնցումների, բայց միաժամանակ որակյալ կերպով վերահավատարմագրել բոլոր այն բուհերը, որոնք նախկինում ստացել են հավատարմագրեր՝ հին ընթացակարգերով: Վերջիններս այժմ ոչ միայն չեն բավարարում մեր ներքին պահանջները, այլեւ խորը հակասության մեջ են Բոլոնիայի գործընթացի տրամաբանության եւ առաջադրված մեխանիզմների հետ»:
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը «Առավոտի» հետ զրույցում, խոսելով հավատարմագրման ընթացքի մասին, նշեց. «Հավատարմագրումը պետք է տանք 5-7 տարով, հետեւաբար պետք է տեսնենք այն հիմքերը, որոնք կան կայունության համար: Փորձել ենք այլ մեխանիզմով աշխատել: Կառավարությունը պարտավորություն է վերցրել՝ միայն հավատարմագրված մասնագիտական կրթական ծրագրերը ֆինանսավորել, բայց որակի ապահովումը պարտադիր է բոլորի համար: Այսինքն՝ կառավարությունը հավատարմագրումը ուզում է դարձնել կամավոր: Ստացվում է, որ որակի ապահովումը եւս կարող է դառնալ կամավոր: Այդ պատճառով առաջին փուլը՝ ինստիտուցիոնալ փորձաքննությունը, կլինի պարտադիր»: Նա նաեւ նշեց, որ կրթական ծրագրերը ֆինանսավորելու առումով տարբերություն չի դրվի մասնավոր եւ պետական բուհերի միջեւ: Կրթության որակի ապահովման խնդիրներից ՈԱԱԿ տնօրենը առանձնացրեց հետեւյալը. «Ուսանողին գնահատելը դարձել է ինչ-որ վերջնական փուլ, մինչդեռ գնահատումը կրթական պրոցեսի մաս է եւ պետք է լինի անընդհատ»:
«Առավոտի» հետ զրույցում Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը հույս հայտնեց, որ հավատարմագրումն արդյունավետ կլինի. «Նախ բուհերը պետք է ներքին գնահատում իրականացնեն: Հեծանիվ չպետք է հնարենք: Եթե, օրինակ, ինժեներ ենք «արտադրում», պիտի իմանանք՝ մեր ինժեները միայն Հայաստանո՞ւմ է ինժեներ, թե՞ նաեւ աշխարհի ցանկացած երկրում: Ակնհայտ է, որ քիչ են բարձր որակավորում ունեցող դասախոսները, պետք է հմայիչ դարձնել բուհում աշխատելը: Դա պետք է անել աշխատանքային լավագույն պայմաններ ստեղծելով, բուհն էլ պետք է դառնա հետազոտական կազմակերպություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել