Բնագիտական դպրոցական գրականությունն արհամարհված է
Մոլորակներ, արբանյակներ, աստղեր, պուլսարներ, գալակտիկաներ, գիսավորներ, տիեզերական փոշի եւ այլ տիեզերական մարմիններ. սրանք «Երկիրը եւ ողջ աշխարհը. բացահայտված տիեզերք» գրքի «հերոսներն» են, որն օրերս տպագրել է «Անտարես» հրատարակչությունը: «Պատմության էջեր», «Անծայրածիր տիեզերք», «Աստղերն ու գալակտիկաները», «Արեգակնային համակարգ», «Աստղալից երկինք», «Մարդ եւ տիեզերք» բաժիններից կազմված, մասամբ ուկրաիներենից թարգմանված ձեռնարկը տպագրված է դպրոցականների համար, որն արդեն տարածվել է գրադարաններում եւ գրախանութներում: Առաջիկայում գիրքը կներկայանա նաեւ էլեկտրոնային տարբերակով եւ ֆիլմի տեսքով:
Հայաստանյան հրատարակչական փորձը ցույց է տալիս, որ գիրքը, առավել եւս բնագիտական գրականությունը, այսպես ասած, ոչ կոմերցիոն է, ուստի նշված խնդիրների մասին «Առավոտը» զրուցեց «Անտարես» հրատարակչության նախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ: Նա նեղսրտեց. «Ցավոք, այսօր Հայաստանում բնագիտամաթեմատիկական բնագավառի նկատմամբ բացասական, անգամ վանող վերաբերմունք կա: Հզոր տնտեսության հիմքը բնական գիտություններն են, բարձր, ինֆորմացիոն տեխնոլոգիաները, ժամանակակից մարքեթինգը, գովազդը, ֆիզիկայի կիրառական ճյուղերը, կենսաբանությունը, քիմիական կիբեռնետիկան եւ այլն: Բայց, ավաղ, այսօր այս դաշտերում ունենք մեծ բաց»: Խնդիրների շարքում պարոն Մարտիրոսյանն առաջ քաշեց նաեւ ժամանակակից հերոսի կերտման հարցը. «Հարցումները ցույց են տալիս, որ ժամանակակից հերոսը սերիալի Հովոն է: Դա սարսափելի է: Ցավոք, երեխաներն այսօր մտածում են, թե միայն խլելով, գողանալով, ծեծելով, ջարդելով, սեփական ֆիզիկական ուժը, բթությունը ցույց տալով՝ կարելի է հասնել ինչ-ինչ արդյունքների: Բայց փաստ է այն, որ աշխարհի ամենահարուստ մարդը՝ Բիլ Գեյթսը, բարձր տեխնոլոգիաների ոլորտից է եւ հասել է հարստության՝ գիտելիքի շնորհիվ: Մեր նպատակն է ցույց տալ երիտասարդներին, որ մարդիկ իրենց մտավոր աշխատանքով են հասնում արդյունքների, ուստի հենց նրանք են մեր կյանքի հերոսները: Միայն այդ դեպքում տասներորդցին կորոշի դառնալ ոչ թե միջազգայնագետ, այլ ինժեներ, ծրագրավորող, ֆիզիկոս, քիմիկոս, աստղագետ եւ այլն»: Բնագիտական կրթության խնդիրների մասին խոսելով էլ մեր զրուցակիցը նշեց. «Աշխարհում ամենահանրամատչելի գիտությունը աստղագիտությունն է. մի կողմից այն ամենագիտելիքահեն բնագավառներից է, մյուս կողմից էլ գրավիչ է, պատկերավոր, դիտարժան, հեշտ ընկալելի: Այս առարկայի դասավանդման առումով դպրոցում դեռ շատ անելիք կա: Ուսումնասիրվող առարկաների քանակը չկրճատելով, կարելի է նյութը դարձնել ավելի հանրամատչելի: Պետք չէ ուսումնական ծրագրերը հեշտացնել, քանի որ կրտսեր սերունդն իր ծնողներից ավելի շատ բան պիտի իմանա, հակառակ դեպքում՝ առաջընթաց չի լինի»: Պատանիների ընթերցանության պակասի մասին էլ պարոն Մարտիրոսյանն ասաց. «Ասում են՝ ինտերնետը խանգարում է ընթերցանությանը, ինչի հետ համամիտ չեմ: Ինչո՞ւ ինտերնետ տարբերակով չունենք հազարավոր գրքեր: Երեխայի հետ պիտի խոսենք իր լեզվով. ինտերնետն է հետաքրքրում՝ ինտերնետով թող կարդան, առավոտից երեկո հեռախոսն է քրքրում, ինչո՞ւ հեռախոսի մեջ գիրք չկա…»:
«Առավոտը» զրուցեց նաեւ գրքի խմբագիր, Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանի հետ: «Ցավոք, երիտասարդներն ընտրում են այնպիսի մասնագիտություններ, որոնցով կարելի է սոցիալական կարգավիճակ ապահովել, մինչդեռ նրանցից շատերը կարող էին բնագիտության ոլորտում լուրջ արդյունքների հասնել: Դրա համար ուսուցումը պիտի լինի բարձր մակարդակով, ժամանակակից, մատչելի եւ ինֆորմատիվ գրքերով»,- ասաց Հ. Հարությունյանը: «Առավոտի» հարցին՝ ինչո՞ւ նման գրքեր չկան, պարոն Հարությունյանը նշեց. «Դա պիտի լինի պետական պատվերով, պետությունը պիտի շահագրգռված լինի դպրոցահասակների համար նման գրքեր պատվիրել»: Մեր մյուս դիտարկմանը, թե տպագրված գրքերն էլ գումարային առումով մատչելի չեն դպրոցականներին, պարոն Հարությունյանն այսպես արձագանքեց. «Պետությունը պիտի զեղչեր անի դպրոցականների համար կամ գրադարանները գնեն: Այժմ ընկել ենք կիսախելառ եւ կիսավայրենի կապիտալիզմի մեջ: Արտադրվում եւ ուշադրության է արժանանում այն, ինչ կարող են սեղանիկի վրա վաճառել»: