Ի պատասխան Հարություն Կարապետյանի հոդվածի
Խորը ափսոսանքով կարդացի «Առավոտ» թերթում «Քո աչքերն են մեղավոր» հոդվածը, որտեղ հանդես էիք եկել ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին «ճիշտ ճանապարհի» ուղղորդելու քննադատական մտքերով` դրանք ներկայացնելով բավական վերամբարձ տոնայնությամբ: Կրկնակի էր ափսոսանքս, որ նման մտքեր արտահայտելու իրավունք Ձեզ վերապահել եք կատարյալ անիրազեկ լինելով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական գործունեությունից եւ արդյունքներից: Մտավախություն ունեմ, որ Ձեր կողմից թանգարան-ինստիտուտի հասցեին ուղղված կսմիթը հասցեագրված է եղել ՀՀ գիտությունների ակադեմիային, ինչը եւս բացարձակ անընդունելի է իմ եւ թանգարանի աշխատակազմի համար:
Թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքի ու դրա արդյունքների լավագույն վկայությունը թանգարանի միջազգային հեղինակության ու վարկանիշի բարձրացումն է, ինչը որեւէ դրամով կամ հրաշքով չես ստանա: Վերջին տարիների աշխատանքի արդյունքում ավելացել է թանգարանի գիտական կոչում ունեցող աշխատակիցների թիվը, իսկ առաջիկա երկու տարիներին նրանց թիվը կավելանա եւս տասով:
Ձեր հոդվածում Դուք գրում եք. «…այն դեպքում, երբ Ցեղասպանության ճանաչման հարցը պետական արտաքին քաղաքականության անկյունաքարերից է, Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի գիտական գործունեության արդյունքներն առաջին հերթին պետք է հրապարակվեն օտար լեզուներով` ցեղասպանության փաստը օտարներին ապացուցելու համար…»: Այս սոսկալի խորաթափանց մտքերին, Ձեր պատկերացմամբ հասու պետք է լինեն միայն բարձր ինտելեկտի տեր մարդիկ: Միայն այն հանգամանքը, որ Դուք դեռ ապացուցման կարիք եք զգում Հայոց ցեղասպանության փաստը, կարելի էր եւ չգրել այս նամակը: Սակայն ասեմ, որ ցեղասպանության մասին անիրազեկ մարդիկ սովորաբար իրենց իրավունք են վերապահում նման «գլոբալ նշանակության» մտքեր արտահայտելը կամ էլ բավարարվում են հերթապահ «քանի՞ երկիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը» հարցադրմամբ:
Դուք նաեւ կատարյալ անտեղյակ եք յուրաքանչյուր տարի ՀՑԹԻ-ի կողմից անցկացվող միջազգային գիտաժողովների ու հրապարակային դասախոսությունների վերաբերյալ, որին իրենց մասնակցությունն են բերել արտասահմանցի տասնյակ հեղինակավոր գիտնականներ: Ավելին, թանգարանում յուրաքանչյուր տարի աշխատում են հետազոտողներ արտասահմանից, իսկ այս տարվանից թանգարան-ինստիտուտը սահմանել է Ռաֆայել Լեմկինի անվանական կրթաթոշակ՝ օտարազգի ուսանողների ու ասպիրանտների համար:
Ցավում եմ նաեւ նրա համար, որ տեղյակ չեք, որ վերջին տասը տարիների ընթացքում թանգարանի կողմից հրատարակվել են բազմաթիվ օտարալեզու գրքեր, բուկլետներ, ուղեցույցներ, որոնք անհատույց տրվում են թանգարանի այցելուներին, այդ թվում՝ պաշտոնական այցերի ժամանակ: Միայն այս տարի այդ ցուցակը կհամալրվի վեց անգլերեն հրատարակություններով:
Վստահ եմ, որ Դուք տիրապետում եք ժամանակակից համակարգչային ու տեղեկատվական տեխնոլոգիաներին ու օգտվում եք համացանցից: Սակայն վստահ եմ, Դուք ծանոթ չեք թանգարան-ինստիտուտի կայքէջին: Ծանոթ չեք նաեւ հսկայածավալ թվայնացման աշխատանքներին, որոնք ներկայացվում են առաջին հերթին օտարալեզու լսարանին:
Թանգարանի կայքէջը պարունակում է տեղեկատվություն չորս լեզուներով, որտեղ տեղադրվում են նաեւ գիտական աշխատանքների ու պրպտումների արդյունքում ի հայտ եկած արդյունքները, որն ավելի շահեկան է դարձնում հայախոս, անգլիախոս, ռուսախոս եւ թրքախոս լսարանի շրջանում Հայոց ցեղասպանության հիմնախնդիրը լուսաբանելու եւ մինչ օրս չուսումնասիրված էջեր էլեկտրոնային ձեւաչափով հայկական ու միջազգային լսարանին մատուցելու տեսանկյունից: Թանգարանի կայքէջն առանց որեւէ չափազանցության կարելի է համարել ՀՑԹԻ-ի գործունեության կարեւորագույն գիտական արդյունքներից մեկը, որտեղ զետեղվում են նորահայտ նյութեր, հոդվածներ, լրատվություն, ինչպես նաեւ օնլայն ցուցադրություններ, որոնք, այո՛, պարոն Կարապետյան, նույնպես գիտական հետազոտությունների արդյունք են: Հենց գիտական լուրջ աշխատանքի արդյունքում է, որ թանգարանի գիտաշխատողների աշխատանքներն արժանանում են միջազգային մրցանակների, իսկ կայքէջը 2008թ. արժանացել է ՀՀ վարչապետի սահմանած էլեկտրոնային բովանդակության մրցույթի գլխավոր մրցանակին, հաղթող ճանաչվելով նաեւ «էլեկտրոնային գիտություն» անվանակարգում: Այսօր իր բովանդակությամբ եւ բազմալեզու նյութերով թանգարան-ինստիտուտի կայքէջը միակ լիարժեք եւ գիտական նորույթ պարունակող ռեսուրսն է համացանցում: Իսկ դա տքնաջան աշխատանքի արդյունք է, Ձեր կողմից հիշատակված ցեղասպանության փաստը օտարներին ներկայացնելու համար:
Ամփոփելով պետք է ցավով փաստեմ, որ ձեր մոտեցումներն ու պատկերացումները գիտական հիմնարկների գործունեության ու գիտական արդյունքի, դրանց նշանակության ու թողած ազդեցության մասին բավական հնամաշ են, ուստի հետայսու նման հայտարարություններից զերծ մնալու համար առաջարկում եմ այցելել թանգարանի քառալեզու կայքէջը, որի բովանդակությանն արդեն ծանոթացել են աշխարհի շուրջ 80 երկրների 350 հազարից ավելի այցելուներ, իսկ Դուք, ցավոք սրտի, ոչ: Այս դեպքում, ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք: