Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՄԱՐՏԻ 1»-Ի ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ԴԵՊՔԵՐԸ ՀԱՇՎԱՌՎԱ՞Ծ ԵՆ, ԹԵ՞ ՈՉ

Սեպտեմբեր 23,2010 00:00

Մարդասպաններին փրկելու համար դատախազը նախաքննության ժամկետը կարող է երկարացնել մինչեւ 2028թ.

Մարտի 1-ի իրադարձություններից թեեւ անցել է ավելի քան երկուսուկես տարի, մինչդեռ դրա առնչությամբ սպանություններ ու բռնություններ կատարող անձինք թերեւս հայտնաբերված չեն:
Այս պարագայում հայրենի դատարանը մերժել է հատուկ քննչական ծառայության անգործությունը ճանաչելու սպանվածների իրավահաջորդների հայցապահանջը:
Իմ համոզմամբ՝ դատարանի որոշումն անարդար է, քանի որ.
1. Երբ սպանությունները կատարել են բացահայտ, անհատականացված է գործադրված հրազենը կամ հատուկ միջոցը, իսկ մարդկանց գնդակահարողների շրջանակը ակնառու է, սակայն հանցագործությունը չբացահայտված է, անգործությունը ակնհայտ է:
2. Երբ հետաքննվում է 10 մարդկանց ապօրինաբար կյանքից զրկելու հանցագործությունը, բայց այդ գործով դեռեւս որեւէ մեկին պատկան մարմինները չեն ձերբակալել կամ կալանել, երեւույթը իրոք անգործության հետեւանք է:
3. Երբ իրադարձությունների եւ առաջացած վտանգավոր հետեւանքների պատճառը ընտրությունների քվեարկության արդյունքների կեղծելն է, սակայն քրեական հետապնդում իրականացնող մարմինները հանգամանքը չեն հետաքննում, իսկ իրենց իրավունքները պաշտպանող քաղաքացիների նկատմամբ ուժայինների բիրտ գործողությունները ապօրինություն չի ճանաչվում, դա գիտակցված անգործություն է:
Անգործությունը ժխտելու արդարացումների թվում դատարանը մեջբերել է նախաքննությունը ավարտված չլինելու հանգամանքը: Իրոք, հատուկ քննչական ծառայությունը երկու տարի առաջ քրեական գործի վարույթից տրոհել է իշխանության ներկայացուցիչների գործողություններին առնչվող եւ սպանությունների անհրաժեշտ մասերը եւ մինչեւ օրս նախաքննությունը շարունակվում է:
Այս պարագայում տրամաբանական հարց է ծագում. քրեական գործով 2 տարի նախաքննություն կատարելը եւ հետագա շարունակումը բխո՞ւմ է օրենքից, թե՞ ոչ: Պարզվում է, նախաքննության ժամկետը կարելի է երկարացնել ոչ միայն երկու կամ հինգ տարի, այլեւ հավերժ, ասենք՝ մինչեւ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանալը, որի դեպքում հանցագործություն կատարող անձը ազատվում է քրեական պատասխանատվությունից:
Այսպես. ընդհանրապես, գործով նախաքննությունը պետք է ավարտվի ոչ ուշ, քան երկամսյա ժամկետում, ինչը հաշվվում է քրեական գործ հարուցելու մասին որոշում ընդունելու օրից եւ ավարտվում է գործը դատարան ուղարկելու կամ գործով վարույթը կարճելու որոշում կայացնելու օրը (Քրեական դատավարական օրենսգրքի 197 հոդվածի 2-րդ մաս):
Նախաքննության ժամկետը կարգավորող հիշյալ նորմի 5-րդ մասում էլ օրենսդիրը շարադրել է. «Նախաքննության ժամկետը կարող է երկարացնել դատախազը՝ քննիչի պատճառաբանված որոշման հիման վրա»:
Նկատենք, որ նորմը նախաքննությունը երկարացնելու պարագայում գործը ավարտելու վերին սահման չի նախատեսում, այլ գործում է դատախազի հայեցողությամբ սկզբունքը՝ որքան կամենա:
– Հիշյալ բացթողումը անմիջապես ազդում է հանցագործություն կատարող անձին արագ եւ ժամանակին հայտնաբերելու եւ պատժելու օրենսդրական պահանջի իրականացմամբ:
– Նախաքննությունը անվերջ շարունակելու դեպքում հանցավորը կարող է խուսափել քրեական պատասխանատվությունից:
– Ի վերջո, խեղվում է քրեական գործը ավարտելու առնչությամբ տուժողի եւ այլոց բողոքարկման իրավունքը:
– Նպաստում է նախաքննությունը իրականացնողների անգործությանը:
Օրինակ, քանի որ հանցանք կատարելու պահից անցել է երկու տարի, ապա իրադարձությունների ընթացքում խաղաղ հավաքի մասնակիցներին դիտավորությամբ թեթեւ մարմնական վնաս պատճառող հանցագործները վաղեմության ժամկետը անցնելու հետեւանքով այժմ ազատվել են քրեական պատասխանատվությունից (Քրօրի 75 հոդվածի 1-ին մաս, 1-ին ենթակետ):
Իրադարձությունների առնչությամբ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու ներկայիս որոնողական ամորֆ իրավիճակը պահպանելու եւ նախաքննության ժամկետը դատախազի կողմից եւս երկու տարի երկարացնելու դեպքում վաղեմության հիմքով քրեական պատասխանատվությունից կազատվեն նաեւ ուրիշի գույքը դիտավորյալ վնասողները (Քրօրի 185 հոդվածի 1-ին, 2-րդ մաս), կողոպտողները (Քրօրի 176 հոդվածի 1-ին մաս), անձի առողջությանը միջին վնաս պատճառողները (Քրօրի 113 հոդված), ընտրությունների քվեարկության արդյունքները կեղծողները (Քրօրի 150 հոդված), պաշտոնական լիազորությունների անցում կատարած քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը խեղող, բիրտ գործողությունների հեղինակ իշխանության ներկայացուցիչները եւ այլք (մարդասպաններին փրկելու համար դատախազը կարող է նախաքննության ժամկետը երկարացնել մինչեւ 2028 թ.):
Ի տարբերություն՝ Ռուսաստանի Դաշնության նորմը (167 հոդված) թույլատրում է նախաքննության ժամկետը երկարացնել մինչեւ 6 ամիս, իսկ առանձին բարդություն ներկայացնող գործերով՝ մինչեւ 12 ամիս (սկզբունքը գործում էր նաեւ մեր նախկին օրենսդրությամբ): Նկատենք, որ նախաքննության ժամկետը «հավերժ» երկարացնելը տարածվում է նաեւ կասեցված, այնուհետեւ նախաքննությունը վերսկսած գործերին: Օրինակ, Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ գործով նախաքննությունը վերսկսվել է 2009 թվականին, այն պետք է ավարտվեր մեկամսյա ժամկետում, սակայն մինչեւ օրս երկարաձգվում է (իմիջիայլոց, Խ. Սուքիասյանը անձամբ որեւէ հանցագործություն չի կատարել, կազմակերպել կամ օժանդակել):
Այս պարագայում էլ նախաքննության ժամկետը երկարացնելու հնարքը բանեցնում են ընդդիմությանը հնազանդեցնելու առումով:
Անդրադառնանք նաեւ երբ «հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ» հիմքով քրեական գործով նախաքննությունը կասեցնելու ընթացակարգին (Քրդատօրի 31 հոդվածի 1-ին մաս): Հիշյալ նորմի հիմքով քրեական գործով նախաքննությունը կասեցվում է գործի նախաքննությունը ավարտելու, սահմանված ժամկետը լրանալու պահից կամ ընթացքում:
Նման որոշում ընդունելու դեպքում քննիչը պարտավոր է տուժողին, նրա ներկայացուցչին, քաղաքացիական պատասխանողին, քաղաքացիական հայցվորին եւ նրանց ներկայացուցիչներին գրավոր տեղեկացնել գործը կասեցնելու մասին, բացատրելով բողոքարկման իրավունքը, ինչպես նաեւ անձամբ, այնպես էլ հետաքննության մարմնի միջոցով ձեռնարկելու որոնողական միջոցառումներ հանցագործություն կատարող անձին հայտնաբերելու համար (Քրդատօրի 258 հոդված):
Բոլորիս հայտնի է, որ մարտի 1-ի իրադարձությունները ուղղորդվել են հրկիզումներով, կողոպուտներով, մարդկանց առողջությանը միջին եւ ծանր վնաս է պատճառվել եւ այլ արարքներով, որոնց թիվը հասնում է ավելի քան մի քանի հարյուրի, իսկ կատարողները հայտնաբերված չեն: Այս պարագայում էլ ուշագրավ է՝ հիշյալ դեպքերով պատկան մարմինները Քրդատօրի 31 հոդվածի 1-ին մասի հիմքով նախաքննությունը կասեցնելու մասին որոշումներ կայացրել եւ սահմանված ձեւով ոստիկանությանը տեղեկացրել են, որպես չբացահայտված դեպքեր հաշվառելու եւ հանցագործություն կատարող անձանց հայտնաբերելու համար որոնողական աշխատանքները շարունակելու, թե՞ ոչ: Եթե անգործություն է դրսեւորվել, նշանակում է թաքցրել են հանցագործությունները, ինչը քրեական օրենքով արգելված արարք է: Իմիջիայլոց, նախկին ոստիկանապետի օրոք դա արհեստ էր: Այլ թեմա է, եթե դատախազը անվերջ երկարացրել է նաեւ այս գործերի նախաքննության ժամկետները եւս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել