«Առավոտի» հետ զրույցում պնդում է Արարատի մարզի նորանշանակ մարզպետ Էդիկ Բարսեղյանը
– Պարոն Բարսեղյան, կարծում եմ արդեն ժամանակ ունեցել եք ուսումնասիրելու մարզում առկա խնդիրները: Աշխատանքներ շա՞տ կան եւ որտեղի՞ց եք սկսելու, որո՞նք են ամենահրատապ խնդիրները:
– Պաշտոնավարման այս կարճ ժամանակահատվածում հասցրել եմ ճանաչողական այցերով լինել մարզի 97 համայնքներից 4 քաղաքներում եւ 16 գյուղերում: Քաղաքային համայնքներում հանդիպումների ընթացքում ծանոթացել եմ քաղաքապետարանների աշխատակազմերին, կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքներին, համայնքային ենթակայության հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներին եւ նրանց գործունեությանը, քննարկվել են առկա հիմնախնդիրները, առաջիկա անելիքները եւ դրանց լուծման ուղիները: Գյուղական համայնքներ այցերի ընթացքում հանդիպել եմ ավելի շատ ազգաբնակչության հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին, համապատասխան հանձնարարականներ եմ տվել մարզպետարանի աշխատակազմին, մարզային ենթակայության կազմակերպությունների ղեկավարներին՝ ուսումնասիրել բարձրացված խնդիրները եւ ներկայացնել լուծման ուղիներ ու հետեւել դրանց պարտադիր կատարման ընթացքին:
Հիմնախնդիրներ շատ կան, դրանք հիմա ուսումնասիրման եւ դասակարգման փուլում են: Առջեւում գյուղմթերքների իրացման բուռն շրջանն է, եւ ամենահրատապ հարցն այս պահին խաղողի մթերումն է: Պատրաստ եմ անձամբ լինել գյուղացու կողքին, առաջնահերթ պաշտպանել նրա շահերը, ծագած խնդիրներին անմիջական լուծում տալ:
– Սովորաբար բերքահավաքին մարզի խաղողագործները կանգնում են մթերման հետ կապված խնդիրների առջեւ: Ի՞նչ քայլեր են կատարվել այդ ուղղությամբ:
– Այս հարցը, սկսած հանրապետության նախագահից, բոլորիս ուշադրության կենտրոնում է: Այդ կապակցությամբ վերջերս մարզպետարանում եղել են խորհրդակցություններ, քննարկումներ՝ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի, այնուհետեւ ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի մասնակցությամբ: Մարզում այս տարի սպասվում է շուրջ 88-90 հազար տոննա խաղողի բերք: Սպասվում է, որ տեղական շուկայում կիրացվի մոտ 8-9 հազար տոննա, սառնարաններում կպահպանվի շուրջ 14-15 հազար տոննա խաղող, իսկ մնացած 64-66 հազար տոննան ենթակա է մթերման: Մթերող կազմակերպությունների հետ քննարկել եւ ձեռք ենք բերել հստակ պայմանավորվածություններ՝ մթերման ծավալների եւ ժամկետների վերաբերյալ: Մթերման գինը առայժմ հստակ սահմանված չէ: Քանի որ Երասխի գործարանը այս տարի խաղող չի մթերելու, մեր նախաձեռնությամբ նշված տարածքի խաղողը մթերվելու է Արարատի եւ Պռոշյանի գործարաններում:
– Արարատի մարզի շատ համայնքներում ոռոգման ջուրն այնքան խնդրահարույց է դարձել, որ շատ հողագործներ ուղղակի խրվել են գյուղացիական վարկերի, ջրի վարձերի եւ այլ պարտքերի մեջ, քանի որ չեն կարողացել բերքը ժամանակին ջրել եւ այն փչացել է: Դրան անդրադարձել է նաեւ «Առավոտը»: Ի՞նչ քայլեր կձեռնարկվեն տուժած գյուղատնտեսներին օգնելու համար:
– Բերքի փչանալու եզակի դեպքեր եղել եւ լինում են, բայց պատճառ կարող է հանդիսանալ ոչ միայն ոռոգման ջրի պակասը, այլ նաեւ ագրոտեխնիկական կանոնների խախտումը: Մարզպետարան դիմելու դեպքերում ուսումնասիրվում են բերքի փչանալու պատճառները, կազմվում են ակտեր եւ առաջարկվում են համապատասխան լուծումներ: Մարզում ոռոգման ջրի մատակարարումն իրականացնում է վեց ջրօգտագործող ընկերություն: Վարձավճարների հավաքագրման մակարդակը ցածր լինելու պատճառով որոշ ջրօգտագործող ընկերություններ դժվարությամբ են կազմակերպում ոռոգման ջրի մատակարարումը: Օգոստոսի 24-ի դրությամբ մարզի գյուղացիական տնտեսություններից նրանց կողմից մատակարարված ոռոգման ջրի դիմաց գանձվել է վարձավճարների ընդամենը 61,5 %-ը: Ներկայումս ձեռնարկվում են միջոցներ վարձավճարների հավաքագրման մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Ինչ վերաբերում է վարկերին, ասեմ, որ մեր մարզի գյուղացիական տնտեսություններին բանկերը տրամադրել են 12,4 մլրդ դրամ, որից գյուղատնտեսական նպատակով՝ 7,2 մլրդ դրամ: Այս պահի դրությամբ ժամկետանց պարտքեր ունեն 246 գյուղացիական տնտեսություններ՝ 153 մլն դրամի չափով, որի պատճառն է, ըստ գյուղացիների, բանկի կողմից բարձր տոկոսադրույքով վարկերի տրամադրումը, առանձին դեպքերում էլ՝ վարկի ոչ նպատակային օգտագործումը վարկառուների կողմից:
– Այս տարվա բնության մատուցած կամայականություններից ի՞նչ վնաս է կրել Արարատի մարզի գյուղատնտեսությունը:
– Գարնանային ցրտահարության եւ երկարատեւ անձրեւների հետեւանքով մարզում ունեցել ենք մոտ 80% ծիրանի բերքի կորուստ: Դեղձի բերքը անցյալ տարվա համեմատությամբ կլինի կրկնակի պակաս: Բացի պտղից, 2009 թվականի համեմատ 2010 թվականի սպասվելիք բերքի ծավալներն ավելի բարձր են: Մարզում 2010թ. սպասվում է շուրջ 270000 տոննա բանջարեղենի բերք: Արտադրված բերքն արդեն մթերվում է Արտաշատի «Արտֆուդ» եւ Արարատի «Բորոդինո» պահածոների գործարանների կողմից՝ անսահմանափակ քանակությամբ: Ընկերությունները գումարը վճարում են տեղում:
– Ինչպե՞ս եք աշխատելու մարզի ազգաբնակչության հետ:
– Ես տեղյակ չեմ նախկին մարզպետի աշխատաոճին: Կփորձեմ ներկայացնել իմը: Արդեն իսկ տվել եմ մի քանի հարցազրույցներ տարբեր լրատվամիջոցների, որտեղ, ցավոք, գերակշռել են անձնական բնույթի հարցերը: Ողջունելի են հատկապես այն հարցադրումները, որոնք վերաբերում են ազգաբնակչության հիմնախնդիրներին, մարզպետի եւ մարզպետարանի աշխատակազմի կատարած աշխատանքներին: Յուրաքանչյուր ամսվա երկրորդ չորեքշաբթին մարզպետի ընդունելության օրն է, յուրաքանչյուր եռամսյակում կատարվելու է ընդունելություն Արարատի եւ Մասիսի տարածաշրջաններում, բացի այդ, լինում են հարցեր, որոնց դեպքերում աշխատում ենք լսել քաղաքացիներին եւ արագ լուծումներ տալ՝ հնարավորությունների սահմաններում: Ես տեղեկացրել եմ, որ իմ աշխատասենյակի դռները բաց են բոլորի առջեւ, իսկ հրատապ հարցերի դեպքում հասանելի եմ նույնիսկ ոչ աշխատանքային օրերին:
– Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանը մամուլում հայտարարություն էր արել, թե ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն է իր «ոտքի տակը քանդել» եւ ձեզ մարզպետ նշանակել: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունները:
– Ես մարզպետ նշանակվել եմ կառավարության որոշմամբ, մնացած մեկնաբանությունները, կարծում եմ, ավելորդ են: