Միայն արե՞ւն է մեղավոր, որ Նոյեմբերյանում ջուր չկա
տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում ամեն տարի հուլիս-սեպտեմբեր ամիսներին խմելու ջրի սուր պակաս է լինում: Նոյեմբերյանցիների «աչքը ջուր է կտրում» ջրին սպասելիս: Հիմա քաղաքի բազմաբնակարան շենքերին ջուր է տրվում 3 կամ 5 օրը մեկ: Ջրամատակարարման ժամն էլ պետք է գուշակել. սովորաբար այն տրվում է առավոտյան 8-ին, երբեմն՝ երեկոյան 7-ին, նաեւ՝ երեկոյան 5-ին: «Հայջրմուղկոյուղու» հյուսիս-արեւմտյան մասնաճյուղի «Նոյեմբերյան» ենթատեղամասի գրասենյակը (որը, ի դեպ, հիմա նորոգվում է) Նոյեմբերյանի «Քամուտ» հեռուստաընկերության հետ նույն շենքում է, հեռուստաընկերությունը շուրջօրյա հեռարձակում ունի, եւ ընկերությունը կարող է մատակարարման ժամանակացույցի մասին բնակիչներին իրազեկել: Նոյեմբերյանը 5 տարբեր ջրագծերից (որից 3-ը՝ հիմնական) է սնուցվում, մի՞թե բոլորը ցամաքեցին: Ենթատեղամասի տնօրեն Գառնիկ Մամյանն ասում է, որ ամռան արեւն է մեղավոր, Գիժսարի ինքնահոս 56 կմ ջրագծի ակունքներում ջուրը խիստ պակասել է. «Մի քանի օր առաջ եմ սարից եկել, ուժեղ շոգերից ակունքը ցամաքել է: Սովորաբար ակունքում վայրկյանում մինչեւ 50 լիտր ջուր է լինում, հիմա 2 լիտր է»:
Անցած տարվա սեպտեմբերի 4-ին տեղեկացրել ենք, որ հոկտեմբերին գործարկվելու է Սրոցահանք-Նոյեմբերյան 5 կմ ինքնահոս ջրատարը: Գործարկվելը գործարկվել է, սակայն այն քիչ՝ վայրկյանում 1 լիտր ջուր է մատակարարում: Այս ջրագիծն ի սկզբանե նախատեսված էր որպես քաղաքը սնուցող ոչ հիմնական, օժանդակ երակ: Սովորաբար ամռան ամիսներին իրավիճակը «փրկում» է Բերդավանի ջրագիծը, որով Բերդավանի խորքային հորերի ջուրը պոմպերով հասնում է Նոյեմբերյան: Խորքային հորերի ջուրը կոշտ է, որակյալ չէ, սակայն նոյեմբերյանցիների համար «չեղած տեղից կաղամբն էլ է միրգ»:
«Հայջրմուղկոյուղու» հյուսիս-արեւմտյան մասնաճյուղի «Նոյեմբերյան» ենթատեղամասի տնօրեն Գառնիկ Մամյանը հայտնում է, որ «Շինաշխարհ» ընկերությունը Ասիական բանկի վարկով Նոյեմբերյանում, Բերդավանում, Հաղթանակում, Այրումում, Դեղձավանում մեծ ծավալի աշխատանքներ է կատարել, կառուցել ջրագծեր, ներքին ցանցի նորոգումներ արել: Այդ ծրագրով փոխվել է Նոյեմբերյան ձգվող Վարարաղբյուրի ավելի քան 1 կմ ջրագիծը, Բերդավանի պոմպակայանում 2 խորքային հորեր են փորվել, փոխվել է հորերից պոմպակայանի ջրամբար ձգվող ջրագիծը, պոմպակայանի տարածքում շինարարական աշխատանքներ են կատարվել: Սակայն առայժմ Բերդավանի պոմպակայանում ընդամենը մեկ պոմպ է աշխատում, որի մղած ջուրը բավարար չէ: Առաջիկայում «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն պոմպակայանին կտրամադրի 4-5 պոմպ: «Դրանց տեղադրումից հետո Նոյեմբերյան քաղաքի եւ Բերդավանի ջրամատակարարումը կտրուկ կլավանա»,- խոստանում է ենթատեղամասի տնօրենը, հավելելով, որ այդ պոմպերի տեղադրումից հետո Նոյեմբերյան քաղաքի բնակիչներն ամեն օր լիուլի ջուր կստանան: Սակայն մինչ այդ, նոյեմբերյանցիները պետք է դիմանան: Ամեն ամառ Բերդավանի պոմպակայանում պոմպերի անսարքության խնդիրներ են առաջնում: Մի՞թե չի կարելի տարվա ընթացքում պոմպերը նորոգել, որպեսզի ամռանը նույն «կոտրած տաշտակի» առաջ չկանգնեն ոչ «Հայջրմուղկոյուղի» ընկերությունը, ոչ նոյեմբերյանցիները: