Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարացրեց

Սեպտեմբեր 23,2010 00:00

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, Վանաձորի բնակիչներ Ա. Հարությունյանի ու Հ. Խոդիկյանի համար կայացրեց արդարացման դատավճիռ: Հարությունյանն ու Խոդիկյանը մեղադրվում էին ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պատրաստելու եւ պահելու մեջ:
Նախաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքում Ա. Հարությունյանն ու Հ. Խոդիկյանը պաշտպանի ծառայություններից չեն օգտվել,  իրենց  լիովին մեղավոր էին ճանաչել, տվել  խոստովանական ցուցմունքներ: «Ըստ ամբաստանյալների՝ ոստիկանությունում իրենց համոզել են, որ եթե  չընդունեն, որ երկուսով են պատրաստել թմրամիջոցը, մեկի վրա  կդնեն իրացման հոդված, որը ազատազրկման 3 տարի է նախատեսում, մյուսի վրա էլ նույն հոդվածը. ասել են՝ որպեսզի մեկդ խիստ չպատժվեք, ընդունեք, որ դուք երկուսով միասին եք պատրաստել»,- տեղեկացրեց Ա. Հարությունյանի պաշտպան Ռ. Հակոբյանը, ով դատաքննության փուլում էր ստանձնել Հարությունյանի պաշտպանությունը: Ամբաստանյալներից մեկը դատաքննության փուլում նաեւ ցուցմունք է տվել այն մասին, որ իրեն ասել են՝ ընդամենը տուգանքի հոդված է, ոչ մի վտանգ չկա, այդ պատճառով էլ, խուսափելով ավելորդ քաշքշուկից՝ ընդունել է «մեղքը»:
Հանրային պաշտպան Ռ. Հակոբյանը վստահ է, որ ապացույցների ձեռքբերման ողջ ընթացքը իրականացվել էր բազմաթիվ կոպիտ խախտումներով. «Հետաքննական մարմնի աշխատակիցը մինչեւ քրեական գործ հարուցելը կատարել էր բնակարանի զննում, ինչի իրավունքը չուներ: Բնակարանի զննություն կատարելիս էապես խախտվել է այդ գործողության դատավարական կարգը, ինչպես նաեւ արդյունքները ամրապնդելիս չեն պահպանվել օրենքի պահանջները. մասնավորապես, ամբաստանյալների եւ  ոստիկանների կողմից զննմանը մասնակցելուն հրավիրված կենսաթոշակառու ընթերակաների դատաքննական ցուցմունքներով պարզվել է, որ հետաքննական մարմինը զննումն սկսել է առանց ընթերակաների: Վերջիններս հրավիրվել են այն ժամանակ, երբ հետաքննության մարմնի 7-8 աշխատակիցներն արդեն իսկ մուտք են գործել բնակարան եւ առանց ընթերակաների մոտ 20 րոպե գտնվել են տնակի ներսում: Բացի այդ՝ ընթերականերին չեն պարզաբանվել նրանց իրավունքներն ու պարտականությունները: Ամբաստանյալներին էլ չի պարզաբանվել ՀՀ սահմանադրության 22-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված՝ նրանց «լռելու» իրավունքը, չի ապահովվել հանցանքի կատարման մեջ կասկածվող անձանց՝ իրենց վերաբերյալ չվկայելու, փաստաբան հրավիրելու իրավունքը»:
Ըստ պաշտպանի՝ խախտումներ են արձանագրվել նաեւ տոքսիկաքիմիական փորձաքննության ընթացքում:
Հաշվի առնելով այս եւ մյուս փաստերը՝ դատավոր Ն. Հովակիմյանը կայացրեց արդարացման դատավճիռ: «Կան դատավորներ, որոնց համար նրանց կենդանության օրոք հուշարձան պիտի կանգնեցնել»,- Ն. Հովակիմյանի մասին իր կարծիքն արտահայտեց պաշտպան Ռ. Հակոբյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել