Այլոց առողջության հաշվին ոմանք վերանորոգված շոգեբաղնիքում կզվարճանան
«Ղեկավարվելով ՀՀ սահմանադրությամբ եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 202, 273 հոդվածներով ամրագրված սեփականատիրոջ իմ իրավունքից, ս/թ սեպտեմբերի 6-ից հետո շարունակելու եմ իմ շենքի վրա կիսատ շինարարական աշխատանքը՝ հասցնելով իր տրամաբանական ավարտին: Աշխատանքի ընթացքում հնարավոր է, որ փոքր շառավիղով օդում տարածվի փոշի: Եթե ունեք սարքավորումներ, որոնց աշխատանքի վրա փոշին կարող է ազդել, ձեռնարկեք միջոցներ (օդազտիչ, թաց շոր եւ այլն)՝ դրանց անվտանգությունը ապահովելու համար»: Բարեկրթության բոլոր չափանիշներին համապատասխանող այս գրությունն իր տրամաբանական ժամկետում անհատ ձեռներեց Արշակ Ստեփանյանը փոխանցել է իր հարեւաններին՝ «Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոն» ՍՊԸ-ի ղեկավարներին: Այս հուզիչ նախաբանը գուցե շարժի նաեւ օրինապահության, օրինապաշտության, քաղաքակիրթ հարաբերությունների մասին միայն ճառել սիրողների նախանձը, եթե այս նամակը ոչ թե հաջորդեր, այլ նախորդեր այն զավեշտալի իրավիճակին, որում հայտնվել էին «Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնի» աշխատակիցներն ու այցելուները: Մոսկովյան 15 հասցեում «բնակվող» այս բարեկիրթ հարեւանները, պարզվում է, արդեն մի քանի ամիս վիճաբանության մեջ են: Վեճն իրավապահների քննության առարկա է, կարծում ենք՝ արդար լուծում կստանա:
Անհատ ձեռներեց Ստեփանյանը, ում պատկանում է «Ակվարիում» շոգեբաղնիքը, առանց նախազգուշացնելու՝ արտաքին հարդարման աշխատանքներ է սկսել, ինչի արդյունքում մեծ վնաս է հասցրել բուժհիմնարկին: Բուժհաստատության պատուհանները բացվում են բակի կողմ, որտեղ էլ շոգեբաղնիքն է: Ի դեպ, շոգեբաղնիք կոչվածը ժամանակին փակվել է՝ բակի բնակիչների բազմաթիվ բողոքներից հետո: Որոշ ժամանակ անց այն կրկին սկսել է գործել՝ միայն «օբյեկտի» տիրոջը եւ պատկան մարմիններին հայտնի հանգամանքների բերումով: Շոգեբաղնիքը գտնվում է բնակելի շենքերի հարեւանությամբ: Բնակիչները «Առավոտի» հետ զրույցում պատմեցին, որ իրականում դա մարմնավաճառների հավաքատեղի է, ինչը բոլորի զայրույթն է հարուցում, քանի որ երեկոյան ժամերին իրենք ոչ միայն չեն կարողանում բակում ազատ տեղաշարժվել, այլեւ անգամ երեխաներին բակ իջնել չեն թողնում: Իսկ գիշերային գինարբուքներն ու ծեծկռտուքներն այս բակում արդեն սովորական առօրյա են:
Շոգեբաղնիքի արտաքին հարդարման շինարարության փոշին վնասել է բուժհաստատության թվային ռենտգեն ապարատը, անդիոգրաֆը, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆը (յամեր), Գերմանիայից ներկրված Human ֆիրմայի բազմաթիվ նորագույն լաբորատոր սարքավորումներ, լազերային վիրաբուժության մի շարք սարքավորումներ, որոնցից շատերը միակն են Հայաստանում: «Բարեկիրթ» հարեւանը շինարարական աշխատանքները դադարեցրել է միայն չորրորդ զգուշացումից հետո: Բացի այն, որ այս սարքավորումների վերանորոգման համար լրացուցիչ եւ բավականին մեծ գումարներ են ծախսվել, խախտվել է նաեւ հիվանդների սպասարկման գրաֆիկը, ինչն ավելի մեծ տհաճություններ է պատճառել բուժանձնակազմին: Այն պահին, երբ «Առավոտի» թղթակիցը բուժհիմնարկում փորձում էր ծանոթանալ եղելությանը, «հետաձգված» այցելուներից մեկը բարձրաձայն դժգոհում էր: Հետաքրքիրն այն է, որ դժգոհության պատճառը ոչ թե իրեն բաժին հասած անհարմարությունն էր, այլ դրա համատեքստում՝ մեր պետությունում տիրող անօրինականությունը, «բեսպրեդելը», լկտիությունը: «Մեկը քնից զարթնի՝ որոշի էլիտար դպրոց սարքել ու բոլորին իրար խառնի, մյուսը սովորական դպրոցի հերն անիծի, մի հաստավիզ հարսանիք կանի, իր հաճույքին սալյուտ խփի՝ կրակը չորս կողմը բռնի, մարդիկ էլ ընկնեն կրակը, մյուսը աջ ու ձախ մտածի իր աշխատողներին մենակ շահագործելու ու գռփելու, իր փորը լցնելու մասին, մեկն իրա քեֆին «բարդակ» բացի, չգիտես ինչերով զբաղվեն՝ մենք տուժենք…»,- տիկին Մարիետայի այս ցանկը թերեւս ավելի մեծ լիներ, եթե կողքից նրան չընդհատեին՝ վրդովմունքը հանդարտեցնելու համար: Բայց չհամաձայնել տիկնոջ հետ՝ դժվար է. անտարբերությունն ու քաղաքացուն բոլոր պատեհ ու անպատեհ առիթներով անհարմարություններ պատճառելը, անգամ նվաստացնելը, ցավոք, դարձել է մերօրյա իշխանիկների ամենասիրելի զվարճանքի տեսակը:
Հ. Գ. Շոգեբաղնիքի սեփականատեր Արշակ Ստեփանյանի պարզաբանումները լսելու պատիվը չունեցանք: Մեր այցելության ժամերին «օբյեկտը» փակ էր: Անպատասխան մնացին նաեւ մեր հեռախոսազանգերը: