Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ԽՈՍՔՆ ԱՂԱՎԱՂՎԵ՞Լ Է

Սեպտեմբեր 23,2010 00:00

«Առավոտի» «Պաշտոնյան գործել է ընկերականով» (11.09.2010) հրապարակումով անդրադարձել էինք «Շիրակ կենտրոն» հ/կ-ի այն հաղորդագրությանը, որտեղ Գյումրու Մուշ-2 թաղամասի նորակառույց շինությունների վերաբերյալ իր կարծիքն էր արտահայտել քաղաքաշինության նախարարության աշխատակից Արտաշես Սարգսյանը: Հիշեցնենք, որ Ա. Սարգսյանը «ԳԱԼԱ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր՝ «Ավելի շատ ընկերական ենք վարվում, պաշտոնական չենք արձանագրություններ կազմում, ներկայացնում նախարարին, ուղղակի աշխատում ենք խորհրդի կարգով զրուցել»:
«Առավոտը» քաղաքաշինության նախարարությանը խնդրել էր մեկնաբանել՝ արդյո՞ք պետական պաշտոնյան իրավունք ուներ ընկերական մոտեցումներով խնդիրներ լուծել: Նախարարությունն արձագանքեց մեր հրապարակմանը եւ տվեց հետեւյալ պարզաբանումը. «Բնականաբար, պետական պաշտոնյան իրավասու չէր նման խնդիրներին ընկերական մոտենալ»: Իսկ Ա. Սարգսյանի՝ նախարարությանը տված գրավոր բացատրագիրն այդ առնչությամբ հետեւյալն է՝ «Ինչ վերաբերում է «ԳԱԼԱ» հեռուստաընկերության տեսանյութին, նա միշտ աչքի է ընկել սխալ տեղեկատվությամբ, տեսանյութը մոնտաժված է եւ աղավաղված: Կրճատված է այն մասը, որտեղ ասել եմ՝ բնակիչների 50%-ից ավելին չեն բնակվում իրենց բնակարաններում, այդ իսկ պատճառով, շինարարները հնարավորություն չունեն վերացնելու թերությունները»:
Նշենք, որ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի հանրության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունն այս առնչությամբ «Առավոտին» ասել էր. «Տվյալ պաշտոնյայի ասածների վերաբերյալ որեւէ պատկերացում չունենք, թե ինչի մասին է խոսքը, եւ «ԳԱԼԱ» հեռուստաընկերությանը տված տվյալ հարցազրույցում նրա բոլոր ասածները անհեթեթություն են»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել