Կենտրոնում գործող գիշերային ակումբը բնակիչներին օր ու արեւ չի տալիս
Աբովյան 39 հասցեի բնակիչներն արդեն 10 տարի զրկված են սեփական տներում հանգիստ քնելու իրավունքից: Պատճառը 5 հարկանի շենքի նկուղային հարկում գործող «Զեւս» կարաոկե-բարում՝ հատկապես գիշերային ժամերին հնչող բարձր երաժշտությունը, աղմուկը, հաճախակի դարձած կռիվներն ու հաշվեհարդարներն են: Նշենք, որ այդ գիշերային ակումբը մոտ է գտնվում Ազգային գրադարանին, Բժշկական համալսարանին եւ այլ ուսումնական հաստատությունների:
Բնակիչները խնդիրը լուծելու ակնկալիքով տարիներ ի վեր դիմումներ են ուղարկում Երեւանի քաղաքապետին, Կենտրոն համայնքի ղեկավարին, ՀՀ վարչապետին ու նախագահին: Ի պատասխան բազմաթիվ բողոքների՝ առողջապահության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության մասնագետները եկել, աղմուկի մակարդակի չափումներ են կատարել, որոնց արդյունքում, սակայն, պարզել են, որ «Զեւսի» գործունեության ընթացքում առաջացած աղմուկը չի գերազանցում սանիտարական նորմերով եւ կանոններով սահմանված թույլատրելի սահմանը: Օրերս այդ հասցեի բնակիչները դիմել էին նաեւ «Առավոտին»: «Բոլորս սթրեսի մեջ ենք, գիշերը, եթե բախտներս բերում է, քնում ենք, բայց մեկ էլ այնպիսի ձայներ են լսվում, որ զարթնելով, քեզ թվում է՝ դժոխք ես ընկել»,- նյարդայնացած ասում էր 70-ամյա Մարիաննա Հարությունյանը, որն այժմ միայն դեղահաբերի օգնությամբ է կարողանում քնել: Բնակիչները, սակայն, վստահեցնում էին, որ այդ չափումներն արվում են այնպիսի ժամերի, երբ ներքեւում երաժշտությունն անջատված է լինում: «Հենց որ մենք մի նամակ ենք գրում, առաջինն այդ օբյեկտի տերերն են իմանում այդ մասին: Չափումներն անում են այն ժամանակ, երբ որ ձայն չկա, հենց գնում են՝ ուղիղ 5 րոպե հետո նորից սկսվում է: Երբ որ եկել են, ուզել եմ իջնել ասել, որ անեն այն, ինչ որ միշտ անում են, բայց արգելեցին, թե չեմ կարող ուժ գործադրել, որ ձայնը բարձրացնեն»,- ասաց Մ. Հարությունյանը ու հավելեց, որ այլեւս ոչ մի ելք չունենալով՝ իրենք են գիշերվա ժամերին զանգում օբյեկտ կամ անձամբ գնում-խնդրում, որպեսզի գոնե երաժշտության ձայնը իջեցնեն, բայց մեր զրուցակցի պատմելով՝ ակումբում գտնվողներն այնպիսի վիճակում են, որ նույնիսկ լսելու ունակ չեն: ՀՀ ոստիկանությանը դիմելիս բնակիչները նման պատասխան են ստացել. «Ինչ է, չգիտե՞ք, որ իրենք տերեր ունեն, մենք ի՞նչ կարող ենք անել»: Կենտրոնի թաղապետարանում բնակիչների ընդունելության ժամանակ առեւտրի եւ սպասարկումների բաժնից էլ արձագանքել են. «Օբյեկտն աշխատում է, մեզ գումար է վճարում»: Բնակիչներին այժմ, բացի աղմուկից, նաեւ մեկ այլ հանգամանք է մտահոգում: «Զեւսի» տնօրինությունը, իրենց խոսքով՝ շուրջ 3 ամիս է՝ օբյեկտն ընդլայնելու աշխատանքներ է իրականացնում, ինչը, բնակիչների կարծիքով, անօրինական է եւ չկա համապատասխան թույլտվություն: Նրանք պնդում էին, որ շինարարությունը վտանգավոր է դարձրել իրենց շենքում ապրելը, քանի որ թուլացել է հիմքը եւ ամեն րոպե կարող է փլվել: Այս ամենից զատ, գիշերային ժամերին այս տարածքում հաճախակի հրդեհ է բռնկվում: «Առավոտը» ականատես եղավ նաեւ, թե ինչպիսի աղբանոցի է վերածվել շենքի տարածքը այդ շինարարության արդյունքում: «Ամեն տեղ արծարծվում է, որ գիշերային ակումբների խնդիրը պետք է լուծվի, հարցը պառլամենտում է: Բայց այս օբյեկտը ընդլայնվում է»,- նշեց մեկ այլ բնակիչ՝ Ռուզաննա Պալյանը: 70-ամյա Մ. Հարությունյանը միայն մի բան է ուզում՝ իր տան մեջ հանգիստ քնել. «Բայց ամեն փոփոխությունից հետո վիճակն ավելի է վատանում, մի բան ենք խնդրում, ոչինչ մի արեք: Միայն մի չափիչ սարք դրեք, որ աշխատողները դրանից ավելի չբարձրացնեն»: «Զեւսի» տնօրեն Վիգեն Շահբազյանը բնակիչների բողոքներին ի պատասխան՝ «Առավոտին» նման պարզաբանում տվեց. «Բողոքողները հավանաբար հիվանդ, ներվային մարդիկ են, կարող է ձայն չլինի, բայց իրենք բողոքեն: Կարող է չեն ուզում աշխատենք, մտածում են. ո՞նց կլինի՝ հարեւանը լավ է ապրում…»:
Տնօրենը գտնում է, որ ինքը շատ լավ գործ է անում, որովհետեւ 40 հոգու աշխատավարձ է տալիս եւ հարկ վճարում, դրա համար էլ այդքան մեծ թվով հաճախորդներ ունի: Բարձր երաժշտության եւ աղմուկի «մասով» էլ նա փոխանցեց. «Սանէպիդկայանից բերեցինք, չափեցին, աղմուկը չի գերազանցում սահմանված 30 դեցիբելը»: Բնակիչների պնդումներին, թե չափումներն այնպիսի ժամերի են արվում, որ երաժշտության ձայնն անջատված է լինում, նա արձագանքեց. «Թող նենց բողոքեն, որ միամիտ գան»: Շինարարության եւ դրա՝ անօրինական լինելու մասին էլ տնօրենն ասաց. «Մենք ընդամենը ռեմոնտ ենք անում, չենք ընդլայնում: Բողոքողների պատճառով ենք քանդել: Ունեմ կադաստրի համապատասխան վկայական ու կարող եմ ապացուցել, որ ամեն ինչ օրինական է: Քաղաքապետարանից, թաղապետարանից ստիպեցին, որ օբյեկտը փակենք, դրա համար ամեն նոր մեթոդ օգտագործում ենք, որ ձայնամեկուսացումը ավելի լավ լինի»: