Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՅՐԵՐԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՆ

Սեպտեմբեր 23,2010 00:00

Եռաբլուր մուտքը Սերժ Սարգսյանից առաջ արգելվում է.
մարդիկ ոտքի տակ կընկնեն

\"\"
Եռաբլուրի այս կենտրոնական մուտքը շարքային քաղաքացիների
համար բաց է միայն «ջիպավորների» այցելությունից հետո:

\"\"
Զոհվածի հիվանդ մորը՝ տիկին Լյուբային արդեն երկու տարի ստիպում են հետնամուտքով գնալ որդու գերեզման՝ նկարահանումներին չխանգարելու համար:

\"\"
Քարինտակում զոհված Նորայրի ծնողները 18 տարի սգում են
ու որդու երազած անկախությունը չեն տեսնում:

Ամեն տարի Անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն այցելում են Եռաբլուր, ծաղկեպսակներ ու մեխակներ են դնում, ելույթ ունենում ու գնում: Այս տարի էլ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ մի շարք այլ պաշտոնյաներ, գնդապետ-փոխգնդապետներ իրենց «ջիպային» ողջ շքախմբով այցելեցին, ծաղիկները «հանձնեցին» ու գնացին: Թեեւ նրանց այցելությունն ընդամենը մի քանի րոպե տեւեց, բայց Եռաբլուրում վաղ առավոտից ամեն ինչ արվում էր, որ հանկարծ նրանց «ջիպերի» մուտքը որեւէ մեքենա չփակի, «անկապ այցելուներ» ոտքի տակ չընկնեն, մի խոսքով՝ որ ամեն ինչ անցնի բարձր մակարդակով: Մինչեւ պաշտոնյաների ժամանելը՝ մուտքը գերեզմաններ արգելված էր, նույնիսկ զոհվածների հարազատներին թույլ չէին տալիս Ս. Սարգսյանից առաջ մտնել ու իրենց ազատամարտիկի գերեզմանին մոտենալ: Երբ վերջապես հյուրերն այցելեցին ու կատարելով իրենց պարտականությունները՝ հեռացան, նոր սեւազգեստ մայրերին թողեցին հանգիստ մոտենալ գերեզմաններին ու սգալ:
Ողջ Եռաբլուրում լսվում էր Քարինտակում զոհված Առուշանյան Կարենի մոր՝ Լյուբա Հարությունյանի լացը: Նա ծեծում էր ծնկներն ու ասում՝ «ձեր անկախությունը ձեզ լինի, մերը սուգն է, ձերը՝ պաշտոնները»: «Առավոտի» հետ զրույցում զոհվածի մայրը պատմում էր, որ այս տարի շատ գոհ են, որ իրենց թույլ են տվել պաշտոնյաների հետ նույն մուտքով մտնել Եռաբլուր. «Թե՛ անցյալ, թե՛ նախանցյալ տարի ոստիկանները չէին թողնում, որ կենտրոնական մուտքով մտնենք, ստիպված եմ եղել ձեռնափայտով, ոտքս քաշեքաշ տալով կիլոմետրեր քայլել, որ ետնամուտքով հասնեմ տղուս գերեզմանին: Ինձ ասում էին՝ մորքուր ջան, կանգնեք, հեսա պսակները կբերեն, կնկարենք՝ նոր: Ես ասեցի՝ իմ բալեն էնտեղ ինձ ա սպասում, ինձ ձեր նկարահանումները չեն հետաքրքրում, ինչ կորցնելու էի՝ արդեն կորցրել եմ: Էդ երիտասարդը խնդրեց, որ ինքը ընդամենը հրաման է կատարում, որ իր վրա խոսակցություն չբերեմ: Իրանց ծաղկեպսակները ձեւականություններ են, որոնք նկարելու համար են: Արդեն 18 տարի է անցել, գոնե մեր նկատմամբ մի փոքր հարգանք լիներ՝ դա էլ չկա: Ուր գնացի՝ մերժվեցի, էս ա անկախությունը: Ես ծնկի կոտրվածք ունեմ, աղերի կուտակում, երակների խցանում: Ոչ մի բուժօգնություն ցույց չտվեցին, միլիոն հատ թուղթ եմ հանել, նախարարությունից ուղեգիր են տալիս՝ Միքայելյան, հանրապետական, ոչ մի հիվանդանոց չի սպասարկում, ասում են՝ 3000 դոլար է պետք, էստեղ լավ վիրահատություն չենք էլ կարող անել, պետք է գնաս Ամերիկա: Բայց ես ո՞նց գնամ, իմ Ամերիկան ստեղ ա՝ Եռաբլուրում»: Լյուբայի որդին՝ Կարենը, շարժման առաջին իսկ օրերից կամավոր է մեկնել. «Երբ ընկել էի ոտքերը, խնդրում էի, որ չգնար, ասում էի՝ երեխեքդ փոքր են՝ ասում էր՝ ինչ ա, մտնեմ փեշիդ տա՞կ: Հիմա հասկանում եմ, որ էս կարգի անկախության համար չարժեր էդ արյունը: Մի հատ շքանշան Ստեփանակերտում տվեցին, մի հատ էլ էստեղ, բայց ո՞ւմ են պետք էդ երկու կտոր երկաթը, դա ոչ իմ ոտքն է լավացնում, ոչ էլ իր երեխաներին է կերակրում: Բալես 4 երեխա ուներ, մեծը՝ 7 տարեկան, փոքրը՝ 7 ամսական»: Քարինտակում են զոհվել նաեւ Կարենի ընկերները՝ Անուշավանն ու Նորայրը: Լյուբա Հարությունյանի խոսքերով՝ «3 ընկերով գնացին, կռվեցին, հիմա Եռաբլուրում երեքն էլ իրար կողքի շարված են՝ ջահել տղերք: Ոչ մեկի ընտանիքին չեն օգնում»:
Անկախության օրը Նորայր Մանասարյանի ծնողները նույնպես այցելել էին գերեզմաններ: «Իմ թաք զավակն էր Նորոն: 27 տարեկան էր, երբ զոհվեց Քարինտակում: 18 տարի է՝ ողբում եմ, հետ չեմ դարձնում իմ բալին: Հիմա նայում եմ Նորայրիս թախծոտ աչքերին ու մտածում՝ հասա՞ր քո նպատակին, է՞ս էր քո երազած անկախությունը: Նա անհիշատակ գնաց՝ մեզ թողնելով էս թաց վերքը, որ ոչ մի մեդալով չի լավանում: Ամուսնուս հետ ապրում ենք երկուսով՝ մեր ծերության թոշակով, առանձնապես մեր դուռը չեն բացում՝ չեն օգնում, բայց եթե օգնեին էլ՝ դա արդեն էական չէր լինի»,-ասում էր զոհվածի մայրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել