ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկան սեպտեմբերի 15-ին Մոսկվայում ստորագրել են ՀՀ եւ ՌԴ գլխավոր դատախազությունների միջեւ 2010-2011 թվականների ընթացքում համագործակցության մասին ծրագիրը:
Ի կատարումն ՀՀ եւ ՌԴ գլխավոր դատախազությունների միջեւ 2009-2010 թթ. ընթացքում համագործակցության հիմնական ուղղությունների մասին 2009 թվականի փետրվարի 13-ին ստորագրված Հուշագրի՝ կողմերը պայմանավորվել են 2010-2011թթ. եւս կազմակերպել «կլոր սեղաններ»՝ քննարկելու երկուստեք հետաքրքրություններ ներկայացնող մի շարք հարցեր: Մասնավորապես, «կլոր սեղաններ» կկազմակերպվեն՝ նվիրված ահաբեկչության, անդրազգային կազմակերպված հանցավորության, զենքի, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարում իրավապահ մարմինների գործունեության համակարգման գործում դատախազության դերին, պետական շահերի պաշտպանության ոլորտում դատախազական հսկողությանը, մարդու եւ քաղաքացու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության բնագավառում դատախազությունների գործունեությանը, հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների հայտնաբերման, առգրավման, բաժանման եւ բռնագրավման ոլորտում դատախազությունների համագործակցությանը, կուսումնասիրվի կոռուպցիայի դեմ ԱՄԿ կոնվենցիայի եւ ԳՐԵԿՈ-ի հանձնարարականների իրականացման հարցում դատախազությունների փորձը: Նկատենք, որ 2009 թվականին ստորագրված համագործակցության մասին հուշագրից հետո, երկու երկրների գլխավոր դատախազները պայմանավորվել էին պարբերաբար կազմակերպել քննարկումներ՝ դատախազական գործառույթներին վերաբերող տարբեր հարցերի շուրջ համագործակցությունն առավել առարկայական դարձնելու համար: Այս տարվա համար նախատեսված «կլոր սեղանը» տեղի կունենա Մոսկվայում, հոկտեմբերին եւ կվերաբերի անդրազգային հանցագործությունների դեմ պայքարի առանձնահատկություններին, խնդիրներին:
Երկու երկրների դատախազությունների միջեւ համագործակցությունը զարգացնելու գործում ունեցած զգալի ներդրման համար, ՌԴ գլխավոր դատախազի հրամանով, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Արմեն Նիկողոսյանը պարգեւատրվել է հուշանվեր-ժամացույցով, իսկ ՀՀ գլխավոր դատախազի հրամանով՝ ՌԴ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության գլխավոր վարչության պետ Սահակ Կարապետյանին շնորհվել է ՀՀ դատախազության պատվավոր աշխատողի կոչում: Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է նաեւ սեպտեմբերի 15-ին տեղի ունեցած ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի հերթական նիստին: