Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրացրել են

Սեպտեմբեր 23,2010 00:00

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել պետական միջոցներով կատարված շինարարական աշխատանքներում հայտնաբերված չարաշահումների համար տարբեր ընկերությունների ղեկավարներին առաջադրված մեղադրանքները:

Յուրացրել են 13 մլն դրամ
Ամիսներ առաջ դատախազությունը հարուցել էր քրեական գործ՝  Լոռու մարզի Սարչապետ համայնքի ջրարբիացման համակարգի վերականգնման աշխատանքներում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ:
Մասնավորապես պարզվել էր, որ «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի եւ «Մոնտաժտրանսշին» ՍՊ ընկերության միջեւ 2008թ. մարտի 31-ին ստորագրված պայմանագրի հիման վրա վերջինս ստանձնել է Լոռու մարզի Սարչապետ գյուղի ջրարբիացման համակարգի վերականգնման աշխատանքների իրականացումը:
Քրեական գործով նախաքննությունն իրականացվել է Լոռու մարզի իրավապահների կողմից, որի արդյունքում հիմնավորվել է, որ շինարարական աշխատանքներն իրականացվել են  ԻՖԱԴ միջազգային ծրագրի շրջանակներում՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ֆինանսավորմամբ: Ընթացքում «Մոնտաժտրանսշին» ՍՊԸ տնօրեն Գրիգոր Սեդրակյանը, անհիմն փոփոխելով շինարարական նախագիծը ու շինարարական աշխատանքներն իրականացնելով նախկինում օգտագործված շինանյութերով, իրեն վստահված պետական գույքից յուրացման եղանակով հափշտակել է 13 միլիոն դրամ առանձնապես խոշոր չափերի գումար: Արդյունքում սահմանված ժամկետում  ու որակով՝  աշխատանքներն ավարտին չի հասցրել: Նախաքննական մարմինը Գ. Սեդրակյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ հսկողություն իրականացնող Լոռու մարզի դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունն ու գործը ուղարկել դատարան: Մեղադրյալը նախաքննության փուլում ամբողջովին վերականգնել է պետությանը պատճառված վնասը, իսկ դատարանն էլ կայացրել է մեղադրական դատավճիռ:

Հսկիչն ու տնօրենը
2008-2009թթ. Լոռու մարզի «Հ. Պողոսյան» ՍՊ ընկերության տնօրեն Հովհաննես Պողոսյանը ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվերով «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի միջոցով կազմակերպված մրցույթի արդյունքում պարտավորվել է պետական բյուջեի 45.900.000 դրամ նախահաշվային գումարով իրականացնել Լոռու մարզի Լեռնահովիտ համայնքի մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքները: Սակայն այդ  ընթացքում կազմել է իրականում կատարված աշխատանքների ծավալները գերազանցող ու փաստացի չկատարած աշխատանքների վերաբերյալ կեղծ կատարողական ակտեր, ապա աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող «Ճանշիննախագիծ ինստիտուտ» ՍՊ ընկերության տեխ. հսկիչ Ա. Չերքեզյանի կողմից հաստատելուց հետո դրանք ներկայացրել վճարման, որոնց հիման վրա ստացած նշված ամբողջ գումարից Հ. Պողոսյանը յուրացման եղանակով հափշտակել է 1.291.600 դրամ խոշոր չափի գումար:  Ձեռք բերված ապացույցների հիման վրա  Հ. Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ  Ա. Չերքեզյանին՝ 315-րդ հոդվածի առաջին մասով: Նախաքննության փուլում ամբողջությամբ վերականգնվել է պետությանը պատճառված վնասը, այդուհանդերձ դատախազությունը քրեական գործն ուղարկել է դատարան, որն էլ հիմնավորված է համարել առաջադրված մեղադրանքները՝ կայացնելով մեղադրական դատավճիռ:

Չարաշահումներ՝ դպրոցի հիմնանորոգման աշխատանքներում
2009թ.-ին Վանաձորի «Ֆիրմա Առ-Շին» ՍՊ ընկերությունը, ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվերով, «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի միջոցով հայտարարված մրցույթում հաղթող ճանաչվելով, պարտավորվել է  42.705.800 դրամ նախահաշվային գումարով իրականացնել  Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի դպրոցի հիմնանորոգման աշխատանքները: Ընկերության տնօրեն  Կարեն Գեւորգյանը աշխատանքների իրականացման ընթացքում  կազմել է իրականում կատարված աշխատանքների ծավալները գերազանցող ու փաստացի չկատարած աշխատանքների վերաբերյալ կեղծ կատարողական ակտեր, ապա աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող «Արստակ-իմպեքս» ՍՊ ընկերության տնօրեն Ս. Բադալյանի կողմից հաստատելուց հետո դրանք ներկայացրել վճարման, որոնց հիման վրա ստացած նշված ամբողջ գումարից Կ. Գեւորգյանը յուրացման եղանակով հափշտակել է 1.380.735 դրամ խոշոր չափի գումար:
Դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազի կողմից հարուցված քրեական գործով նախաքննությունն իրականացրել է ոստիկանության քննչական բաժինը եւ ձեռք բերված ապացույցների հիման վրա Կ. Գեւորգյանին մեղադրանք առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Ս. Բաբայանին՝ 315 հոդվածի 1-ին մասով: Պետությանը պատճառված վնասը վերականգնվել է, իսկ դատարանն էլ հիմնավորված համարել առաջադրված մեղադրանքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել