ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության առաջին կարգի մասնագետ Ալեքսան Շահբազյանը մեղադրվում է խուլիգանության եւ ոստիկանին վնասվածք պատճառելու համար: Հատուկ քննչական ծառայությունը նրան մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով:
2010 թ. օգոստոսի 13-ին Ալեքսան Շահբազյանը ճաշել է ընկերների՝ Խաչիկ Հովհաննիսյանի եւ Արսեն Ղարիբջանյանի հետ եւ երեքով խմել շուրջ 1 լիտր օղի: Ժամը 19-ի սահմաններում հարբած վիճակում գտնվող Ալեքսան Շահբազյանը, ընկերներին տուն տանելու նպատակով, վարել է Արսեն Ղարիբջանյանին պատկանող «Հոնդա» մակնիշի 19 ՏՏ 656 պետհամարանիշի ավտոմեքենան՝ ենթադրելով, որ հարբած ավտոմեքենա վարելու համար ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն իրեն չեն տուգանի՝ նկատի ունենալով իր զբաղեցրած պաշտոնը: Գուցեեւ Շահբազյանի լավատեսությունն արդարացված էր, բայց ոչ լրիվությամբ…
Ընթանալով Երեւանի Արշակունյաց պողոտայով՝ թիվ 36 շենքի դիմաց Ալեքսան Շահբազյանի վարած ավտոմեքենան բախվել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի ոստիկան Էդգար Առաքելյանի վարած եւ իրեն ամրակցված պարեկային՝ «Շկոդա» մակնիշի 328 ՈՍ 02 պետհամարանիշի ավտոմեքենային: Ըստ մեղադրական եզրակացության՝ Ա. Շահբազյանը ցուցաբերելով անհանդուրժողականություն, դուրս է եկել ավտոմեքենայից եւ ագրեսիվ վարքագիծ դրսեւորելով՝ բռունցքով հարվածել է Էդգար Առաքելյանի ծնոտին, որի հետեւանքով կոտրվել է վերջինիս արհեստական ատամը: Ոստիկանը հուզվել է եւ անմիջապես հաղորդում ներկայացրել հանցագործության մասին՝ ընդդեմ Ալեքսան Շահբազյանի, համեստորեն լռելով վերջինիս «անհանդուրժողականության» պատճառների մասին: Մինչդեռ՝ նրա մերձավորների պնդմամբ, Ա. Շահբազյանին հունից հանել է երիտասարդ ավտոտեսուչի սանձարձակ պահվածքը, ինչը դրսեւորվել է հայհոյանքների տեսքով: Այլ խոսքով՝ մեքենաների բախվելուց հետո ոստիկանը սկսել է հայհոյել, ինչին հաջորդել է մաքսավորի «հայրական» ապտակը: Արդյունքում՝ կոտրված արհեստական ատամ եւ հարուցված քրեական գործ:
«Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի ոստիկաններ Ռոման Մարտիրոսյանը եւ Նվեր Մուրադյանը վիճաբանությունը կանխելու նպատակով փորձել են կարգի հրավիրել Ալեքսան Շահբազյանին, սակայն վերջինս դիմադրել է նաեւ նրանց՝ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով բազմաթիվ անցորդների եւ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, շուրջ 10 րոպե տեւողությամբ հայհոյանքներ է տվել ու հարվածներ հասցրել նաեւ Ռոման Մարտիրոսյանին եւ Նվեր Մուրադյանին:
Չկարողանալով կանխել բռնությամբ զուգորդված խուլիգանությունը՝ Էդգար Առաքելյանը ռադիոկապով օգնություն է խնդրել, եւ միայն դեպքի վայր ժամանած ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ոստիկաններ Արսեն Մխոյանի եւ Արտակ Ավետիսյանի միջամտությամբ իրավախախտում կատարած Ալեքսան Շահբազյանին բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ՝ վարչական շենքի առաջին հարկի միջանցքում, Ալեքսան Շահբազյանը, չենթարկվելով անձը պարզելու եւ դեպքի կապակցությամբ անհրաժեշտ պարզաբանումներ ստանալու նպատակով ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ոստիկան Արսեն Մխոյանի օրինական պահանջին, ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել նրա նկատմամբ՝ հարվածելով վերջինիս դեմքին:
Դատաբժշկական փորձագետների գնահատմամբ՝ Ալեքսան Շահբազյանի հարվածների հետեւանքով Էդգար Առաքելյանի առողջությանը պատճառվել է թեթեւ վնաս՝ կարճատեւ քայքայումով, որն արտահայտվել է ձախ վերին ծնոտի 2-րդ ատամի կոտրվածքով՝ արմատի մակարդակով, ստորին շրթունքի լորձաթաղանթի արյունազեղմամբ, ձախ բազկի շրջանի քերծվածքով: Իսկ Ռոման Մարտիրոսյանին պատճառված վնասվածքը՝ աջ այտի արյունազեղման ձեւով, առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չի պարունակում, իսկ Նվեր Մուրադյանի եւ Արսեն Մխոյանի մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել:
Վերը նկարագրված գործողությունների համար Ա. Շահբազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ եւ 316-րդ հոդվածի 1-ին մասերով: Իսկ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը եւ գործը ուղարկել Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար: